Թեժ աշնան դինամիկան

Աշունը թեժ է լինելու… Այս արտահայտությունը ծեծված է թվում և նույնիսկ իշխանական շրջանակներում ծաղրվում է որպես ընդդիմության «սին հույսերի» կարգախոս:

Իրականում արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել: Երկու տարի շարունակ համացանցի հարթակում պայքար տանող ընդդիմությունը, ի դեմս Ռեֆորմիստների կուսակցության, կատարեց փողոց դուրս գալու առաջին քայլը, հայտարարելով սեպտեմբերի 4-ին կայանալիք իր հանրահավաքի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների հայտարարությանը հաջորդեց Հայոց Արծիվների առաջնորդի հայտարարությունը սեպտեմբերի 19-ին հանրահավաք անցկացնելու մասին: Այնուհետև ԲՀԿ-ի առաջնորդը նույնպես հանդես եկավ հանրահավաք անցկացնելու մասին հայտարարությամբ:

Այս ամենի ֆոնին կարող ենք փաստել, որ Հայաստանում հանրային դժգոհությունը հասել է այնպիսի մակարդակի, որ նույնիսկ երկու տարի շարունակ սերմանվող ատելությունն ու վախի մթնոլորտը չեն կարող զսպել ցասումը: Իշխանական և մերձիշխանական շրջանակներում այդ առումով տիրող կեղծ անտարբերությունը, լուրջ մեկնաբանությունների և արձագանքների բացակայությունը իրականում վկայում է այն մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է: Օրվա իշխանությունը սովորաբար շատ կտրուկ է արձագանքում հանրային բողոքի արտահայտման բոլոր նկրտումներին, բայց այսօր տարօրինակաբար լռում է:

Վստահ կարելի է ենթադրել, որ այս երեք հայտարարություններով գործը չի ավարտվի: Ռեֆորմիստների հանրահավաքը կլինի առաջին ծիծեռնակը: Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հավանաբար սպասում են, որպեսզի որևէ մեկը լինի առաջինը, քանի որ դա միշտ ռիսկ է: Ոչ ոք չուզեց ռիսկի դիմել, ուստի պետք է փաստենք, որ Ռեֆորմիստների կուսակցությունը, որին կհաջորդեն այլ քաղաքական ուժերի նմանատիպ ակցիաներ, իր վրա վերցրեց առաջինը լինելու հետ կապված բոլոր ռիսկերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենի ֆոնին փաստենք, որ լինելով համեմատաբար փոքր կուսակցություն, չունենալով լայնածավալ ռեսուրսներ և կաշկանդված չլինելով տարիների ընթացքում կատարված տարակուսանք առաջացնող և քննադատության տեղիք տվող քայլերով՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, կարելի է ասել, արդեն տարել է առաջին հաղթանակը: Նույնիսկ եթե հանրահավաքին մասնակցի օրինակ 300 մարդ, բոլորի հիշողության մեջ այս կուսակցությունը կմնա որպես առաջին բողոքի ձայն բարձրացնողը:

Բազմաթիվ խոշոր և տասնամյակների պատմություն ունեցող կուսակցությունները հավանաբար գերադասեցին ընդունել սպասողական կեցվածք, որպեսզի հասկանան, թե ինչպիսի զարգացումներ կհաջորդեն հանրահավաքների այս ալիքին, որպեսզի կարողանան կողմնորոշվեն, քանի որ կաշկանդված են իրենց ոչ միանշանակ անցյալով:

Ամփոփելով ընդամենը հիշեցնենք, որ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում, պարոնայք:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով