«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

Այսօր ՄԱԿ-ում լսեցին Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրությունը՝ նվիրված ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին: Սովորության համաձայն Փաշինյանը խոսում էր անգլերեն: Այս անգամ արդարացի լինելու համար պետք է ասենք, որ անգլերենի որակի իմաստով գրեթե անթերի էր: Միգուցե պատրաստվել էր, անգիր էր արել, դա է պատճառը: Սակայն բովանդակության իմաստով այն բավականին թերի էր:

Հասկանալի է, որ ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով պատրաստված խոսքը պետք է համապատասխանի որոշակի ոճային պահահջներին, բայց… Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման կարևորության մասին՝ Փաշինյանը մեկ բառ անգամ չասաց Ադրբեջանի կողմից համառորեն չընդունվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Խոսելով պետությունների համար համագործակցության անհրաժեշտության մասին՝ Փաշինյանը մեկ բառ անգամ չասաց այն մասին, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հրաժարվում է որևէ կառուցողական համագործակցությունից Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով այն մասին, որ ՄԱԿ-ը «ծննդյան վկայական է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությանը»՝ Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել այն մասին, որ անհասկանալի պատճառներով Արցախի Հանրապետությունը մինչ օրս զրկված է օրինակ Կոսովոյի նման երկրին շնորհված սուվերենությունից: Իր խոսքի մեջ Փաշինյանը շատ առիթներ է բաց թողել շեշտելու Արցախի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումները: Այսպիսի ելույթը միգուցե այլ պայմաններում արդարացված կլիներ, բայց ոչ այսօր:

Այսօր մեր հակառակորդը ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառացիորեն հայտարարում է, որ քանի որ իր կարծիքով Հայաստանը ըստ էության դուրս է եկել բանակցային գործընթացից, այդպիսով Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում Արցախի հիմնախնդրիը լուծել ռազմական ճանապարհով: Մի քանի օր է՝ մենք սպասում ենք պատշաճ արձագանքի երկրի ղեկավարի կողմից, բայց տեսնում ենք միայն ԱԳՆ լղոզված անատամ հայտարարություն և ԱԳ նախարարի նույնքան անատամ՝ «չեմ մեկնաբանելու հուզված հայտարարություններ» խոսքերը: ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված ելույթը հրաշալի հնարավորություն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ շեշտելով, որ չնայած ՄԱԿ-ի ջանքերին՝ այնուամենայնիվ դեռ կան երկրներ, որոնք ապակառուցողական դիրքորոշում են ցուցաբերում բարդ կոնֆլիկտների նկատմամբ:

Բայց ոչ, Փաշինյանը գերադասեց դարձյալ խաղաղասերի դերի մեջ մտնել և արտաբերել ընդհանուր ֆրազներ ոչ մի բանի մասին: Զարմանալու բան չկա, այսպիսի կեցվածքը լիարժեք տեղավորվում է Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության կողմից դրսևորվող ադրբեջանահաճո վարքագծի շրջանակներում: Երկու տարի շարունակ մենք անհամաչափ պասիվ ենք միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց և հակահայկական քարոզչությանը հակազդելու իմաստով, մենք ինքներս չենք վարում հայանպաստ քարոզչություն միջազգային հարթակներում և առհասարակ ոչ մի կերպ չենք հակազդում Ադրբեջանի գործողություններին միջազգային հարթակներում: Փաշինյանի վարչակազմի անգործությամբ և լուռ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրված ներկայացուցիչը շրջում է ամբողջ աշխարհով և հանդես է գալիս ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ է ունենում ազդեցիկ մարդկանց հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի իշխանության օրոք այլ երկրի ԱԳ նախարարը հայտնում է ՀՀ քաղաքացիներին այն մասին, որ բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը ըստ էության նախատեսում է Արցախի հիմնախնդրի մեզ համար կտրականապես անընդունելի փուլային լուծում: Փաստարկները բազմաթիվ են, բայց խոսում են մեկ բանի մասին՝ Արցախի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունները փակուղի են մտել Փաշինյանի վարչակազմի մեղքով:

Ամփոփելով նշենք, որ վարչապետ Փաշինյանի խոսքը ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՀՀ վարչապետին անվանում է His Excellency Nikol Pashinyan… Միգուցե դիվանագիտական արարողակարգն այդպես է պահանջում, բայց Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, որպեսզի արժանանա այդ կոչմանը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով