Հոդս ցնդեց Հայկ Մարությանի խոստացած հերթական քայլը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր թիմի կողմից առաջ քաշված հիմնական 7 դրույթները ներկայացրեց իր նախընտրական տեսահոլովակում, քայլերի տեսքով:

Ահա և տվյալ 7 քայլերը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քայլ 1-ին. ժողովրդավարություն՝ հանրաքվեների միջոցով:

Քայլ 2-րդ. «Մաքրելու ենք»: Լուծել աղբահանության խնդիրը:

Քայլ 3-րդ. «Կառուցելու ենք» խաղահրապարակներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քայլ 4-րդ. «Բարեկարգելու ենք» վերելակները:

Քայլ 5-րդ. «Վերականգնելու ենք» պոլիկլինիկաները:

Քայլ 6-րդ. «Կանաչապատելու են»: Բնապահպանություն:

Քայլ 7-րդ. «Փոխելու ենք» տրանսպորտը: Պետք է ձերբազատվենք «Գազել» կոչվածներից: Ավելացնելու ենք մետրոյի 1 կանգառ Թումոյի մոտ:

Այսօր, երբ 2018-ի ավագանու ընտրություններից անցել է ավելի քան 1 ու կես տարի, եկեք տեսնենք, թե նրա 7 նախընտրական խոստումները ո՞րքանով են դառնում իրականություն: Քայլ 1-ինը Հայկ Մարությանը, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի թիմը կատարեց իդեալական կերպով, քանի որ անձինք առաջնորդվում էին միայն «պոլի փայտ լինի, կարևորը՝ Նիկոլի ասածով լինի» եզրույթով և կընտրեին ցանկացած անձի, ում որ առաջադրեր Նիկոլ Փաշինյանը, և այդպես էլ եղավ: «Իմ Քայլ» դաշինքը ընտրվեց և Հայկ Մարությանին դրեց քաղաքապետ, հավաքելով ձայների գերակշիռ մեծամասնությունը:

Սակայն դեռ 2018-ին, երբ հաստատվեց քաղաքապետարանի 2019 թվականի ծրագիրը, պարզվեց, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերն արդեն իսկ քաղաքապետարանի ծրագրից գրեթե դուրս են մնացել և տվյալ բնագավառներին հատկացվող գումարները ոչ թե ավելացվել են, այլ էապես կրճատվել: Փոխարենն ավելացել էին պարգևավճարների, հավելավճաների և Քաղաքապետարանի անձնակազմի գործուղումների համար նախատեսված գումարները:

Քայլ 2-րդը Հայկ Մարությանի թիմը իրականացրեց մեծ դժվարությամբ և մոտ մեկ տարվա ընթացքում: 2018-ին քաղաքն ուներ 1 աղբահանության օպերատոր՝ «Սանիթեք»-ը, այնինչ նրանք պատրաստվում էին ավելացնել ևս 1-2 օպերևատոր, որի փոխարեն կորցրեցին նաև «Սանիթեք»-ին: Քաղաքը կորավ աղբի մեջ, և նրանցից պահանջվեց մոտ 1 տարի նոր ընկերություն ստեղծելու և քաղաքը մաքրելու համար:

Քայլ 3-ը, 4-ը, 5-ը, 6-ը խաղահրապարակներ կառուցելը, վերելակներ վերանորոգելը, պոլիկլինիկաներ վերականգնելը, լայնամասշտաբ ծառատունկներ իրականացնելը այդպես էլ մնացին սառույցի վրա գրված: Փոխարենը չվերահսկվող աշխատանքի և մաշվածության պատճառով գրանցվեցին վերելակային վթարների հետ կապված մի քանի ողբերգություններ, փակվեցին բուժհաստատություններ:

 Քայլ 7-րդի մասով ընդամենը իրականացան շատ փոքր «ճիգեր»: Երևան բերվեցին մի քանի Եվրոպական ավտոբուսներ, որոնք փորձնականորեն մտան կիրառության մեջ, և միաժամանակ սկվեցին խոսակցություններ տարածվել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դարձնելու ուղղությամբ, ինչը սակայն հանրությունը միանշանակ չընդունեց: Հնամաշ երթուղայինները, ավտոբուսներն ու տրոլեյբուսները մնացին ուժի մեջ:

Այսքանով կարելի է 2018-ի նախընտրական շոու-ծրագիրն ավարտված համարել:

Սակայն Հայկ Մարությանի գործունեությունը չի ավարտվում այդքանով: 2019-ի փետրվարի 5-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի նկար, որում «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի «ապագա տրանսպորտային հանգույցի» մանրակերտն էր, վերնագրելով. «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը` Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»,- նշել էր Մարությանը:

Լուսանկարն ու նյութն իսկույն խանդավառության նոր ալիք ստեղծեցին և ստացան մեծ տարածում: Նույն 2019-ի տարեսկզբին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություններ էր տարածում, թե քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: 2019-ի ավարտին սակայն պարզ դարձավ, որ այս նախագծերի մասին մոռանալ է պետք։ Երևանի զարգացման 2020 թ. ծրագրում, ինչպես նաև Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում այն չկար: Սակայն ինչպես ասացվածքն է ասում՝ հույսը վերջինն է մահանում: 2020 թվականի ապրիլի 10-ին պարզվեց, որ խցանումներից խուսափելու նպատակով ոչ թե տրանսպորտային հանգույց է կառուցվելու, այլ «Հայրենիք»-ի խաչմերուկում կատարվում է փորձնական երթևեկության կազմակերպման փոփոխություն: Շրջան են ներկել և երթևեկությունը դարձրել շրջանաձև, իսկ լուսացույցերն աշխատում են դեղին թարթող ռեժիմով: Այսինքն հոդս է ցնդում քաղաքապետ Հայկ Մարությանի հերթական խոստումի իրականացումը և այն դառնում է խայտառակ սուտ:

Սակայն մինչ թմբիրի մեջ գտնվող հասարակությունը սկսում է կամաց-կամաց ուշքի գալ, հասկանալ ու գիտակցել, քաղաքապետը կրկին զբաղվում է աստղաբաշխական պարգևավճարներ բաժանելով: Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին էլ շարունակում է խուսափել հանրային միջոցառումներից, ծառայողական պարտականությունները կատարելուց, որով կրկին մեզ է վտանգում և պատճառում դրամական կորուստներ: Եվ այսպես էլ կշարունակվի, մինչև հանրության մի զգալի մաս ուշքի չգա և չդիմի կոշտ քայլերի:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով