«Խնդրում եմ քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ:

Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»:

Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն և վերջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք:

Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով