Լևոն Զուրաբյանը ավելի պատվախնդիր է գտնվել, քան Փաշինյանը

Երեկ հանրությունը ականատես եղավ Նիկոլ Փաշինյան – Լևոն Զուրաբյան հեռակա դուելին: Նիկոլ Փաշինյանը Միլանում արտաբերել է մի շարք արտահայտություններ, որոնք, ինչ խոսք, առանց տարակուսանքի հնարավոր չէ ընկալել: Սակայն դրանց մեջ կար մեկ միտք՝ «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը», որը հունից հանել է Լևոն Զուրաբյանին:

Նշենք, որ Փաշինյանի և Զուրաբյանի այս դեռահասական կոնֆրոնտացիան սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր ԱԺ-ում: Այո, դուք ճիշտ հասկացաք, հարգելի ընթերցող՝ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը եղել է ՀԱԿ խմբակցության անդամ: Ավելին, 2012 թվականի հոկտեմբերին Փաշինյանը նույնիսկ ասել է հետևյալը. «2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը, եւ բոլոր նրանք, ովքեր կցանկանան պարտության մատնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կարող են սատարել Տեր-Պետրոսյանին:» Այս ֆոնի վրա հասկանալի է իր երբեմնի կոլեգայի նկատմամբ Լևոն Զուրաբյանի արդարացի զայրույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկապես, ուղղակի ապշեցնում է այն, թե ինչպիսի հեշտությամբ է Նիկոլ Փաշինյանը հերքում իր կապը այս կամ այն քաղաքական ուժի/գործչի հետ՝ կախված նրանից, թե պահը ինչ է թելադրում: Հավանաբար Փաշինյանը հասկանում է, որ 2008 թվականին և դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հետ սերտ կապեր ունենալը այն չարաբաստիկ փետուրն է, որը մշտապես դրվելու է կշեռքի նժարի վրա և գերակշռելու է մյուս նժարի վրա դրված ցանկացած դրական բան, ոչ հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Եվ այդքանը հասկանալով, դիմում է իրեն հայտնի միակ միջոցին՝ վատաբանել այն ամենը, ինչը կարող է խոչընդոտել իր առաքելությանը:

Արդարացի լինելու համար պետք է նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում արդարացի է վերջինի հետ որևէ կապի գոյությունը հերքելու անզուսպ ձգտումը և նրան չարիք անվանելը: Սակայն այստեղ նույնչափ արդարացի է բարոյականության հարցը՝ մի՞թե կարելի է լինել այդքան անբարոյական և այսպիսի հեշտությամբ դավաճանել այն անձին, ում իշխանությանը գալու համար 2008 թվականի մարտին նույն Փաշինյանը պատրաստ է եղել ցանկացած քայլի, այդ թվում՝ բռնության կոչեր անելու և անկառավարելի ամբոխը ոստիկանների դեմ հանելու: Ինչևիցե, Փաշինյանի կողմից նման դավաճանությունը զարմանալի չէ, առաջին դեպքը չէ: Բայց արի ու տես, որ Լևոն Զուրաբյանը, պարզվում է, ավելի պատվախնդիր է գտնվել և հայտարարել է, որ եթե Փաշինյանն այդպես է որակում նախագահին (ի նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին), ուրեմն ինքն էլ է չարիք:

Հանգիստ խղճով կարելի է համաձայնվել Զուրաբյանի հետ, այո, Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքի համար նույնքան չարիք է, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուրախացնում է այն հանգամանքը, որ ըստ էության այս հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի մասով մենք համամիտ ենք թե Փաշինյանի և թե Զուրաբյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով