Երբ ՀՀ ժողովրդի ծառաները կերուխում են անում, սոցիալական հեռավորությունը պարտադիր չէ

Երեկ տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Ներկա էին զանազան պաշտոնատար անձինք Հայաստանից: Այսքանը սովորական լուրերի շարքից: Սակայն, թեպետ կարելի էր սպասել, որ արտակարգ դրության պայմաններում արարողությունը այդքանով կավարտվի, այն շարունակվեց կերուխումով: Լուսանկարները անմիջապես ողողեցին համացանցը և տիրաժավորվեցին տպագիր մամուլում:

Լուսանկարների վրա տեսնում ենք Փաշինյանին, նրա կնոջը, Արարատ Միրզոյանին տիկնոջ հետ, հետին պլանում՝ Ալեն Սիմոնյանին և մի շարք այլ մարդկանց: Ոմանք կասեն, թե հա ի՞նչ անենք, մարդիկ հավաքվել են նշելու: Կարելի էր մտածել, որ դա մի սովորական կերուխում էր, մենք հայ ենք, սիրում ենք կարևոր իրադարձությունները նշել սեղանի շուրջ: Քավ լիցի, այսօր իրավիճակ է փոխվել, թե Հայաստանում և թե Արցախում արտակարգ դրություն է: Երկու հայկական պետություններում արգելված են ժամանցային, տոնական և այլ մասայական միջոցառումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, մարդիկ պետք է պարտադիր կրեն դիմակներ և ձեռնոցներ: Այստեղ կարելի է հակադարձել՝ ասելով, թե կերուխումը փակ տարածքում չէր, ուղղակի ծածկի տակ էր: Այո, բայց մենք տեսնում ենք, որ մասնակիցները ոչ միայն չեն կրում դիմակներ և ձեռնոցներ, այլ նաև չեն պահպանում սոցիալական հեռավորությունը: Փակ տարածքներում կարելի է դիմակ չկրել, բայց ձեռնոցը պարզունակ ապահովության միջոց է, իսկ սոցիալական հեռավորությունը՝ պարտադիր պայման:

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ ամբիոնից պատգամավորներից մեկի հարցին պատասխանելով՝ ՀՀ Պարետը կոնկրետ նշեց, որ հանրային սննդի օբյեկտներում մեկ սեղանի շուրջ 5 հոգուց ավել մարդ հավաքվելն արգելվում է: Չի թույլատրվում նաև իրականացնել մասսայական հոգեհանգստի արարողություններ, արգելված են պիկետներ, նույնիսկ փողոցներում կարելի է հավաքվել ոչ ավել, քան 5 հոգանոց խմբերով: Եվ այդ ամենը միայն և միայն քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար և համավարակի տարածումը կանխելու համար:

Այս ամենի ֆոնին հիշեցնենք, որ Երևանում նախօրեին բերման էին ենթարկել մի շարք քաղաքական ակտիվիստների «սոցիալական հեռավորություն չպահպանելու» պատճառաբանությամբ: Այստեղ առաջանում է օրինաչափ հարց՝ ինչու՞ են լուսանկարների վրա պատկերված ՀՀ ժողովրդի ծառաները բառացիորեն միմյանց կպած կանգնած, առանց դիմակների և առանց ձեռնոցների: Թե՞ նախօրեին Փաշինյանի կողմից հնչեցված աշխարհացունց հայտարարությունը իրավիճակի ծայրահեղ լուրջ լինելու մասին պարզապես օդը ցնցելու հերթական դրվագ էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ միգուցե ժողովրդի ծառաները երկու տարիների ընթացքում արդեն ընտելացե՞լ են այն մտքին, որ օրենքները իրենց համար չեն, այլ միայն պարզ մահկանացուների համար են:

Ամփոփենք. այսօր Հայաստանում գործում է արտակարգ դրություն, մարդիկ պարտադրված են կրել դիմակներ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորություն, արգելված են մասսայական միջոցառումներ, այդ թվում՝ պիկետներ և հանրահավաքներ, ինչը, ըստ օրվա իշխանության՝ միայն քաղաքացիների շահերից է բխում: Բայց նույն իշխանության ներկայացուցիչներն իրենց նեղություն չեն տալիս պահպանել նույն սոցիալական հեռավորությունը և մասայական միջոցառման են մասնակցում:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով