Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել.Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր  Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։

Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթական ու հերոսական ճակատամարտերի արդյունքում ստիպեց ոսոխին ոչ միայն ընկրկել, այլ նաև համակերպվել և ճանաչել, որ Հայկական բարձրավանդակում Հայաստանն այդուհետ լինելու է ոչ թե լոկ աշխարհագրական կամ ազգագրական, այլ հենց պետական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն։

Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգը 1918թ․-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։

Մոտ մեկ դար անց այսօր էլ մայիսյան այս տոնի խորհուրդը հենց սա է․ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել, քանզի մենք մեր մտքերում և սրտերում կրում ենք 1918թ․-ին վերընձյուղված մեր պետականության հավերժականության անսասան հավատամքը՝ խոնարհվելով պետականության սրբազան ուղու մեր վեհ նահատակների հիշատակի առջև և անխախտ ուժ ստանալով անպայմանորեն հզոր ու արդար գալիք Հայաստանի աստվածային տեսիլքից։

Շնորհավոր Հանրապետության տոնը»-ասվում է ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով