Փաշինյանը արդեն սկսել է մեղադրել ժողովրդին

Այսօր Փաշինյանն առավոտյան դարձյալ ուղիղ եթեր էր դուրս եկել: Չխոսեց ոչ Լավրովի հայտարարությունից, ոչ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից տարածած լկտի կոչից, ոչ էլ Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին:

Փոխարենը վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը, ըստ ավանդույթի խոսեց այն հարցի շուրջ, որը,  իր կարծիքով կշեղի հանրության ուշադրությունը վերը նշված թեմաներից: Փաշինյանն առանց երկմտելու ասաց, որ այն հայտարարությունը, որն արվել էր կոմունալ վճարները չվճարելու մասին, այլևս չի գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվում է, ըստ Փաշինյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է տրվել էմոցիաներին և թույլ է տվել չվճարել կոմունալները: Բայց մենք բոլորս հիշում ենք, որ այդ խոստումը տվել է անձամբ Փաշինյանը, հանձնաժողովի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել: Փաշինյանը իր խոսքը փաստարկում է հետևյալ կերպ՝ դե մենք դա հայտարարել ենք ապրիլի սկզբին, մենք ի՞նչ իմանաինք, որ այսքան երկար կտևի արտակարգ դրությունը, մենք հույս ունեինք, որ մեկ ամսում կվերջանա այս ամենը:

Այսինքն, ինչպե՞ս հասկանանք, որ պետության ղեկավարը, որն իր ձեռքի տակ ունի երկրի բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ այլ երկրներից ստացվող այնպիսի տեղեկություններ, որոնք հասանելի չեն սովորական մահկանացուներին, իր բազմաթիվ խորհրդականների և դրսերում սովորած և այդքան բարձր վարձատրվող մասնագետների հետ միասին չկարողացան պարզունակ կանխատեսում անել:

Մինչդեռ մենք լսել ենք բազմաթիվ նման կանխատեսումներ այլ երկրներից, ինչը արդեն պետք է հուշեր Փաշինյանին այն մասին, որ այս համավարակը շուտ չի նահանջելու: Դաս չսովորած առաջին դասարանի աշակերտի կեցվածք: Խոսելով պահուստային ֆոնդի մասին՝ Փաշինյանը դարձյալ միանշանակ անընդունելի համարեց դրա օգտագործումը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: 350 միլիարդ դրամը հիմա ծախսենք, բա հետո՞: Բա էլ ո՞ր պահի համար է այդ պահուստային ֆոնդը: Փաշինյանի պատկերացմամբ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի նա ընդունելի համարի այդ գումարի օգտագործումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավալի է, որ պահուստաին ֆոնդը օգտագործելը մեկ անձի որոշելիք հարց է: Փաշինյանը նաև անհասկանալի փաստարկ բերեց, թե կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների նկատմամբ իր դիրքորոշումը խստացել է, քանի որ խոշոր սպառողները առիթից օգտվեցին և չվճարեցին: Տարօրինակ է, որ Փաշինյանը չի հասկանում, որ Սովետական բանակում կիրառված՝ «եթե մեղավոր է մեկը, ապա պատասխան կտան բոլորը» արատավոր սկզբունքը անընդունելի է: Ինչո՞ւ պետք է մի կերպ գոյությունը պահպանող քաղաքացին պատժվի այն պատճառով, որ ապիկար իշխանությունը չի կարողանում զատել խոշոր սպառողին սովորական բաժանորդից: Լայվի ձևաչափը աչքի էր ընկնում խուճապի մթնոլորտ ստեղծելու փորձերով: Փաշինյանն անդադար կրկնում էր, որ եթե այսօր կառավարությունը խստորեն չպահանջի վճարել կոմունալները , ապա Հայաստանում լույս և գազ չի լինի և կոլապս կլինի, ուղղակի մոռացավ վերջում ավելացնի, որ կլինի աշխարհի վերջը և մենք բոլորս կմեռնենք:

Պարոն Փաշինյանին հորդորում ենք դադարեցնել հանրությանը սպառնալ կոլապսով: Պարոն Փաշինյան, դա ձեր աշխատանքն է անել այնպես, որ արտակարգ դրության պատճառով ոչ բիզնեսը տուժի, ոչ էլ քաղաքացիները: Ձեր մեղքը մի փորձեք թաքցնել ապոկալիպտիկ կանխատեսումների հետևում: Այդ ֆոնին ևս մեկ հարց ունենք՝ պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք դուք ստորադասում ձեր համար փողոց փակած և ձեզ իրենց ուսերի վրա իշխանության բերած ժողովրդի շահերը խոշոր ընկերությունների շահերին: Ո՞րն է ձեր շառժառիթը: Ցավոք, ժանրի կանոնները չեն փոխվում: Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը նույն կերպ ժողովրդին մեղադրեց կորոնավիրուսի տարածման համար, այնինչ միայն ինքը Փաշինյանն է մեղավոր, քանի որ իր համար ավելի կարևոր էր անօրինական հանրաքվեի քարոզարշավը, քան իրեն իշխանության բերած ժողովրդի առողջությունը: Այսօր նա իր ռեպերտուարի մեջ դարձյալ ժողովրդին մեղադրեց այն բանի համար, որ չի կատարում իր խոստումը: Ավելին, նա պախկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և խուճապասպառնալիքային հիստերիկ հայտարարությունների հետևում:

Փաշինյանի լայվի կուլմինացիան ոչ այլ ինչ էր, քան ցինիզմի գերագույն աստիճանի ցուցադրումը: «Մեր հայտարարությունները 100 տոկոսով իրականություն չեն դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է: Ուրեմն, մենք այդքանով վատ կառավարություն ենք: Այս ինֆորմացիան ընդունեք ի գիտություն ձեր հետագա գործողությունների համար: Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք»: Սա կարելի է մեկնաբանել միայն որպես իրականությունից կտրված դիկտատորի բարբաջանք: Փաշինյանը այսպիսով խոստովանեց այն, որ բոլորս գիտեինք՝ նա խորապես արհամարհում է իրեն իշխանության բերած ժողովրդի կարծիքը և լկտիաբար ձեռք է առնում իրեն ընտրողներին՝ ակնարկելով, որ նա թքած ունի ամեն ինչի վրա և միևնույն է՝ մնալու է վարչապետի աթոռի վրա: Ավաղ, ամբոխահաճո խոստումներ տալն ու դրանք չկատարելը փաշինյանական բրենդ է դարձել:

Իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները իրենց մաշկի վրա կզգան տաղտկալի իննսունականները՝ առանց լույսի և գազի, իսկ ոմանք՝ նաև սոված:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով