Ազգաբնակչությունից գումար կորզելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներին ավելացավ ևս մեկը՝ առողջության պարտադիր հարկը

Օրերս Իրավական ակտերի միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախագիծը ներդնելու անհրաժեշտությունն էլ ավելի ակնառու և պատկերավոր դարձնելու համար ներկայացված են նաև որոշակի թվեր՝ Հայաստանում ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում բժշկի:

Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը։ Ցուցանիշը ամենաբարձրն է տարածաշրջանում: Հավանաբար նախագծի հեղինակներն ակնկալում էին, որ այսպիսի աշխարհացունց թվեր տեսնելիս հանրությունն անմիջապես կսկսի վանկարկել «Կեցցե՜ք, կեցցե՜ք, էս ինչ լավ բան եք մտածել:» Իրականում, եթե դիտարկենք այս նախագիծը հայկական իրականությունից առանձնացված, ապա այն բավականին լավն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկապես լավ բան են մտածել առողջապահության նախարարությունում… ԲԱՅՑ Նախագիծը իրականում իրենից ներկայացնում է 6% առողջության պարտադիր հարկ: Նախագծի հարգելի հեղինակներ, ինչպես որ կասեր դասականը՝ գեղից մարդ կա: Ու այդ մարդը հասկանում է, որ ապահովագրությունը և պարտադիր հարկը նույն բանը չեն: Գոնե ազնիվ եղեք և մի փորձեք կրկին մոլորեցնել մեր հայրենակիցներին: Մենք ապրում ենք Հայաստանում և այս ամենը արդարացված կլիներ այն դեպքում, եթե Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնարկեր բոլոր հնարավոր քայլերը բուժօգնությունը հասանելի դարձնելու համար, այդ թվում խնայողաբար վերաբերվեր պետական բյուջեյին, ավելացված միջոցներն ուղղեր դեպի առողջապահության ոլորտ: Այ երբ որ մենք տեսնեինք նման վարքագիծ և Կառավարությունը հայտարարեր, թե սիրելի ժողովուրդ, դուք տեսնում եք, որ մենք ամեն բան անում ենք, նույնիսկ կրճատել ենք մեր ծառայողական ավտոմեքենաների պարկը, հեծանիվով կամ մետրոյով ենք աշխատանքի գնում, մեզ հետ արտասահմանյան երկրներ պաշտոնական այցերի մեկնելիս ամեն պատահական մարդու չենք տանում միջոցներ խնայելու համար, բայց ավաղ, առողջապահությունը դեռ շարունակում է մնալ ոչ այնքան հասանելի բոլորի համար, և խնդրանքով դիմեր ժողովրդին՝ ընդունել այն նոր 6% պարտադիր հարկի նախագիծը, ապա կասկած չկա, որ մեր մեծահոգի ժողովուրդը պատրաստակամությամբ կաջակցեր իր երկրի Կառավարությանը: Իսկ դրա փոխարեն ի՞նչ ենք մենք տեսնում:

