Համերաշխություն և արդարություն a la Փաշինյան

Կոմունալ համերաշխության բանաձև… Մեր հայրենիքի ոչ բարով վարչապետի մտքի թռիչքը իսկապես հզոր է: Բայց, եկեք մենք իրեն չնմանվենք և չկատարենք այնպիսի մտքի թռիչքներ, որոնց հնարավոր չէ հետևել պատճառահետևանքային կապի բացակայության պատճառով:

Սկսենք սկզբից: Վարչապետի պաշտոնում հայտնված դեղին մամուլի լրագրողը կառավարական ամառանոցի բազմոցին անշնորք կեցվածքով բազմած անհասկանալի ոգևորությամբ բարբաջում է: Հասկանալի չէ, թե ինչու է նա կարծում, որ իրավունք ունի այդ վիճակով ուղիղ եթեր դուրս գալ և դիմել իրեն իշխանության բերած և իր կողմից լայնամասշտաբ կերպով խաբված ժողովրդին: Մի կողմից, ընտրազանգվածին անարգելը արդեն սովորական բան է դարձել, բայց մյուս կողմից՝ հանրությունը արդարացիորեն հարցնում է, թե մինչև ե՞րբ է օրվա իշխանությունն իրեն անարգելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա անցնենք բովանդակությանը:

Ինքը Փաշինյանը խոստովանում է, որ նա այնքան էլ պարզ չի դատում, օրվա վերջ է և այլն: Դիմում է կնոջ օգնությանը, թե բա՝ մտքիս հետևի, եթե մի բան մոռանամ՝ ինձ հարցեր կտաս: Բա եթե հասկանում եք, որ ձեր մտքի պարզությունը հարցի տակ է, ի՞նչն է պատճառը, որ դարձյալ ուղիղ եթեր եք դուրս գալիս: Միգուցե օրվա ընթացքում կատարված զանգերի արդյունքում Փաշինյանն ի վերջո հասկացա՞վ, որ երկու տարիների ընթացքում իրեն իշխանության բերած «ժողջանի» կյանքի որակը լրջորեն վատթարացել է, որ իրականում մարդիկ շատ ավելի վատ են ապրում, քան նախկինում: Միգուցե դա՞ է պատճառը, որ վարչապետի աթոռին հայտնված դիլետանտը այնքան է կորցրել ինքնատիրապետումը, որ արտաբերում է անհեթեթություններ և անընդհատ կրկնում է, որ կառավարությունը չի կարող տեղայնացնել և նույնականացնել իրական կարիքավորներին:

Նշենք նաև, որ Փաշինյանը դարձյալ իր ռեպերտուարի մեջ հորինում է նոր բառակապակցություններ, որոնց տակ չկա բովանդակություն: Սոցիալական կոմունալ արդարություն… Կոմունալ համերաշխություն… սա, հավանաբար, աննախադեպ տնտեսական հեղափոխության շարունակությունն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա անցնենք «Կոմունալ համերաշխություն» զավեշտի բուն բովանդակությանը:

Փաշինյանն ասում է, որ կառավարությունը փաստացի բաժանորդներին փոխանցել է կոմունալների համար կուտակված պարտքերը գրեթե ամբողջությամբ, բայց բաժանորդների 30 տոկոսը դրա կարիքը չուներ: Ուստի, առաջարկում է Փաշինյանը, ցուցաբերեք սոցիալական պատասխանատվություն և ձեզ փոխանցված գումարի չափով, եթե դուք դրա կարիքը չունեք, վճարեք մեկ ուրիշի կոմունալը: Այսինքն, ավելի պարզ ասած, Փաշինյանն ասում է, որ մեզանից մի մասը՝ 30 տոկոսը, բարեկեցիկ են ու կառավարության կողմից բաժանորդային հաշիվներին փոխանցված գումարի կարիքը չունեն: Եվ իր տրամաբանությամբ՝ մենք պետք է իմանանք, թե մեր շենքում, մեր շրջապատում ո՞վ կա, որ դրա կարիքն ունի ու վճարենք այդ մարդկանց կոմունալների պարտքը: Խոսելու ընթացքում այս դարակազմիկ գաղափարը Փաշինյանին էլ ավելի հանճարեղ է թվում և նա անգամ հրահանգում է հանրությանը ավելի ակտիվ լինել, գործի գնալուց կամ հաց գնելու համար տանից դուրս գալուց վճարել որևէ մեկի կոմունալները, այնպես, որ հաջորդ երկուշաբթի-երեքշաբթի մեր երկրում այնպիսի մարդ չլինի, որի կոմունալները վճարված չլինեն:

Ի՞նչ է սա, պարոն Փաշինյան: Իսկ եթե ձեր հանճարեղ միտքը հավանության չարժանանա և հաջորդ շաբաթվա սկզբին պարզվի, որ դեռևս մնում են մարդիկ, ում կոմունալների պարտքերը չեն մարվել, ո՞ւմ եք մեղադրելու: Ձեր ընտրազանգվածի՞ն: Փաստորեն այո, հենց այդպես էլ պլանավորել եք: Եթե հանկարծ ձեր բոցաշունչ ուղիղ եթերը չհանգեցնի ձեր համար ցանկալի արդյունքի, ապա մեղավորը դարձյալ ժողովուրդն է լինելու:

Կորոնավիրուսի տարածման համար մեղավոր նշանակեցիք Էջմիածնեցի կնոջը: Կորոնավիրուսին հակազդման միջոցառումների ոչ հասցեական լինելու համար մեղավոր նշանակեցիք ինչ-որ առեղծվածային հարուստ մարդկանց, ովքեր թեպետ կարիքը չեն ունեցել, սակայն ընդունել են պետության օժանդակությունը: Հիմա էլ սա եք մտածել, որպեսզի վաղը դարձյալ հանրության որոշակի զանգվածին մեղավոր նշանակեք այն բանի համար, որ դեռ մնացել են բաժանորդներ, ում կոմունալները վճարված չեն:

Ինչ խոսք, պատասխանատվությունից ամեն գնով խուսափելու արատավոր ավանդույթը վարչապետ Փաշինյանն ու իր ապաշնորհ վարչակազմը դարձրել են բրենդ: Բա դուք, պարոն Փաշինյան, անձամբ դուք և ձեր դիլետանտների կառավարությունը ինչի՞ համար եք պատասխանատու:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով