Մշակվում է բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

 

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը մշակելու համար Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպում պետական մարմինների, ֆինանսական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 15-ին ՀՀ կառավարության հաստատած կարևոր այս ծրագրի իրականացման կարգի մշակումը վերապահված է Քաղաքաշինության կոմիտեին և Կենտրոնական բանկին, սակայն առավել գործուն փաստաթուղթ ստանալու նպատակով որոշվել է աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ բոլոր կողմերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության համար, բարձր է գնահատել նրանց աջակցությունը՝ բոլոր տեսակետների համադրմամբ արդյունավետ մեխանիզմներով կարգ մշակելու հարցում. «Ծրագրի իրագործմամբ, սուբսիդավորելով էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսները, պետությունը մի քանի կարևոր խնդիր է լուծելու. բնակչության բնակարանային պայմանների և բնակֆոնդի էներգաարդյունավետության բարելավում, քաղաքաշինության բնագավառում չիրացված ներուժի ներգրավում, ինչպես նաև շինարարական նյութերի տեղական արտադրության, ապրանքաշրջանառության ակտիվացում և վերջնարդյունքում հարկերի գեներացում»:

Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրել է, որ կարգում պետք է սահմանվեն էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, դիմումների ներկայացման, ֆինանսավորման ընթացակարգերը, ինչպես նաև մշտադիտարկման մեխանիզմները և այլ դրույթներ: Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների՝ էներգաարդյունավետության ծրագրերի իրագործման փորձն ու աջակցելու պատրաստակամությունը՝ դիտարկվելու է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունը:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին վստահեցրել է, որ կարգով հնարավորինս ճկուն լուծումներ կամրագրվեն՝ ծրագրի սահուն ընթացքն ապահովելու համար:

Հանդիպման մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ՝ ակտիվ ներկայացնելով իրենց առաջարկները և հնչեցնելով հետաքրքրող հարցերը: Քննարկման ավարտին որոշվել է ծրագրի իրականացման կարգի նախնական տարբերակը մշակելուց հետո ուղարկել հանդիպման բոլոր մասնակիցներին և կարծիքների ամբողջացմամբ բարելավել փաստաթուղթը: Վերջնական տարբերակը ՀՀ կառավարության հաստատմանը պետք է ներկայացվի մինչև մայիսի 20-ը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

1 × five =