Սերժ Սարգսյանի ֆենոմենը

Այսօր  ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ով երկու տարի առաջ չտրվեց կեղծ օրակարգով և կեղծ կարգախոսներով ժողովրդին փողոց դուրս բերած ուժերի կողմից կազմակերպված սադրանքին և առանց մեկ կաթիլ արյուն թափելու հեռացավ պաշտոնից, որպեսզի հայ ժողովուրդը, որն էյֆորիկ տեղապտույտի մեջ ընկած՝ հրաժարական էր պահանջում, փորձի կառուցել «ավելի լավ Հայաստան»: Այսօր նույն հայ ժողովուրդը մեծամասամբ արդեն հասկացել է, որ ոչ մի «ավելի լավ» Հայաստան կառուցելու օրակարգ իրականում չի եղել, հեղափոխությունն իրականում իշխանազավթում էր, որն ուներ լրիվ այլ նպատակներ: Դեռ երկու տարի առաջ այս օրը պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ երկու տարի անց այս օրը դեռ գիշերվանից համացանցը կհեղեղվի շնորհավորանքներով:

Սակայն երկու տարին բավական երկար ժամանակ է, որպեսզի անցնի թունավոր էյֆորիկ տենդը և հանրությունը տեսնի բյուրեղացված ճշմարտությունը: Արցախի հերոս, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանն այնպիսի մեծության քաղաքական գործիչ է, որ իր խոսքը հրաժարականից 2 տարի անց կշիռ ունի թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթը, միջազգային բարձր հարթակներում հանդիպումները և հատկապես բոլորովին վերջերս Ալիևի ամբարտավան հայտարարություններին տված պատասխանը խիստ ոչ ադեկվատ արձագանք է առաջացրել օրվա իշխանության կողմից: Սերժ Սարգսյանն այն մարդն է, ով մշտապես և անկախ ամեն ինչից շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի: Այսօր արդեն պարզ է դառնում, որ Հայաստանը դեռ երկու տարի առաջ եղել է ավելի ժողովրդավար, քան այսօր, որ Հայաստանի ղեկավարը եղել է ուժեղ և հայրենասեր անձնավորություն, որի համար առանցքային էր մեր հայրենիքի անվտանգությունը, այլ ոչ թե անհասկանալի ծագում ունեցող զանազան հիմնադրամների կողմից անհասկանալի մեթոդաբանությամբ տրվող ժողովրդավարության աստիճանի գնահատականները: Այսօր ակնհայտ է, որ Ալիևյան կլանը սարսափած է այն մտքից, որ Սերժ Սարգսյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն և վերջ դնել ադրբեջանական կողմի այն սանձարձակություններին, որ թույլ են տրվել հեղափոխական իշխանության հանցավոր անգործության պատճառով: Այսօր Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել:

Այսօր, ի տարբերություն անցած տարվան և առավել ևս 2018 թվականին, հազարավոր քաղաքացիներ սրտանց և անկեղծ շնորհավորում են Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորանքներին միանում է նաև 4news.am խմբագրությունը: Շնորհավորում ենք ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը և մաղթում ենք քաջառողջություն և անսահման եռանդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով