Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.Հենակետ

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին   ներկայացնում  է  Հենակետ  վերլուծական կենտրոնը.

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են «Anatolian Phoenix 2023» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները, որոնք տևելու են մինչև հունիսի 16-ը։ Ադրբեջանը ներկայացնում են օդաչուները, տեխնիկական անձնակազմը և ադրբեջանական օդուժի ինքնաթիռները, ինչպես նաև ռազմածովային ուժերի անձնակազմը և հատուկ ջոկատայիններ։
Այցով Իտալիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը հանդիպել է այս երկրի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ։ Կողմերն ընդգծել են նաև փոխայցելությունների կարևորությունը «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում»։
Ադրբեջանի ԶՈՒ Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բաքիրովն այցելել է Իտալիայի ռազմածովային բազա և ծանոթացել մարտի կառավարման կետին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իտալական «Leonardo» ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագիր է ստորագրել չնշված քանակությամբ «Leonardo C-27J Spartan» տուրբոպտուտակային ռազմատրանսպորտային ինքնաթիռներ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին մատակարարելու մասին։
«Leonardo» ընկերությունից տեղեկացրել են, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Իտալիա համաձայնագրի ստորագրմանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարների բարձրաստիճան ներկայացուցիչները։
Հունիսի 9-ին Զաքիր Հասանովը և ՊՆ-ի ղեկավարությունը ծանոթացել են Արցախից գրավված տարածքներում նոր ռազմական օբյեկտներին։ Հաջորդ օրն անցկացված խորհրդակցության ժամանակ Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։
Վրաստանում մեկնարկել են հրշեջների և փրկարարների լայնածավալ միջազգային վարժանքներ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ադրբեջանում գործող «Airbus Defense and Space SAS» ընկերության մասնաճյուղը հայտարարել է լուծարման մասին։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այս կապակցությամբ պարտատերերից պահանջները կընդունվեն երկամսյա ժամկետում։ Սակայն ընկերությունը չի նշում մասնաճյուղի լուծարման որոշան պատճառը։
Նշենք, որ 2014 թ․-ի դեկտեմբերին «Azercosmos»-ը և ֆրանսիական «Airbus Defense and Space» ընկերությունը համաձայնագիր էին ստորագրել «Azersky» արբանյակը «Azerkosmos»-ի սեփականությանը հանձնելու վերաբերյալ։ Արբանյակը ուղեծիր էր դուրս բերվել 2014 թ․-ի հունիսին:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը նշել է, որ իրենք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ սահմանային ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում Արցախից գրավված տարածքներում սահմանային ենթակառուցվածքների ստեղծմանը։
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիչկիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ադրբեջանական զորամասերից մեկը։ Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն հայտաևաևել է, թե ԵՄ-ն Ադրբեջանի գլխավոր գործընկերն է ականազերծման գործընթացում։
Թուրքական «Akıncılar» տեքստիլ ընկերությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի հետ։
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերի միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ Ադրբեջանում կստեղծվի համատեղ արտադրական ձեռնարկություն և լաբորատորիա։ Նշենք, որ ընկերությունը Իզմիրում արտադրում է զրահաբաճկոններ, բալիստիկ սաղավարտներ, համազգեստներ և այլն։
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ։ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերին «Մարտիկի երգ»-ն է երգում։ 14 րոպեանոց ռեպորտաժում 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն են և 2021 թ․-ին Գեղարքունիքի սահմանագծից գերեվարված երկու զինծառայողներ։ Ադրբեջանցի լրագրողը հայ ռազմագերիներին ներկայացրել է որպես դիվերսանտներ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին կոչ է արել Կոնգրեսի գործընկերներին դիմել Ջո Բայդենի վարչակազմին՝ դադարեցնելու Ադրբեջանին ռազմական օգնությունը Բաքվի կողմից Արցախի շրջափակման պատճառով։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտնել է, որ իրենք լիահույս են, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ԵՄ առաքելություն իրականացնել նաև ադրբեջանական կողմում։ Նրա խոսքով՝ ՀՀ-Ադրբեջան ինտենսիվ բանակցություններին Գերմանիան և Ֆրանսիան կշարունակեն մասնակցել։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիվացումը հարցեր է առաջացնում։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, թե ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացից։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է․ «Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են խաղաղության շեմին»։ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանին կոչ է արել մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվում է։ Փորձագիտական շրջանակները հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգումը պայմանավորել են նրանով, որ Բաքուն չունի որոշումներ առանցքային մի շարք հարցերի վերաբերյալ։
ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստակեցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ բանակցությունների ժամկետները։ Լուկաշենկոն հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը պետք է շահեկան լինի երկու կողմերին։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները հսկելու են ռուս սահմանապահները։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքներն՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։
Էրդողանի ղեկավարմամբ Թուրքիայիում տեղի է ունեցել ԱԱԽ նիստ, որից հետո տարածված հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։ Նշվել է, որ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։
Նախիջևանի սահմանից 800 մետր հեռավորության վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում, հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի շինարարությունը սկսվել է, և սա խիստ անհանգստացրել է Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Եվ Բաքուն դատապարտել է Հայաստանում խոշոր մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու ծրագիրը։ ՀՀ ՇՄ նախարարությունն արձագանքել է, թե մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի հայտարարությունն անհիմն է։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են, որ մինչեւ 2026 թ․-ի վերջ Ակնա (Աղդամ) քաղաք «կվերադառնա» 20 հազար մարդ։ Հուսեյնովի խոսքով մտադիր են մինչև 2026 թ․-ի վերջը Շուշիի շրջանի տարածքներում 34500 ընտանիք վերաբնակեցնել։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտարարել է, թե Շուշին կվերածվի ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող քաղաքի: Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող «monumentwatch.org» կայքը գրել է, թե Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում։
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։
Շուշիում տեղի է ունեցել «Վերակառուցում, հաշտեցում և ինտեգրում. Էներգետիկա, տնտեսություն, շրջակա միջավայր և հավասարություն» թեմայով միջազգային միջոցառումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ֆորումին մասնակցել են շուրջ 30 պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Արցախից գրավված տարածքներում ինժեներասակրավորական ստորաբաժանումների կողմից մինչ օրս ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 30 890 հեկտար տարածք։
Լաչինի միջանցքի փակման մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե «Լաչին» սահմանային անցակետը սովորական ռեժիմով աշխատում է նաև կիրակի։ Զաքիր Հասանովը Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պարծեցել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, թե կոչ են անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հորդորել է Ադրբեջանին անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի որոշումը, որն իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել ԻԻՀ։ Քանանիի խոսքով՝ իրենք բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ լարվածության փուլից նոր փուլ անցնելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Քանանիի հայտարարությունները, նշել է, թե Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանը «դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական գործողության գործի հետաքննության ավարտն է՝ հանցագործության մեղավորներին ու պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելը»։
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգնությունը բաղկացած է ջրատարներից, ջրի պոմպերից, փրկարար բաճկոններից։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե վերջին 10 տարիների ընթացքում (2013-2022 թթ․) Ադրբեջանում գազի արդյունահանումն աճել է 58,6%-ով, ամենամեծ աճը գրանցվել է արտասահմանյան ընկերությունների հետ իրականացվող նախագծերում։
Նշենք, որ Ադրբեջանում գազի արդյունահանման զգալի մասը բաժին է ընկնում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի բլոկի և «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման նախագծերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով