Այսօր վտանգը մեր դռան մոտ է

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերչիկի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ:

Կարդում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը: Այն գրեթե ոչինչ չի արտացոլում, սովորությանը համաձայն կիրառվել են դիվանագիտական ձևակերպումներ, որոնից ոչինչ հնարավոր չէ հասկանալ ըստ էության: Այդուհանդերձ, արդարության համար արձանագրենք, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը և կարևորվել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Այս վերջինը հավանաբար արվել էր արդարացնելու համար Հայաստանն ու Արցախը միացնող երրորդ ճանապարհի կառուցումը: Սակայն երբ ծանոթանում ենք համանախագահների հայտարարությանը, սկզբից տպավորություն ենք ստանում, որ ՀՀ արտգործնախարարը և Մինակի խմբի համանախագահողները տարբեր տեսակոնֆերանսների են մասնակցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ տեսակոնֆերանսից առաջ ԵԱՀԿ համանախագահների մակարդակով զրույց է տեղի ունեցել Մամեդյարովի հետ: Իսկ ռուսալեզու մամուլից տեղեկանում ենք, որ ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Մամեդյարովը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահողների հետ հանդիպման ժամանակ դարձյալ բարձրացրել է Հայաստանի ապօրինի գործունեության հարցը, այդ թվում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական բնակավայրերի կառուցումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Իսկ Հայաստանի ԱԳ նախարարի հետ համարժեք նախնական հանդիպում չի եղել:

Այսինքն, Ադրբեջանի կարծիքը հաշվի են առել, որպեսզի արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի դիրքերը ամրապնդեն: Իսկ ինչի՞ համար է պետք ամրապնդել Ադրբեջանի դիրքերը: Որովհետև Հայաստանին նպատակաուղղված տանում են դեպի համակեցության ծուղակը, որի առաջին փուլը՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելը, արդեն իրականացվում է Փաշինյանի և իր խունտայի թեթև ձեռքով: Բայց օրվա իշխանությանը բնորոշ կողմնակալությամբ հայկական երկու պետությունների հանրությանը այդպես էլ չի ներկայացվում, թե խաղաղության պատրաստվելը ինչպիսի բովանդակություն պիտի ունենա և իրականում ինչի համար է դա պետք: Մեզ չեն ասում, որ դրա հաջորդ քայլը լինելու է հայերի և ազերիների համատեղ բնակությունը որոշ շրջաններում հետագայում հանրաքվե անցկացնելու հեռանկարով: Համանապախահողների հայտարարություններից կարելի է հասկանալ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտապես կոնտակտի մեջ են միմյանց հետ: Այստեղ առաջանում է օրինաչափ հարց՝ կարո՞ղ է հետագայում իմանանք, որ Ալիևի կողմից օրերս արված հայտարարությունը այն մասին, որ Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը ամոթի պատմություն է, համաձայնեցված էր Փաշինյանի հետ: Այս հարցը առաջանում է, քանի որ այդ հայտարարությունը տարօրինակ ձևով համահունչ է Փաշինյանի և իր սազանդարների կողմից տիրաժավորվող տեքստերին: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ալիևի այդ դեմարշին առաջինը պատասխանել է Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ժամեր անց, երբ արդեն ուշ էր: Փաշինյանն առհասարակ չանդրադարձավ այդ սանձարձակ հայտարարությանը: Արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ինչպես որ հասկանում ենք, քննարկվել է նաև Հայաստանն ու Արցախը կապող երրորդ ճանապարհը:

Արձանագրենք, որ այս առումով տպավորություն կա, որ հայկական կողմը չկարողացավ պատշաճ կերպով ներկայացնել ծանրակշիռ փաստարկները, որոնք հիմնավորում են այդ ճանապարհի կառուցումը: Հիշեցնենք, որ այս հարցի կապակցությամբ նույնպես խոսել է Սերժ Սարգսյանը: ՀՀ 3-րդ նախագահը Դոնալդ Տուսկին ներկայացրել է այդ ճանապարհի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ այդպիսով կանխելով Ադրբեջանական լոբբիի ազդեցության շնորհից ձևավորվող ոչ բարենպաստ դիրքորոշումները Եվրոպական տարբեր կառույցներում: Հայկական դիվանագիտությունը ըստ էության թույլ տվեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և այդ ճանապարհի կառուցումը դրվեն մեկ հարթության վրա և դառնան համադրելի: Այդպիսով Ադրբեջանին հնարավորություն է տրվում հետագայում սեփական ռազմական գործողություններն արդարացնել այդ ճանապարհի կառուցմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստենք, որ այսօր հայկական դիվանագիտությունը, մեղմ ասած, իր բարձրության վրա չէ: Մենք զիջում ենք տարիներ շարունակ առաջ տարվող “status quo” սկզբունքի շնորհիվ հայկական երկու պետությունների համար ձեռքբերված բարենպաստ դիվանագիտական պայմանները, իսկ փոխարենը ստանում ենք ոչ թե Արցախի կարգավիճակի ճանաչում, այլ սոսկ խոստումներ: Այսօր վտանգը մեր դռան մոտ է: Ոչ մի վայրկյան չպետք է կորցնենք զգոնությունը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով