Եթե փետրվարի 25-ը նոկդաուն էր օրվա իշխանության համար, ապա Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցը՝ նոկաուտ

Երեկ երեկոյան պաշտոնական լուր տարածվեց այն մասին, որ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո ինչպիսի փոթորիկ բարձրացավ: Մի քանի րոպե համացանցը շոկի մեջ էր, և տիրում էր անդորր փոթորկից առաջ: Ապա միմյանց տեղ չտալով զանազան հեղափոխական շմոլքի տակ մնացած մերժիստներ սկսեցին աղմուկ բարձրացնել: Բոլորիս հայտնի է, որ քրեական գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ուստի Հայաստանը լքելու օրինականության հարցը ամենաշատն էր հետաքրքրում բոլորին: Ցանկացած ողջամիտ և սթափ դատող մարդու համար ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում անօրինական եղանակով չէր լքի Հայաստանը, քանզի նա միշտ գործում է միայն օրենքի սահմաններում: Սակայն կա որոշակի զանգված, որը դեռ չի թոթափել իր ուսերից հեղափոխական կեղծ լոզունգները և որն անմիջապես սկսեց անհեթեթություններ հրապարակել: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի դեմ անհեթեթ քրեական գործը և դրանից բխող Հայաստանի տարածքը չլքելու ստորագրության խափանման միջոցը նախաձեռնվել են անմիջապես զագրեբյան ելույթից հետո, որն այնպիսի հուժկու հարված հասցրեց ՀՀ օրվա իշխանությանը, որ մինչ օրս դեռ զգալի են այդ հարվածի հետևանքները: Նպատակը մեկն էր՝ բացառել Սերժ Սարգսյանի հնարավոր հետագա միջազգային հանդիպումներն ու ելույթները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում ամեն ինչ շատ պարզ էր, և տեղեկատվությունը չուշացավ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածեց հայտարարություն այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով թույլտվություն է ստացել` սույն թվականի մարտի 4-ից մարտի 7-ը ժամանակահատվածում բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Բրյուսելում Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրով նախատեսված էին մի շարք կարևոր հանդիպումներ: Կարծես թե ամեն ինչ շատ հստակ բացատրված է, սակայն դարձյալ գտնվեցին տաք գլուխներ, որոնց համար զարմանալի էր, որ ՀՀ 3-րդ նախագահը, կամ իրենց լեզվով՝ մերժվածը, կարող է աշխատանքային այցով որևէ տեղ մեկնել: Հատուկ այդպիսի մարդկանց համար նշենք, Սերժ Սարգսյանը, ինչպես և, օրինակ, ԱՄՆ պաշտոնաթող նախագահներ Բուշ կրտսերը, Բարակ Օբաման և մի շարք այլ երկրների պաշտոնաթող նախագահներ, ակտիվ գործունեություն են ծավալում և հաճախակի բարձր մակարդակի հանդիպումներ են ունենում տարբեր գործիչների հետ: Սերժ Սարգսյանը պաշտողաթող լինելով հանդերձ, աշխատում է հօգուտ Հայաստանի, ինչը չի կարելի պնդել գործող Կառավարության և ԱԺ-ի բազմաթիվ բարձր պաշտոնյաների մասին: Ավելորդ է նաև հիշեցնել, թե ո՞վ է Դոնալդ Տուսկը: Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո Տուսկի մասին իմացան նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբեք իր մասին լսած չեն եղել: Այո, Դոնալդ Տուսկը այսօր Եվրոպական քաղաքականության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է: Ուշագրավ է, որ Բրյուսել մեկնելու և Դոնալդ Տուսկի հետ հանդիպելու մասին դեռ ոչ մի արձագանք չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, մինչդեռ սովորական կլիներ, եթե նա ուղիղ եթեր մտներ և սկսեր ասֆալտին փռելու սպառնալիքներ հնչեցնել: Ավելին, դեռ ոչ ոգու աշխատանքից չեն հեռացրել Սերժ Սարգսյանին Հայաստանից բացակայելու թույլատվություն տալու պատճառով: Սրան կա երկու բացատրություն՝ 1. Համակարգում դեռ կան մասնագետներ, որոնք այնուամենայնիվ չեն վախենում հեղափոխական տեռորից և շարունակում են պատշաճ կերպով կատարել իրենց գործը 2. Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Սերժ Սարգսյանի դեմ նախաձեռնված այս անհեթեթ քրեական գործը սպիտակ թելով է կարված և, ըստ էության, արդեն փլված է:

Նույնիսկ Սերժ Սարգսյանին տապալված տեսնելու Փաշինյանի անզուսպ ցանկությունը չի կարող հրաշքներ գործել և ոչինչից սարքել հիմնավորված մեղադրանքով քրեական գործ: Իսկ կախարդական փայտիկ, ինչպես որ արդեն բոլորս գիտենք, Փաշինյանը չունի և երբեք էլ չի ունեցել: Ուստի, կարող ենք արձանագրել, որ նույնիսկ հեղափոխական հիպնոսի ազդեցության տակ մնացած ամբոխի կողմից «մերժված» լինելու և իշխանական քարոզչամեքենայի կողմից ակտիվ տարվող Character assassination (կերպարի ոչնչացում) ոճի էժանագին պրոպագանդայի պարագայում Սերժ Սարգսյանը շարունակում է պահպանել իր հեղինակությունը և հանդիսանում այնպիսի մեծություն միջազգային քաղաքական արենայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարողանալու դառնալ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով