Սերժ Սարգսյանը իրավիճակ փոխեց

Սերժ Սարգսյանի լայնածավալ ասուլիսը իշխանական և մերձիշխանական օղակներում փոթորիկ բարձրացրեց: Թեպետ նախապես հայտարարված էր, որ ասուլիս է լինելու, օրվա իշխանությունը և նրա շահերն ու քմահաճույքները սպասարկող արբանյակները հավանաբար չկարողացան հաղթահարել իրենց մեջ արդեն արմատավորված բարդույթը և լուրջ չընդունեցին հայտարարությունը: Ասուլիսն արդեն մանրամասնորեն վերլուծվել է համացանցում և մամուլում, ուստի մենք չենք անդրադառնա հնչեցված հարցերին և պատասխաններին:

Փոխարենը կանդրադառնանք այն քաղաքական հայտին, որը ըստ էության ներկայացրել է ՀՀ 3-րդ նախագահը: Ասուլիսը նվիրված էր 2016 թվականի ապրիլյան պատերազմին, սակայն փաստացի այն առաջին քայլն էր միայն: Հասկանալի է, որ սա լինելու է ասուլիսների շարք, որի ավարտին ոչ մի անպատասխան հարց չի մնալու: Կարելի է վստահ ասել, որ այս ասուլիսների շարքը միտված է նաև օրվա իշխանության մղձավանջների և կպչուն մտքերի առարկա դարձած ՀՀԿ-ի գործունեությունը ավելի լայնորեն լուսաբանելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարիներ շարունակ իրականացվել է լրջագույն աշխատանք, որի մասին սակայն ներքին լսարանը շատ քիչ է իմացել, քանի որ չի եղել ինքնագովազդվելու օրակարգ: Փոխարենը ընդդիմադիր ուժերը օգտվելով այդ իմաստով ստղծված տեղեկատվական վակումից՝ այն լցնում էին ապատեղեկատվությամբ, ստերով և կեղծիքներով՝ ձևավորելով թյուր կարծիք ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մասին: Սա ամենևին չի նշանակում, որ սխալներ չեն եղել: Ոչ, աշխարհում չկա մի երկիր, որ ունենա անթերի իշխանություն: Սակայն Հայաստանն ունի իր սպեցիֆիկան և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ընդդիմադիր դաշտը ցավոք իրեն չի ծանրաբեռնել բարոյական նորմերին հետևելու անհրաժեշտությամբ և առիթ չի բաց թողել իր հանրությանը մոլորեցնելու համար:

2018թ. իշխանազավթումից հետո սա Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն էր: Դեռ մեկ օր է անցել, բայց հանրային տիրույթում քննարկումների բազմազանությունն ու կառուցվածքը թույլ են տալիս մտածել, որ ասուլիսից հետո արտախորհրդարանային ընդդիմության առաջնորդության հարցը կարող է այսպիսով փակված լինել: Այսօր, երբ արդեն վաղուց ակնհայտ է, որ 2018 թվականին Հայաստանում ոչ թե հեղափոխություն է իրականացվել, այլ իշխանազավթում, երբ օրվա իշխանությունն ամբողջովին տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ապազգային գործունեություն է ծավալում կրթության և մշակույթի ոլորտներում, տապալման է տանում Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները, խիստ վատացրել է հարաբերությունները բոլոր ռազմավարական դաշնակիցների հետ, անհերքելի է փոփոխությունների անհրաժեշտությունը:

Այս իմաստով չի բացառվում, որ ինքնամաքրված կազմով, իր առաքելությունը վերաիմաստավորած, անցյալի թերացումներն ու սխալներն ընդունած ՀՀԿ-ն հայտ ներկայացնի առաջնորդել արտախորհրդարանական ընդդիմությունը: Նույնիսկ հաշվի առնելով, որ այդ դաշտում ներկայացված են տարբեր առաքելություններ և օրակարգեր ունեցող ուժեր՝ ամենևին բացառված չէ, որ եթե ձևակերպվի համապատասխան ազգային գաղափար և օրակարգ, այդ ուժերը միավորվեն մեկ առաջնորդի շուրջ՝ միաժամանակ պահպանելով սեփական օրակարգը և ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ ՀՀ 3-րդ Նախագահի առաջին հարցազրույցը բովանդակային էր և իմաստալից: Սա այն է, ինչը 2018-ից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե բացակայում է: Մնում է ամփոփել և փաստել, որ Հայաստանը հետզհետե դուրս է գալիս պոպուլիզմի շատ կարճ տևած ժամանակաշրջանից և վերադառնում է «Realpolitik»-ի ուղեծիր:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով