Նիկոլն ու շաղգամը. Տրագիկոմեդիա

Հենց այսպիսի վերնագիր կունենար այն պիեսը, որը կարելի էր գրել երեկ Փաշինյանի կողմից էժանագին բուֆոնադայի վերածված ԱԺ նիստի մասին: Ողբերգական մասը, բացի նրանից, որ Փաշինյանը խառնել էր հայտնի ռուսական հեքիաթի բոլոր հերոսներին, այն է, որ պատգամավորի կողմից ուղղվել է ուղիղ հարց, իսկ վարչապետի պաշտոնում հայտնված դեղին մամլո հռչակավոր գրչակը դարձյալ ամեն ինչ վերածեց կրկեսի:

Հատկանշական է, որ այս արատավոր սովորությունը լրացրեց Փաշինյանի այլ բազմազան արատավոր սովորությունների շարքը բոլորովին վերջերս՝ Լավրովի հայտարարությունից հետո: Փաշինյանն այդպես էլ չարձագանքեց այդ հայտարարությանը: Դրան հետևեցին մի շարք կարևոր և աղմկահարույց հայտարարություններ և բացահայտումներ, մասնավորապես Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի կողմից, որոնք վերաբերվում էին Փաշինյանին և նրա մերձավորագույն շրջապատին, որոնց Փաշինյանը դարձյալ չարձագանքեց: Փոխարենը Հ1-ով եթեր գնաց ինչ-որ բովանդակազուրկ հաղորդում, որի պատճառով Փաշինյանը հայտնվեց էլ ավելի ծիծաղելի դրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա վերադառնանք «շաղգամի» բուն պատմությանը:

Փաշինյանը չցանկացավ ուղիղ հարցին տալ սպառիչ ուղիղ պատասխան, ինչը անմիջապես տիեզերականի կհասցներ իր վարկանիշը: Փոխարենը կատարեց կարճատև ուղևորություն դեպի «պեչենու բաղերը», հոխորտաց ինչ-որ առեղծվածային կոռուպցիոներների հասցեին, որոնք չեն սսկվում, բայց մոտ ապագայում, ըստ Փաշինյանի համոզման, կսսկվեն, որովհետև շուտով կիմանան, թե ինչ կեղտի մեջ են նրանք և իր այդ բանավոր ուղևորությունը ամփոփեց՝ շահարկելով Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի անունները և գռեհիկ ձևով խեղաթյուրելով բարի հեքիաթը:

Այստեղ կարևոր ենք համարում հատուկ Փաշինյանի համար պարզաբանել մի բան՝ այդ հեքիաթը իրականում ճիշտ կազմակերպված և արդյունավետ գործողությունների կարևորության մասին է: Բայց Փաշինյանին ծանոթ է միայն «քաշել» բառի փոխաբերական իմաստը: Հավանաբար նա դեռ չի կարողանում հաղթահարել այն բարդույթը, որն իր մոտ ձևավորվել է այն բանից հետո, երբ 2008 թվականին իրեն լավ «քաշեց» Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին իր հետ միասին հանցակից դարձնելով 2008 մարտի 1-ի դեպքերին և վճռական պահին «թռնելով», Փաշինյանին թողնելով մենակ ամբաստանյալի նստարանին:

Նշենք նաև, որ նախկինների, հատկապես Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների նկատմամբ Փաշինյանի մոտ ձևավորված կպչուն մտքերն ու վախերը արդեն այնքան են քայքայել նրա նյարդային համակարգը, որ նա հետզհետե կորցրել է սթափ դատելու ունակությունը, երբ խոսքը գնում է նրանց մասին: Այսպիսով, անպատասխան է մնում մի շատ կարևոր հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը գերադասում է խուսանավել և չհերքել իր հասցեին հնչեցվող մեղադրանքները: Դա դուրս է գալիս փաշինյանական գործելաոճի տրամաբանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ ինքն իրեն գովազդելու և վարկանիշը բարձրացնելու համար պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ հանրահավաքի բերի հերոս Աբաջյանի կեղծ պապիկին: Բայց այս դեպքում նա գերադասում է ծիծաղի առարկա դառնալ ԱԺ-ում տրագիկոմեդիա խաղալով: Ուշագրավ է, որ Փաշինյանի կատարմամբ շաղգամի մասին խեղաթյուրված հեքիաթը հրճվանք առաջացրեց դահլիճում, ենթադրաբար՝ ՔՊ-ական պատգամավորների շարքերում:

Իրականում ցավալի է, որ Փաշինյանը չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ իր մի կողմից ծիծաղելի, մյուս կողմից՝ ողբերգական վիճակը: Ծիծաղելի, քանի որ առնվազն անլրջություն է, երբ երկրի վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորության ինտելեկտի մակարդակը բավականացնում է միայն Կարգին սերիալ ցիտել, իսկ ողբերգական է, քանի որ այդ անձնավորությունը մեր հայրենիքի վարչապետն է և իր անլրջությամբ և ցածր ինտելեկտով երկիրը բերել է անդունդի եզրին, բայց համառորեն հերքում է այդ իրողությունը:

Ամփոփելով փաստենք, որ Սերժ Սարգսյանը և իր մերձավորները կարիք չունեն շաղգամի մասին հեքիաթի իմաստով քաշելու: Օրվա իշխանությունը երկու տարի է սպառնալիքներ է տիրաժավորում այն մասին, թե ինչպես են պատժվելու բոլոր նախկինները, սակայն մինչ օրս չլսեցինք ոչ մի հնչեղ քրեական գործի մասին՝ չհաշված Սերժ Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի և մի շարք այլ անձանց անունների շահարկման հետ կապված թատրոնը: Այնպես որ Փաշինյանի կողմից ներկայացված տրագիկոմեդիան թեպետ արժանացավ իր թիմակիցների անզուսպ հրճվանքի, երիցս ապացուցեց, որ ռեժիմը խուճապի մեջ է և Caporegime-ն արդեն կորցնում է ինքնատիրապետումը:

                                                                                                                             Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով