Մեղավորը քաղաքացիներն են՝ Նոր Հայաստանի իշխանության Know-How-ն

Այսօր ՀՀ Առողջապահության նախարարը հրապարակել է մի սրտաճմլիկ գրառում այն մասին, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Հենց այն նախարարը, որը մարտի սկզբին poker-face դեմքի արտահայտությամբ ասում էր, որ կորոնավիրուսը խիստ վտանգավոր վիրուս չէ, ուստի խիստ միջոցառումների կարիք չկա, որը եկել էր Հարավային Կորեայից և ուրախ-ուրախ կատակ էր անում, որ բոլոր լրագրողներին կվարակի, որն իրեն այդքան բարձր վարձատրվող պաշտոնին նշանակած անձնավորության անձնական քաղաքական օրակարգը կյանքի կոչելու համար արեց ամեն ինչ, որպեսզի ամենասկզբում մաքսիմալ անլրջացնի կորոնավիրուսի վտանգը և ամեն կերպ համոզում էր, որ դիմակը չի օգնում, քանի որ վիրուսն այնքան փոքր է, որ հանգիստ թափանցում է կտորի ծակոտիներով:
Պարոն Թորոսյանը հավանաբար մոռացել է, որ մենք արդեն անցել ենք այդ էտապը՝ կարանտինը:
Հիշեցնենք, որ պարետատան կողմից սահմանված կարանտինից հետո վիճակագրությունը ավելի վատն էր, քան կարանտինից առաջ:
Հիշեցնենք նաև, որ ձեր իշխանությունը հանեց կարանտինի ռեժիմը, այնուհետև ազատականացրեց սահմանափակումները, որպեսզի քաղաքացիներին էլ գումար չտրամադրի բյուջեից: Ձեր իշխանությունը թույլ տվեց գործարկել քաղաքային տրանսպորտը, որտեղ ըստ էության հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը և քաղաքացիները չեն կարող վստահ լինել, որ տրանսպորտը հավուր պատշաճի ախտահանվում է:
Նախարարը կոչ է անում սահմանափակել ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները և հանդիպումները և մնալ տանը որքան հնարավոր է շատ: Այսինքն, դարձյալ քաղաքացիներն են մեղավոր, որ օրվա իշխանությունն այնքան վատ է աշխատում, որ ամբողջ աշխարհում գրեթե արդեն հաղթահարվել է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում այն շարունակում է մոլեգնել: Մեղավոր են, որովհետև ունեն շփման բնական պահանջ և քանի որ ձեր իշխանությունը թույլ է տվել բացել սրճարաններն ու սննդի այլ օբյեկտները: Իսկ այսօր դուք կոչ եք անում չայցելել սրճարաններ:
Հաջորդ կոչը ամենազավեշտալին է: Պետք է դադարեցնենք խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր:
Հիշեցնենք, որ Փաշինյանի տիկինը վերջերս ինքնագովազդվում էր տուրիստական վայրերի լուսանկարների վրա, և այդ առիթով մեծ աղմուկ էր բարձրացվել, թե նա իր լուման է դնում տուրիզմի զարգացման գործում: Երեխաներին, ինչքան էլ դժվար է, պետք է պահել տանը, ինչքան հնարավոր է՝ շատ ու երկար, գրում է առողջապահության նախարարը: Լսե՜ք, մենք արդեն այդ ամենը անցել ենք կարանտինի ժամանակ: Եվ ունեցել ենք զրո արդյունք։ Իսկ ձեր այն առաջարկը, որ պետք է այլ զբաղմունք մտածել երեխաների համար, որ նրանք չգնան բակ խաղալու, խոսում է այն մասին, որ դուք բացարձակ պատկերացում չունեք այն մասին, թե ինչպես են ապրում մարդիկ Հայաստանում:
Ընտանիքների մի ստվար զանգված չունի ոչ մի հնարավորություն երեխաների համար որևէ զբաղմունք մտածելու, որով հետև ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս: Նույնիսկ պարզունակ թուղթ և մատիտ գնելու համար գումար է պետք: Պարոն Թորոսյանը փաստորեն մեկ և կես տարիների ընթացքում այնքան է կտրվել իրականությունից, որ այս պարզ բաները չգիտի: Իր գրառման վերջում պարոն Թորոսյանը գրում է այս սակրամենտալ խոսքերը՝ Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ… Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում ելք կար և իշխանությունը այդ երկրներում այդ ելքը գտել են, իսկ Հայաստանում ոչ մի կերպ չի գտնվում այդ ելքը: Իսկ մարդիկ ինչպե՞ս ապրեն, եթե մնան տանը: Հենց այն օրավարձով աշխատողները, որոնց գոյությունը ձեր կառավարության ղեկավարը համառորեն հերքում էր, մինչև որ չհասկացավ, որ ինքն իր փոսն է փորում դրանով: Եվ ի վերջո, եթե դուք, լինելով առողջապահության ոլորտի կազմակերպիչ, հայտարարում եք, որ ելք չկա, ապա դուք ի՞նչ գործ ունեք այդ պաշտոնում:
Միգուցե ավելի ճիշտ կլինի, որ դուք վերանայեք ձեր կողմից 2018 թվականի քայլարշավի ժամանակ հնչեցրած Հայաստանից հեռանալու գաղափարը և վերադառնաք այդ մտքին: Բավական է մեղքը գցեք քաղաքացիների վրա այն պարագայում, որ դուք տապալել եք կորոնավիրուսի դեմ պայքարը, գրեթե կաթվածահար եք արել առողջապահական համակարգը, որը շարունակում է գոյատևել բացառապես բժիշկների անձնազոհության շնորհիվ, բայց ոչ թե նախարարության կողմից ճիշտ տարվող կազմակերպչական աշխատանքների շնորհիվ:
Արձանագրենք, որ թե Պարետատունը և թե Առողջապահության նախարարությունը չեն կատարել իրենց առջև դրված խնդիրները: Մարտի 14-ից Հայաստանում արտակարգ դրություն է, և վիճակագրությունը նվազելու փոխարեն աճում է: Այսօր Հայաստանը մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդացածների քանակով անցել է նույնիսկ ԱՄՆ-ին: Ոչ մի երկրում չենք լսել, որ իշխանությունները սեփական ապիկարության համար մեղադրեն քաղաքացիներին: Սա Նոր Հայաստանի իշխանության Know-How-ն է:
Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով