Արցախում փորձում են իրագործել հեղափոխական սցենար

Այսօր մտահոգիչ լուրեր ստացանք Արցախից: Ստեփանակերտում այսօր հանրահավաք էր կազմակերպվել, կազմակերպիչն էլ Արցախի հեղափոխական կուսակցությունն էր: Հիշեցնենք, որ կուսակցությունը ս.թ. մարտի 31-ին Արցախում անցկացված ընտրություններում հավաքել է ընդհանուր ընտրողների ձայների 2.26%: Հանրաքվեի ընթացքում կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մասնավորապես հնչեցրել է հետևյալ միտքը. «Մեր պահանջները իշխանությանը․ ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»: Հետաքրքրական է, որ այս հանրաքվեին հաջորդեց Մասիս Մայիլյանի հայտարարությունը, որը ըստ էության կոչ է անում արցախցիներին չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Դե իհարկե, պարոն Մաիլյանը իր միտքը ձևակերպում է այնպես, որ առաջին հայացքից կարելի է մտածել, որ նա խիստ մտահոգված է իր հայրենակիցների առողջությանը սպառանցող նոր կորոնավիրուսի համավարակով: Սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե համադրենք այս փաստերը, ինչպես նաև այն, որ Մասիս Մայիլյանը նոր կորոնավիրուսի խաղաքարտը փորձում էր օգտագործել դեռ ընտրություններից առաջ, ցուցադրաբար հրաժարվելով հանրային բոլոր հանդիպումներից, իսկ այնուհետև՝ փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից, հասկանալի կդառնա, որ դեռ մարտի 31-ից առաջ արդեն փորձեր են իրականացվել խափանել ընտրությունների կայացումը: Երբ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունը չի զիջելու և ընտրություններն այնուամենայնիվ կայանալու են, այս օրերին Արցախում անհնազանդության կոչեր անող քաղաքական ուժերին այլ բան չէր մնում, քան հանձնվել ճակատագրին և մասնակցել ընտրություններին՝ հույս ունենալով, որ հետո հնարավոր կլինի մի բան անել, եթե արդյունքները չբավարարեն:

Այո, միշտ կարելի է ընտրություններից հետո փորձել «բոլոլա» սարքել և զարգացնել հեղափոխական սցենար: Այստեղ հատկանշական է, որ հատկապես այս երկու քաղաքական ուժերի հետընտրական գործողությունները տարբերվում են ոճերով, բայց ըստ էության դավանում են նույն հեղափոխական սկզբունքներին՝ ամենավատ իմաստով: Այսօր, երբ արդեն հասկանալի է, թե ինչպիսին է քաղաքական ուժերի դասավորությունը առաջին փուլից հետո և որ այնուամենայնիվ լինելու է երկրորդ փուլ, որի ելքը հնարավոր չէ լիովին կանխատեսել, տեսնում ենք, որ Արցախում կան անհեռատես քաղաքական ուժեր, որոնք գերադասում են տապալել երկրորդ փուլը ամեն գնով, քան ընդունել պարտությունը առաջին փուլում:

Ի՞նչ է սա, եթե ոչ հեղափոխական սցենար: Եթե ենթադրենք, որ Արթուր Օսիպյանը փորձում է Արցախում գործի դնել մարտիմեկյան գործիքակազմ, ապա նա պետք է հաշվի առնի, որ հանգամանքները լրիվ այլ են և Արցախը այդ առումով Հայաստան չէ: Արցախում անհնազանդության ցանկացած կոչերը վտանգավոր են: Անդրադառնալով Մասիս Մայլյանի կոչերին՝ նշենք, որ նա, որպես ԱԳ նախարարի պաշտոնում տարիների փորձ ունեցող մարդ, պիտի հասկանա, որ իրավիճակը Արցախում կայացած ընտրությունների շուրջ առանց այդ էլ բավականին բարդ է: Թուրքիան և Ադրբեջանը չեն լռում և անդադար տարբեր միջազգային հարթակներում կոչեր են աոնում միջազգային հանրությանը չընդունել այս ընտրությունները և այլն: Մի՞թե Մասիս Մայիլյանը իրապես կարծում է, որ այս պայմաններում Արցախի Հանրապետության նավը ճոճելը ճիշտ որոշում է: Փաստորեն, այո, տարիների փորձ ունեցող դիվանագետը հենց այդպես էլ կարծում է: Այստեղից կարելի է հետևություն անել, որ միգուցե նա նույնպես ցանկանում է Ացախում հեղափոխական սցենար իրականացնել պղտոր ջրում ձուկ բռնելու հնարավորության հեռանկարով: Ամփոփելով նշենք, որ ասյպիսի վտանգավոր դրսևորումները Արցախում կարող են նախադեպ դառնալ և բերել շատ լուրջ հետևանքների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե անհրաժեշտություն կա որևէ մեկին հիշեցնելու, որ թշնամին քնած չէ, թշնամին ցանկացած առիթ կարող է օգտագործել նոր հարձակումների համար: Ինչի՞ մասին են մտածում այն քաղաքական գործիչները, որոնք այդպիսի քայլերի են դիմում պատերազմական վիճակում գտնվող Արցախում: Իսկ միգուցե նրանք արդեն ունե՞ն մշակված Պլան Բ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով