Ազգովի կարող ենք դառնալ հացի փոխարեն տուգանք ուտող

«Մի մոռացեք, որ գարունը եկել է, ինչը նշանակում է, որ այն իր հետ բերել է իր բարիքները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փիփերթը։Կարծում եմ, այն դժվար թե գտնեք սուպերմարկետներում»,- ժպիտով ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի կեսին  կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի առաջին օրերին հրապարակած  իր «հակակորոնավիրուսային» լայվի ժամանակ: Նա նշում էր նաև այլ բանջարաբոստանային կուլտուրաների կարևորության և համեղության մասին՝ բանջար, սինդրիկ, սիբեխ, եղինջ… Երևանի շուկաներում կանաչի վաճառողներն իսկապես, որ այդ լայվից հետո բարձրացրեցին կանաչեղենի գները ու ծիծաղով հավելում էին, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, քանի որ սոցցանցային իր էջում ուղիղ եթերի ժամանակ հանրությանը խորհուրդ է տվել  անպայման փորձել այս խոտաբույսով պատրաստվող կերակրատեսակները, որոնք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։

Այսօրվա դրությամբ հնարավոր չէ, ոչ միայն գտնել այդ կանաչիները, այլև հնարավոր չէ գտնել նման շուկաներ, քանի որ շուկաները փակ են մինչև մայիսի 18-ը: Բացելուց հետո էլ դեռ հարց է, թե երբվանից կկարգավորվի այդ հաստատությունների գործունեությունը, ինչպիսին կլինեն գները և թե որքանով երկուսից երեք ամսի չափ անաշխատանք մնացած մեր քաղաքացիներին  այդ ամենը կլինի հասանելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ ու շատ ընտանիքներ  համաճարակի այս օրերին  Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից ձգտում են տեղափոխվել գյուղեր, որպեսզի կարողանան սննդամթերք հայթհայթել ավելի մատչելի եղանակներով ու գնով: Մատչելի եղանակներ, որոնցից մեկն էլ անտառներն են: Ակամայից էլի ու էլի մարդիկ սկսում են հիշել Նիկոլ Փաշինյանի լայվի խոսքերը՝ բանջար, սինդրիկ, սիբեխ, եղինջ…

Սակայն այստեղ կան մի շարք նրբություններ:

Կան մի շարք անտառային տարածքներ, որտեղ գտնվել չի՜ կարելի և կան տարածքներ, ուր չի՛ կարելի մտնել «ինքնագլուխ»՝ առանց անտառատոմսի: Համացանցերում այս օրերին տարածվում է այդ մասին հիշատակող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 72-րդ հոդվածը. որը սահմանում է՝ «ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում,որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 1000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով: Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 5000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 25 հազար դրամի չափով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տուգնանքներն այսօր սպառնում են թե՜ քաղաքացիներին, թե՜ օրվա ուտելիքը հայթհայթելու համար ճարահատյալ «ինքնագլուխ» անտառ մտնող գյուղացիներին:

Թե ինչ կգտնեն և ինչ կուտեն,դա դեռ անհայտ է, սակայն որ կուտեն «տուգանք»՝ դա հաստատ: Հայաստանում ստեղծված իրավիճակը, ավելի լավ քան երբևէ հիշեցնում է 90-ականների ցուրտ ու մութ տարիները, երբ մթերքները շատ սակավ էին և մեծամասամբ կտրոններով: Կտրոն ունենալն էլ անգամ չէր երաշխավորում գնումը: Հանրության շրջանում նոր աֆորիզմ էր ձևավորվում՝ «կարաք՝ կարագ կերեք, չէ՞ք կարա՝ չեք (կտրոն)  կերեք»:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով