Պարգևատրումներ «Գլաձոր» համալսարանում` 30-ամյակի կապակցությամբ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր գիտաժողովին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Շնորհավորելով համալսարանին` սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու երեք տասնամյակների համար` նախարարի տեղակալը կարևորել է բուհի առաքելությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական ուղղվածության միջոցառումները նոր հնարավորություններ են ստեղծում` ապահովելու ուսանողի կայուն զարգացումը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

 

Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձել է ուսումնական հաստատության երեսունամյա ճանապարհին` ներկայացնելով այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել են համալսարանի ղեկավարությունն ու դասախոսական կազմը հիմնադրումից մինչև մեր օրեր:

«Այսօր «Գլաձորը» մեկն է այն բարձրագույն ուսումնական հաստատություններից, որը կարողանում է հանրապետության համար պատրաստել բարձրակարգ մասնագետներ, մարդիկ, ովքեր թե մասնագիտական, թե մարդկային բարձր արժեքների շնորհիվ իրենց ուրույն դերակատարումն ունեն մեր երկրի կայուն զարգացման գործում»,- իր խոսքում նշել է Ժ. Ջհանգիրյանը:

Հիմնադրման 30-ամյակի առիթով «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարգևների:

Մասնավորապես Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվել է Մխիթար Գոշ մեդալ:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախարարության ոսկե մեդալի են արժանացել «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հինաքցյանը: «Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

ԿԳՄՍ նախարարության անունից պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով