Ուղիղ եթերի անպատասխանատուները

Երկրի ղեկավարին ծաղրելն, ինչ խոսք, անթույլատրելի է: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, բոլորովին ծիծաղելու բան չէ: Այսօր կանդրադառնանք նրան, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, որ մեր հայրենիքի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հայտնվեց այսպիսի իրավիճակում:

Այս իրողությունը խոսում է այն մասին, որ վարչապետի անմիջական շրջապատում բացակայում են պրոֆեսիոնալները: Սա հատկապես ցայտուն է երևում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հրապարակած բոցաշունչ ստատուսի ֆոնին, որում նա բոլորին մեղավոր նշանակեց, բայց ոչ մի բառ չգրեց այն մասին, որ  ինքը թերացել է: Սա զարմանալի չէ, քանի որ այսպիսի դիրքորոշումը բնորոշ է օրվա իշխանությանը՝ մեղադրել բոլորին և երբեք չընդունել սեփական սխալները: Լավ է դեռ, որ այս անգամ առիթ չունեցան նախկիններին մեղադրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելորդ չի լինի նշել, որ վարչապետի ուղիղ եթերը շատ բարդ գործընթաց է: Բարդ է իրականացման առումով, քանի որ պահանջում է լուրջ պլանավորում և վերահսկողություն: Այս կապակցությամբ օրինաչափ է հարցնել,իսկ որտե՞ղ էր վարչապետի մամուլի քարտուղարը այդ պահին, ինչո՞ւ նախապես  մանրամասն չէր  պլանավորել ուղիղ եթերի ամեն վայրկյանը, որպեսզի անսպասելիորեն, օրինակ, կադրի մեջ չսկսեին հնչել հրապարակի ժամացույցի զանգերը: Ինչո՞ւ ևս մեկ անգամ չի կազմակերպել բրիֆինգ, որպեսզի բոլոր պատասխանատուները հստակ իմանային իրենց անելիքները և այլն: Ցավոք, այս իրավիճակը նույնքան օրինաչափ է, որքան վերը տրված հարցերը:

Օսկանյանի նախկին օգնականը ինչպե՞ս կարող է համակարգել մամուլ և լրատվություն վարչապետի աշխատակազմում:

Սա աննախադեպ խայտառակություն է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլև վարչապետի ինստիտուտի համար, որը ինքը Փաշինյանը պաշտոնին հայտնվելու պահից սկզբունքորեն անլրջացնում է որքան հնարավոր է: Այս ամենը վարչապետի կողմից կառավարություն բերած ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ կադրերի պատճառով է:

Ի՞նչ պրոֆեսիոնալիզմի մասին կարող է խոսք լինել,եթե ունենք կրթության նախարար, որը կարող է մտահոգ ծնողին պատասխանել, «տիկին, եթե չեք կարող առցանց գրանցվել, ուրեմն թող ձեր երեխան դպրոց չգնա այս տարի», ունենք առողջապահության նախարար, որի կողմից արտաբերած վիրավորանքները ամբողջ ազգի հասցեին թվարկելն ավելորդ է, ունենք քաղավիացիայի ծառայության փախուստի դիմած պետ, որի ապիկարության պատճառով մեր հայրենիքին հասցված վնասը դեռ մինչև վերջ չենք կարողանում գնահատել, ունենք էկոնոմիկայի նախարար, որը քաղաքացիներին առաջարկում է թանկացած ոսպի ու հնդկաձավարի համար փոխարինիչներ գտնել, ունենք սոցապ նախարար, որն անամոթաբար պնդում է, որ ինքը Հայաստանի առաջին կին նախարարն է … Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այս մարդիկ ստանում են աստղաբաշխական աշխատավարձեր և պարգևավճարներ՝ հիմնավորելով դա նրանով, որ պրոֆեսիոնալները պետք է լավ վարձատրվեն, որպեսզի չգնան մասնավոր սեկտոր: Ավելին, այս մարդիկ դեռ բողոքում են, որ իրենք բավականաչափ չեն վարձատրվում:

Անկեղծորեն, դժվար է պատկերացնել, որ այսպիսի դիլետանտներին իր մոտ աշխատանքի վերցնի որևէ լուրջ մասնավոր ընկերություն, այնպես որ այդ հեքիաթները հանրությանը մի պատմեք: Ձեր միակ հույսը պետական բյուջեն է, այլապես դուք ստիպված կլինեք վերադառնալ այնտեղ, որտեղից ձեզ գտել, բերել ու մեր վզին է նստացրել վարչապետի պաշտոնում հայտնված պոպուլիստ դիլետանտը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով