Ֆերմերների արդարացի դժգոհությունը կամ ո՞Վ պիտի պատասխան տա այս ամենի համար

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են կազմակերպում մսավաճառներն ու անասնաբույծները: Առաջին հայացքից կարելի է մտածել, թե խնդիրը արհեստականորեն է ուրճացվում: Հնչեցվեցին նույնիսկ անհեթեթ մեղադրանքներ, թե իբր ԳՈՒՄ-ի շուկայի տերերն են մսավաճառներին ոտքի հանել հակահեղափոխական ուժերի պատվերով:

Մեր իրականությունը, ցավոք, արդեն ընտելացրել է մեզ այդ կարգի անհիմն, բայց լավ փիառ ապահովող լալահառաչ տեքստերի: Ուստի մենք որոշեցինք ավելի խորքային ուսումնասիրել այս խնդիրը՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ է կատարվում: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսին ընդունված կառավարության որոշումն այն մասին, որ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ (չարաբաստիկ 5-րդ ձևը), ինչը անվտանգության երաշխիք է։ Այս մեկ ու կես տարիների ընթացքում Կառավարությունը պետք է ապահովեր Հայաստանի տարածքում նոր սպանդանոցների կառուցումն ու հների վերազինումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանի այս պահին Հայաստանում գործում են 24 սպանդանոցներ: Միջինում յուրաքանչյուրը կարող է օրական իրականացնել 15-20 գլուխ անասունի մորթ: Ըստ ֆերմերների, որոնց կարծիքը հաշվի չի առնվել այս ծրագիրը նկարելու ժամանակ, 24 սպանդանոցը խիստ անբավարար է հանրապետության վաճառակետերում բավարար քանակի մսի սահուն մատակարարման համար: Բայց ահա պարոն Ավետիսյանը, որն ի դեպ ֆերմերների կողմից տրվող գրեթե բոլոր հարցերին պատասխանում է, որ դա իր տեսչության գործառույթը չէ, պնդում է, որ իրենց մասնագետները գնահատել են և համարում են, որ բավարար է: Հասկանալի է, որ տաք գրասենյակներում նստած և պարգևավճարները վայելով իրենց մասնագետները տվյալներ են վերցնում վիճակագրական ամփոփագրերից և կազմում են իրենց զեկույցները, որտեղ արտացոլված են լոկ թվեր: Այդ թվերի հիման վրա կազմվում են գեղեցիկ ծրագրեր այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մսամթերքի շուկան Հայաստանում: Հավատում ենք, որ դրանք շատ լավ ծրագրեր են, բայց միայն թղթի վրա: Այսօր արդեն փոքր վաճառակետերում կա մսի մատակարարման խնդիր, քանի որ սպանդանոցներում առաջացած հերթերի և բողոքի ակցիաների պատճառով բավարար քանակի միս չի մատակարարվում:

Սակայն, այ քեզ հրաշք, մեծ սուպերմարկետներում մսի պակաս չկա: Այս մասով եզրակացությունները թողնում ենք ձեզ: Անասնաբույծները և մսավաճառները, ի դեպ, դեմ չեն սպանդանոցներին: Եվ սննդի անվտանգության տեսչության ղեկավարի այն փաստարկը, թե 1.5 տարի էր տրված պատրաստվելու համար, առնվազն տարակուսելի է, քանի որ սպանդանոցներ կառուցելը անասնաբույծների և մսավաճառների գործը չէ: Այո, իրենք նույնպես կարող էին նախաձեռնել սպանդանոցային կետերի կառուցումը, սակայն դա կապված է լուրջ ներդրումների հետ: Նույն ինքը Գեորգի Ավետիսյանը նշել է, որ օրական 5 գլուխ հզորությամբ մոդուլային սպանդանոցը արժե 30-40 հազար ԱՄՆ դոլար: Ակնհայտ է, որ հայաստանում քիչ կան այնպիսի ֆերմերներ, ովքեր կկարողանան իրենց վրա այդքան ծախսի բեռը վերցնեն: Թողունակությունն էլ այնքան քիչ է, որ ծախսը լավագույն դեպքում 5 տարի հետո հնարավոր կլինի ետ բերել, էլ չենք խոսում եկամուտ ստանալու մասին:

Այսինքն, ինչ է ստացվում: Սպանդանոցների կառուցման խնդիրը պիտի լուծեր Կառավարությունը: Թե ինչպե՞ս՝ դա բոլորովին ֆերմերների խնդիրը չէ: Սակայն Կառավարությունը, հավանաբար պարգևավճարների բաշխմամբ զբաղված լինելով՝ իրեն նեղություն չի տվել մտահոգվելու այն հարցով, թե մոտեցող վերջնաժամկետի լրանալուց հետո ինչպես պիտի աշխատեն ֆերմերները: Այսօր արդարացի դժգոհություն հայտնող ֆերմերներին դեմ են տվել սննդի անվտանգության տեսչության ղեկավարին, որը ըստ էության չի կարող լուծել խնդիրը և հայտնվել է շատ վատ դրության մեջ: Նա կարող է միայն ասել, թե պարտավոր է միայն ապահովել սպառողների սննդային անվտանգությունը: Ինչի համար է այս մարդը խոսում բողոքողների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՈՒղարկեք այնպիսի մարդ, ում գործառույթների մեջ է մտնում սպանդանոցների բավարար քանակ ապահովելը և որը ըստ էության թերացել է իր գործի մեջ: Կառավարությունը, պահանջները խստացնելու պարագայում, պետք է իրեն նեղություն տար և մի պահ ուշադրությունը պարգևավճարներից և ստատուսներ գրելուց տեղափոխեր իրականություն: Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, եթե լիներ իրապես հայրենական Կառավարություն, ջանք ու եռանդ չեր խնայի սպանդանոցներ կառուցելու համար ներդրումներ ապահովելու համար: Իսկ եթե դա չհաջողվեր, ապա Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, եթե իրապես լիներ ժողովրդական Կառավարություն, պարգևավճարներ շռայլելու փոխարեն կկառուցեր սպանդանոցներ և կգհանձներ մասնավորին: Թե ինչպիսի՞ ձևաչափով՝ դա տեխնիկական հարց է: 2019 թվականին միայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կազմել են 11.8 միլիոն դոլար։

Եթե 5 գլուխ թողունակություն ունեցող սպանդանոցը արժէ 40 000 ԱՄՆ դոլար, ապա ՊԵԿ-ին տրամադրված պարգևավճարների գումարի կեսի չափով հնարավոր է կառուցել ևս 22 սպանդանոց: Սա էապես կթեթևացներ վիճակը և այսօր ֆերմերները իրենց գործը թողած չէին դուրս գա փողոց արդարություն պահանջելու: Այս կապակցությամբ պետք է հիասթափոցնենք ֆերմերներին:

Դուք պետք էիք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին միայն 2018 թվականի իշխանազավթումը կազմակերպելու համար: Այսօր նա նույնիսկ չի ցանկանում լսել ձեզ: Նույնիսկ մի բանիմաց մասնագետ չի ուղարկում ձեր խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում տալու համար:

Ձեր բողոքը արդարացի է, բայց ոչ Կառավարության տեսանկյունից: Կառավարությունը աշխատում է պարգևավճարներ բաժանելու համար, այլ ոչ թե իր իսկ անգործության պատճառով ծագած խնդիրները լուծելու համար: Գնացեք տներով:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով