Քաղաքաշինության կոմիտեն Արագածոտնի մարզում ներկայացրել է համայնքների համար մշակված քաղաքաշինական փաստաթղթերը

 

Քաղաքաշինության կոմիտեն մարզային այցերի շրջանակում հանրային հերթական լսումը կազմակերպել է Արագածոտնի մարզում՝ ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Կոմիտեի համակարգմամբ ձևավորված աշխատանքային խմբի հետ հանդիպմանը ներկա են եղել համայնքների ղեկավարները և մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից բաղկացած փաստաթղթերը, որոնք ներառում են տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծեր: Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը մշակվել են համայնքների կարիքների գնահատման արդյունքում՝ նպաստելու յուրաքանչյուրի ներուժի բացահայտմանն ու զարգացմանը. «Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը և խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը: Հնարավոր կլինի ձևավորել տեղաբնակների և այցելուների համար գրավիչ, անվտանգ և արդյունավետ քաղաքաշինական միջավայր»: Նունե Պետրոսյանը հայտնել է, որ իրականացվել են ինժեներաերկրաբանական հետազոտություններ, որոնց արդյունքներով յուրաքանչյուր համայնքում առանձնացվել են կառուցապատման համար առավել բարենպաստ տարածքները:

Քննարկման ժամանակ ներկայացվել են նախագծի շրջանակում առաջադրված ներդրումային գրավչությունները, մասնավորապես՝ Արագած լեռան շուրջ լեռնադահուկային առողջավայրերի տեղաբաշխման, էքստրեմալ զբոսաշրջության ենթակառուցվածքի և աճի նոր բևեռների ձևավորման հնարավորությունները։ Կարևոր տեղ է հատկացվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը և հուշարձանների պահպանությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով