Փողոցային արդարադատություն զինվորի գործով. գլխավոր հարցը մնաց օդում կախված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 2-ին հայ հանրությունը բավականին տխուր տեսարանի ականատես եղավ. կիրակի օրը Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից մարդիկ վերցրել էին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի դին եւ բերում էին Երեւան: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաջողվեց համոզել հարազատներին հետ տանել դին, հուղարկավորությունը պատշաճ կազմակերպել: Տեղի ունեցածը, սակայն, բազում հարցեր է առաջացնում:

Նախ՝ ինչո՞ւ էր հարազատների ցասումը հանդարտեցնելու գնացել Դավիթ Տոնոյանը, որը Զինված ուժերի, կանոնադրական հարաբերությունների ու, ընդհանրապես, զորքի հետ որեւէ առնչություն չունի: Դրա պատասխանատուն բացառապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, շաբաթ օրը տեղի ունեցավ 2 անցանկալի իրադարձություն եւս. Տոնոյանը ստիպված եղավ հասարակության դժգոհությունը մեղմելու համար կարծիք հայտնել, թե տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Զինվորի հարազատները պնդում էին՝ հանեն պիտակը, տան անունները, թե ով է սպանել իրենց զավակին:

ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ շուտով հայտարարություն կլինի, կտան անուններ:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես ծանուցեց՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Սա նշանակում է, որ մեր երկրում տեղի է ունենում փողոցային արդարադատություն. հավաքված մարդիկ են որոշում՝ ում ինչ հոդվածով պատժեն: Իսկ ամենաուշագրավն այն է, որ եթե ինքնասպանություն չի եղել, ինչպես հայտարարվել էր հենց դեպքի օրը (հետո փոխվեց հոդվածը), ապա ո՞վ է մարդասպանը: Նկատենք, որ անգամ այն հոդվածը, որով ձերբակալել են երիտասարդներին, չի տալիս հիմնական հարցի պատասխանը՝ ով է կրակել զինվորին եւ ինչ դրդապատճառով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով