Հայաստանին պոկում են Մոսկվայից

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս նորությունն աննկատ մնաց լրահոսում, սակայն մենք այսօր կանդրադառնանք այդ օրենքի ուժի մեջ մտնելու հետևանքներն ու կփորձենք հասկանալ, թե որն է այս օրենքն այսքան շուտափույտ ձևով ընդունելու նպատակը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախագահի աշխատակազմի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

Սկսենք նրանից, որ տարօրինակ է կարդալ այն մասին, որ իբրև թե օրենքը քննարկվել է շահագրգիռ անձանց հետ: Հիշեցնենք, որ օրենքը սահմանափակում է օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հայկական հանրային մուլտիպլեքսում:
Արձանագրենք նաև, որ ՀՀ քաղաքացիների, հատկապես թոշակառուների զգալի մասը դիտում է ռուսական ալիքներ:

Սակայն մենք այսքան ժամանակ չենք լսել, որ օրինակ թոշակառուների շրջանում կազմակերպվեն որևէ քննարկումներ: Առհասարակ նոր Հայաստանում, հատկապես արտակարգ դրության ռեժիմի ներքո ոչ մի օրենք չի դառնում հանրային քննարկման առարկա: ԱԺ-ն արագացված կերպով դակում է օրենքներ, իսկ նախագահը նույն արագացված կերպով ստորագում է՝ բացառությամբ բանկային գաղտնիքի մասին օրենքի և ՍԴ-ի հետ կապված վերջին օրենքի: Ընդ որում, վերջինի պարագայում դա ոչինչ չփոխեց, քանի որ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը մեծ պատրաստակամությամբ ստորագրեց այն նախագահի փոխարեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդը՝ ինչպե՞ս կարող է օրինակ Կուլտուրա ալիքի հեռարձակման սահմանափակումը ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը և երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը: Այս ամենը ողջամիտ մարդկանց մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում:

Օրենքի ջատագովներն անում են, որ օտարերկրյա տեսալսողական ծրագրերը կարող են առանց արտոնագրի վերահեռարձակվել հանրային մուլտիպլեքսում բացառապես միջպետական պայմանագրի հիման վրա: Բացի դրանից, ավանդական ռուսական ալիքները և այլ օտարերկրյա ալիքները հնարավոր կլինի դիտել վճարովի արբանյակային կամ ինտերնետային հեռուստատեսության շրջանակներում:

Հասկանալի է, որ թոշակառուների ճնշող մեծամասնությունը չի կարողանալու գնել այդ վճարովի ծառայությունը և կզրկվի սիրելի հեռուստաալիքները դիտելու հնարավորությունից:
Այս հարցի մեխը սակայն ամենևին հեռուստաալիքների աուդիտորիան չէ:
Այս օրենքի հիմնական թիրախը ռուսական ալիքներն են և դրանց հեռարձակման սահմանափակմամբ Ռուսաստանի իշխանությանը որոշակի մեսիջ ուղարկելն է:

Նոր Հայաստանի իշխանությունն այնքան է մեծամտացել, որ հասկանալով հեռուստատեսության քարոզչական պոտենցիալը՝ համարում է, որ այսպիսի գործողություններով կչեզոքացնի ռուսաստանյան ազդեցությունը Հայաստանի քաղաքացիների վրա:
Քանի որ օրվա իշխանությունը առավելապես բաղկացած է քաղաքական զրո փորձ ունեցողներից, կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ իրենք ուղղակի չեն կարողանում երկու քայլից այն կողմ հաշվարկել սեփական քայլերն ու դրանք հետևանքները:
Ամենաակնառու հետևանքները երկուսն են՝ հանրային դժգոհությունը և Ռուսաստանի արձագանքը: Սակայն այստեղ կլինեն նաև այլ հետևանքներ:
Մասնավորապես, Հայաստանը կզրկվի տուրիստական սեկտորի վրա ուղղակիորեն դրական ազդեցություն ունեցող մշակութային և գիտական հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունից: Կասկած չկա, որ եթե Հայաստանում չեն հեռարձակվելու ռուսական ալիքները, ապա նույն ալիքների ղեկավարությունը ոչ մի ձևով չի աջակցելու Հայաստանի վարկանիշը բարձրացնող հաղորդումների ցուցադրմանը: Հնարավոր է, որ այդ հարցը հնարավոր լինի լուծել վճարովի հիմունքներով, բայց ո՞վ պետք է վճարի դիլետանտների իշխանության քմահաճույքով առաջացած խնդիրների համար:

Ռուսական ալիքներով ցույց էր տրվում հայկական գովազդ, և հաշվի առնելով այդ ալիքների աուդիտորիան, դա բավականին լուրջ գործիք էր տեղական բիզնեսի համար:
Այսպիսի հետևանքների մի ամբողջ շարք կա, որը հավանաբար մերոնց մտքով անգամ չի անցել, իսկ եթե անցել է և այդուհանդերձ այս օրենքը ընդունվել է ԱԺ-ում և ստորագրվել է նախագահի կողմից, ապա…

Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Ամփոփենք՝ Հայաստանը նպատակաուղղված վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ընդ որում՝ բոլոր ճակատներում: Շատ քիչ է մնացել, որպեսզի հատենք այն կետը, որից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու:

Այսօր յուրաքանչյուրս պետք է մեկ հարց տա ինքն իրեն՝ արդյո՞ք Հայաստանին սա պետք է: Արդյո՞ք Հայաստանը որպես պետություն արժանի չէ ավելի լավ իշխանության, այնպիսի իշխանության, որը իր սեփական նեղ քաղաքական և անձնական նպատակները ավելի բարձր չի դասի երկրի շահերից:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով