Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է, մինչդեռ ընդգծեց, որ Փաշինյանի կողմից չի տեսնում երկխոսության ցանկություն:
Դիտարկմանը, թե բացառում է արդյոք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի, Սարգսյանը նշեց, թե առայժմ հեռանկար չի տեսնում և չի էլ մտածում դրա մասին:
«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք», – ասաց նա:
Ալիկ Սարգսյանը չցանկացավ նաև գնահատական տալ ՀՀԿ-ական պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը, ով երեկ կողմ էր քվեարկել Փաշինյանին:
«Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի», – ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումն, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, քանի որ այն հասունացել էր:
«Առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ՝ ներկան, վատ հետևանքներ կլինեն», – հավելեց նա:
Պատգամավորը մանրամասնեց, որ վատ հետևանքներ ասելով նկատի չունի իշխանության կողմից ճնշումը, պարզապես ինքը մտահոգ է երկրի անվտանգությամբ. «Մի տարեք երկիրը փորձության»:
Aysor.am