Անիմաստ և անարդյունավետ թռիչք Լոս Անջելես գրեթե 350 000 ԱՄՆ դոլար արժողությամբ, կառավարական առանձնատան աստղաբաշխական գումարներով վերանորոգում, անհասկանալի շքեղ ավտոմեքենաների գնում, ինքնաթիռի գնման ծրագիր, այլ տարատեսակ մսխումներ: Մի՞թե դուք, տիկնայք և պարոնայք իշխանավորներ, իսկապես կարծում եք, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Արդարացի լինելու համար, սակայն, եկեք ավելի մանրամասն վերլուծենք խնդրո առարկան: Եվ այսպես, շրջանառվում է 6% առողջության հարկ: Վերցնենք միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու 100 000 դրամ աշխատավարձով և փորձենք հասկանալ, թե ինչպես է այս ամենն անդրադառնալու իր վրա: Նախ անհասկանալի է, թե այդ 6% առողջության հարկը ինչպես է գանձվելու՝ ամբողջ 100 000 դրամից, թե 100 000 – 68 000 նվազագույն աշխատավարձ = 32 000 դրամ մնացորդից: 100 000 դեպքում 6 000 դրամը դեռ ինչ- որ տեղ կարելի է համարել լուրջ գումար, եթե բազմապատկենք զբաղված բնակչության միջին թվին: Բայց եթե հարկը գանձվի 32 000 դրամից, ինչը ճիշտ կլինի թե հարկային օրենսգրքի և թե աշխատանքային օրենսգրքի իմաստով, ապա գանձվող հարկը կկազմի 1 920 դրամ, այսինքն նույնիսկ եթե համարենք, որ բոլոր զբաղվածները կվճարեն այդ տոկոսը /այդ թվում բարձր աշխատավարձ ստացողները/, ապա համագումարը կկազմի մատչելի բուժօգնության խնդիրը լուծելու համար խիստ անբավարար և ծիծաղելի գումար: Սա մեկ: Հաջորդը՝ եթե այնուամենայնիվ գանձվող գումարը ըստ էության յուրաքանչյուր մարդու համար այնքան էլ մեծ գումար չի կազմում, ապա ինչո՞ւ, հարգելի առողջապահության նախարարություն, չեք իրականացնում այս ծրագիրն արդեն գոյություն ունեցող ապահովագրական ընկերությունների միջոցով: Չէ՞ որ դրանք ունեն ենթակառուցվածքներ, փորձառու մասնագետներ և այլն, կկարողանան ավելի արդյունավետ ներդնել այս համակարգը և մարդիկ կամավոր հիմունքներով, ինչպես և պետք է լինի, կապահովագրվեն կամ չեն ապահովագրվի:

Չեք անում, քանի որ գիտեք, որ ապահովագրական ընկերությունները նախ 6 տոկոսը կդարձնեն պայմանականորեն 12 տոկոս` իրենց վարչարարությունը կազմակերպելու և ռիսկերից ապահովագրվելու համար և, ամենակարևորը, դուք չեք կարողանալու վերահսկել հավաքագրված գումարները: Հենց սա է պատճառը, որ դուք ընտրեցիք պարտադիր հարկի ճանապարհը, որպեսզի այն փաթաթեք ժողովրդի վզին կուտակայինի նման և ոչ ոք բացի ձեզանից չկարողանա վերահսկել գումարները: Սա ինձ հիշեցրեց հանճարեղ և արկածախնդիր Օստապ Իբրահիմովիչ Բենդերին, որը պնդում էր, որ գիտի այլ անձանցից գումար կորզելու 400 համեմատաբար ազնիվ միջոց: Մեր Կառավարությունն ի դեմս առողջապահության նախարարության ըստ էության գերազանցել է պարոն Բենդերին և հորինել է ևս մեկ միջոց: Պարոնայք, դուք ուզում եք ուղղակի լրացուցիչ դրամական միջոցներ «քերել» ժողովրդից, քանի որ աննախադեպ հեղափոխական ներդրումների հեքիաթը այդպես էլ հեքիաթ մնաց, այլ ֆինանսավորման աղբյուրներ չեն կարող լինել, քանի որ ձեր իշխանությանը Հայաստանից դուրս ոչ ոք լուրջ չի ընդունում (թերևս բացի մեր հարևան Ադրբեջանից, քանի որ դուք իրենց իղձերի իրականացման միակ գրավականն եք) և բնականաբար չի ցանկանում որևէ ֆինանսական գործարքների մեջ մտնել անկայուն և անհասկանալի օրակարգ ունեցող մի կառավարության հետ: Եզրափակելով` ամփոփենք իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Առողջապահության նախարարությունն ի դեմս Արսեն Թորոսյանի արդեն այնքան վարկաբեկված կառույց է (հիշենք Գարդասիլ տխրահռչակ պատվաստանյութը, ծխողների, այլ ոչ թե ծխելու դեմ պայքարը, մանկական մահացության վերաբերյալ նախարարի գռեհիկ արտահայտությունները և այլ «հերոսությունները»), որ նույնիսկ եթե իրենց կողմից առաջարկվի իրապես աննախադեպ նախագիծ, որը թույլ կտա բուժօգնությունը բոլորիս համար անվճար դարձնել, ապա այն ժողովրդի հավանությանը չի արժանանա վստահության բացարձակ բացակայության պատճառով:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով