Ուշացած քայլերի մեխանիկան

Վերջապես հայտարարվեց արտակարգ դրությունը: Սա շատ ողջունելի է՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում: Սակայն այս ուշացած որոշումը այնուամենայնիվ առաջացնում է մի շարք հարցեր:

Ս.թ. հունվարի 31-ն տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հնչեցրել է բառացիորեն հետևյալը . «Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում»: Սա նշանակում է, որ արդեն հունվարի վերջին ՀՀ Կառավարությունը տեղյակ էր, որ վտանգը իրական է և եթե անհապաղ չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, ապա այդ վտանգը անխուսափելիորեն կգա նաև Հայաստան: Բազմաթիվ փորձագետներ անդադար կոչեր էին անում փակել սահմանները, սկզբից Իրանի հետ, այնուհետև, իրավիճակի սաստկանալուն զուգահեռ, նաև Իտալիաի հետ: Ավաղ Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ զբաղված էր ՍԴ-ի դեմ պայքարով և քարոզարշավով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ իրավիճակը Հայաստանում էլ ավելի սաստկացավ և հասունացավ լուրջ գործողությունների պահը, դարձյալ ոչինչ չարվեց: Միայն երբ իրավիճակը սկսեց դուրս գալ վերահսկողությունից և Հայաստանում մեկը մյուսի հետևից սկսեցին գրանցվել հաստատված վարակվածության դեպքեր, հրատապ կարգով սկսեցին որոշումներ կայացվել: Մինչդեռ հունվարի 31-ն կայացած նիստի ընթացքում պետք է մշակվեր գործողությունների պլան, պետք է տրվեին հանձնարարականներ, որպեսզի Արդարադատության նախարարությունը պատրաստեր արտակարգ իրավիճակը սահմանելու հայտարարության տեքստի նախագիծը, ԿԳՍՄ նախարարությունը պիտի սկսեր աշխատել առցանց ուսուցման հարթակում, Ֆելիքս Ցոլակյանին պետք է տրվեր հանձնարարական, որպեսզի այսօր ԱԻՆ-ը կարողանար վերահսկել խոշոր սուպերմարկետներում մարդկանց հոսքերը, բաժաներ ձեռնոցներ և դիմակներ ներս մտնողներին և այլն:

Այս հանձնարարականները այսօր կօգնեին մեր հայրենիքում խուսափել կորոնավիրուսի այսչափ արագ տարածումից: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ համաճարակի բռնկման վտանգի դեպքում առավել արդյունավետ է լինել պրոակտիվ, այլ ոչ թե ռեակտիվ, այսինքն պետք է ոչ թե սպասել մինչև դեպքերը սկսեն զարգանալ և նոր արձագանքել, այլ պետք է կանխարգելել նմանատիպ զարգացումները: Մի շարք զարգացած երկրներ փետրվարի սկզբին արդեն սկսել են կիրառել այդպիսի մոտեցում և կարողացել են խուսափել աղետից: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որը մշտապես քարոզում է առաջադիմությունը և դատապարտում է հետադիմությունը, այս հարցում գերադասեց չլինել առաջադեմ և ընտրեց դիտորդի կարգավիճակում մնալ այնքան ժամանակ, մինչև իրադարձությունները չսկսեցին դուրս գալ վերահսկողությունից: Թեպետ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի լրահոսի բաժնում տեղադրված տեքստից տեղեկանում ենք, որ «Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ», երեկ Կառավարությունում տեղի ունեցած թեժ քննարկումները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ Կառավարությունը պատրաստ չէր արտակարգ դրություն հայտարարելու: Փողոցներում չենք տեսնում արտակարգ դրության մասին վկայող որևէ բան, բացառությամբ մեծ սուպերմարկետներում գոյացող մարդկանց կուտակումներից, որոնք նպաստում են վարակի և խուճապի տարածմանը: Տրանսպորտի ախտահանման մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով ցանկացած ախտահանում գրեթե անօգուտ է:

Նշենք նաև, որ կիրակի օրը, մարտի 15-ն, Լոռու և Տավուշի մարզերի որոշ համայնքներում անց են կացվել ՏԻՄ ընտրություններ և, Աստված մի արասցե, դա էլ կարող է նպաստել վիճակի վատթարացմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ խոսք, բոլորս պիտի համախմբվենք և օգնենք մեր հայրենիքին դուրս գալ այս բարդ իրավիճակից: Կասկած չկա, որ սա ևս մեկ փորձություն է, որը հայ ժողովուրդը պատվով կհաղթահարի: Սակայն անպատասխան է մնում մեկ օրինաչափ հարց՝ եթե դեռ հունվար ամսին ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում էր Տիգրան Ավինյանը, ապա ինչո՞ւ այսքան ուշացան կանխարգելիչ միջոցառումները:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով