Երկու տարի անց Փաշինյանի խոսքը արժեք չունի

Փաշինյանը ժողովրդի դեմ «спецназ» չի հանի: Վերջ, կարող ենք գիշերը հանգիստ քնել:

Հասկանո՞ւմ եք, այդ մարդը հավատում է, որ հայ ժողովրդին այդպիսով լավություն է անում: Փաշինյանն իր երեկվա խոսքում ակնարկեց, որ դա իրենը չէ, որ նա խոսքով է եկել իշխանության և այսօր հակված չէ ուժ կիրառել: Եվ ինչի՞ համար: Նրա համար, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվում են կարգապահ լինել, դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Այսօր Փաշինյանը հակված չէ ուժ կիրառել, բայց վաղը՝ ո՞վ գիտի:

Առհասարակ օրվա իշխանությունը աչքի է ընկնում ամբարտավան կեցվածքով: Դա բնորոշ է թե գործադիր և թե օրենսդիրիր իշխանության ներկայացուցիչներին: «Հեղափոխության» առաջնորդը ոչ միայն չի սաստում իր կուսակիցների նման պահվածքը, այլև ինքն է հաճախակի դրսևորում այդպիսի կեցվածք: Հատկապես վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Փաշինյանը մունաթ գալիս սեփական էլեկտորատի վրա: Նա զայրանում է, որ ժողովուրդը չի կատարում պարետատան հրահանգները:

Այո, առաջին հայացքից այդպես է թվում: Սակայն իրականում Փաշինյանը զայրանում և ջղաձգվում է միանգամայն այլ պատճառով: Դեռ երկու տարի առաջ նրա մեկ կանչով ժողովրդի հոծ բազմություն դուրս էր գալիս փողոց, փակում երթևեկությունը և պահանջում էր այն ժամանակվա իշխանությունից հանձնել իշխանությունը: Փաշինյանին բավական էր մեկ կոչ արձակել և Ազգային Ժողովի շենքի շուրջ մարդկային ծով էր գոյանում՝ պահանջելով Փաշինյանին ընտրել վարչապետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու տարի առաջ Փաշինյանը կարող էր ցանկացած բան հրահանգել, և ժողովուրդը կուրորեն կկատարեր նրա հրահանգը: Երկու տարի անց Փաշինյանը որ միայն մսխել է իրեն տրված վստահության քվեն, այլ նաև վերջնականապես կորցրել է իր հեղինակությունը: Սա այլևս փաստ է, քանի որ չնայած Փաշինյանի բոլոր հորդորների, խնդրանքների, հրահանգների, ջղայն և բոցաշունչ ուղիղ եթերների՝ ՀՀ քաղաքացիները չեն կրում դիմակ և չեն պահպանում սոցիալական հեռավորությունը:

Սրա միակ մեղավորը հենց ինքը Փաշինյանն է, որն իր ստերով, կեղծիքներով և ամբոխահաճո բովանդակազուրկ ելույթներով անլրջացրել է ՀՀ վարչապետի ինստիտուտը այնքան, որ սեփական ժողովուրդը, որը դեռ երկու տարի առաջ Փաշինյանի դեմ խոսացողներին պատրաստ էր գամել պարսավանքի սյունին, այսօր բացահայտ արհամարհում է վարչապետի հրահանգները: Ցավով արձանագրենք, որ Հայաստանը թերևս աշխարհի միակ երկիրն է, որտեղ կարանտինից առաջ վիճակը ավելի լավ էր, քան կարանտինից հետո:

Փաշինյանի կողմից իշխանության բերված մարդիկ իր նման դիլետանտ են և իր ղեկավարությամբ տապալել են կորոնավիրուսի նման լրջագույն մարտահրավերի դեմ պայքարը: Հայաստանը դեռ նոր պիտի զգա այդպիսի դիլետանտիզմի հետևանքով վրա հասնող տնտեսական ճգնաժամը: Ամբողջ աշխարհում արդեն գրեթե հաղթահարել են կորոնավիրուսը, իսկ Հայաստանը դեռ չի կարողանում վերահսկողության տակ առնել այն: Օրեցօր ավելանում է հիվանդացողների և մահացողների թիվը, իսկ իշխանությունը հայտարարում է, որ այլևս չի կարող բուժհիմնարկներում տեղավորել նոր հիվանդացածներին մահճակալների բացակայության պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է սա, եթե ոչ ձախողում: Ակնհայտ է, որ մեր հայրենիքը չի կարող ղեկավարել մի անձնավորություն, որն եկավ իշխանության՝ շահագործելով ժողովրդական ցասման ալիքը և որին հաջողվեց ընդամենը երկու տարիների ընթացքում կորցնել սեփական էլեկտորատի վստահությունը: Փաշինյանը պետք է հրաժարական տա և ներողություն խնդրի ամբողջ ժողովրդից կորոնավիրուսի պատճառով մահացածների համար և ժողովրդի հույսերը գետնով տալու համար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով