Ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից.ՊԵԿ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել է վճարումներ Հայաստանում գործող կրթական հաստատություններում (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, պետք է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Իսկ ծառայություն մատուցողը՝ ապահովագրական ընկերությունը կամ կրթական հաստատությունը պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ծառայություն մատուցողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը։ Իսկ այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներակայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնել ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը և ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Անհրաժեշտ է հիշել, եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով։

ՊԵԿ-ն իրազեկում է, որ  2024 թվականին հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք, փոխհատուցում ստանալու նպատակով, 2023 թվականի ընթացքում կատարած սոցիալական ծախսը հիմնավորելու վերաբերյալ ծառայություն մատուցողից կարող են պահանջել հաշվարկային փաստաթուղթ:

 

Մանրամասները՝ հոլովակում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով