Շարքային քաղաքացին աշխատում և եկամտահարկ է վճարում, որպեսզի Սուրեն Պապիկյանը և մնացած 11 նախարարները 13-րդ աշխատավարձ ստանան

Սուրեն Պապիկյանին հիշո՞ւմ եք: Այո, հենց այն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում աշխատող Սուրեն Պապիկյանին, որը Դիլիջանում բողոքի ակցիաների ժամանակ Կառավարության նիստի ընթացքում դժգոհություն էր հայտնում վարչապետին, ասելով, որ Դիլիջանում օրական 10 000-15 000 դրամով թափուր աշխատատեղեր կան, որ այդպես էլ թափուր են մնացել:

Քանի անգամ խնդրեցինք, թե պարոն նախարար, այդ աշխատատեղերի հասցեն ասեք, Երևանում շատ մարդիկ կան, որ կուզենան տեղափոխվել Դիլիջան և այդ աշխատավարձով աշխատել: Այդպես էլ չիմացանք, թե դրանք ինչ առեղծվախծային բարձր վարձատրվող աշխատատեղեր են…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս պարոն Պապիկյանը, որը ըստ ոլորտների ծավալի դիտվում է երկրորդ նախարար, կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, հետ չմնալով ամանորյա պարգևատրումների անբարոյական շքերթից: Ասուլիսի ժամանակ նա ի լուր բոլորին հայտարարեց, որ իրեն վճարված 13-րդ աշխատավարձը կազմում է նույնքան, որքան ստանում են բոլոր նախարարները՝ 1.5 միլիոն դրամ: Նշենք, որ Սուրեն Պապիկյանը նույն ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչպես են գոյացել այն գումարները, որոնց հաշվին բաժանել են 13-րդ աշխատավարձ: Պարզվում է, որ Կառավարությունն ունեցել է նախարարությունների միավորումներ, որոշակի թվաքանակի պակաս և միջոցների ավելացում, որոնք էլ, ինչպես որ խոստացել են, բաշխել են ըստ աշխատանքի արդյունավետության և մինչ տարեվերջ Պապիկյանի ղեկավարած նախարարությունը արդեն բաժանել է 13-րդ աշխատավարձ:

Այստեղ շատ ուշագրավ են «ըստ աշխատանքի արդյունավետության» եզրույթը: Մինջ օրս չենք լսել այն մեթոդների մասին, որոնք կիրառվում են Կառավարության այս կամ այն մասնագետի աշխատանքի արդյունավետությունը չափելու համար: Այս չափազանց կարևոր հարցը բազմիցս հնչեցվել է տարբեր հարթակներում, սակայն մնացել է անպատասխան, ինչը զարմանալի է, հաշվի առնելով այն, թե որքան են սիրում Հայաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչները ամեն պատեհ և անպատեհ առիթներով ուղիղ եթեր մտնել և խոսել զանազան թեմաներից: Արդյունավետության գնահատման հարցը առանձնահատուկ սրություն է ստանում,եթե փորձենք հասկանալ, օրինակ, ինչպես է գնահատվում, ասենք, ԱԺ խոսնակի աշխատանքի արդյունավետությունը, բայց այսօր դրան չենք անդրադառնա: Պարզ թվաբանական հնարքների կիրառմամբ կարելի է հեշտությամբ հաշվել, թե նախարարների 13-րդ աշխատավարձի համար որքան գումար է ծախսվել՝ 12 նախարար x1 5 00 000 դրամ հավասար է 18 000 000 դրամ: Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այդ գումարով որքան օգտակար գործեր կարելի էր անել: Այստեղ մի շատ կարևոր հարց է առաջանում: Եթե Կառավարությունը համարում է, որ 12 նախարարները այնքան արդյունավետ են աշխատել, որ արժանացել են 13-րդ աշխատավարձի, ապա ինչո՞ւ շարքային քաղաքացու կյանքում իրենց աննախադեպ արդյունավետ աշխատանքի հետևանքով ոչինչ չի փոխվել:

Եթե պարոն Պապիկյանը և իր գործընկերները իրականում այդքան լավ են աշխատել, ինչո՞ւ մասնավոր հատվածում չի դիտվում աշխատավարձերի աննախադեպ բարձրացում: Չէ՞ որ Կառավարության գործունեության պարադիգման ըստ էության շարքային քաղաքացու համար բարեկեցիկ կյանքի հնարավորություններ ստեղծելն է: Պարզվում է, հարգելի «ժողջան», դու պիտի աշխատես և եկամտահարկ վճարես, որպեսզի Սուրեն Պապիկյանը և մնացած 11 նախարարները 13-րդ աշխատավարձ ստանան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով