ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն:

Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների(Big Data)  վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:

ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման և բարելավման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով:

Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին:

Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաև հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները: ՊԵԿ նախագահը կարևորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը՝ հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու  համար: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ հարցը գտնվում է իր  անմիջական ուշադրության ներքո և հանձնարարել է ներկայացնել լուծման հստակ մեխանիզմներ:

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման և հետագծելիության առցանց համակարգի աշխատանքն ու արդյունավետությունը, այլ գերատեսչությունների հետ գործակցությունը, մասնավորապես՝ տեղեկությունների փոխանակման մասով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում, ընդգծելով, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին:

Խորհրդակցության ավարտին ՊԵԿ նախագահը շրջել է տվյալների մշակման կենտրոնում, հետևել աշխատանքների կազմակերպման ընթացքին:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով