Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում.«Ժողովուրդ»

«Դեռևս փետրվարի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվելու։ Այդ հրապարակային դիմումից անցել է երեք ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որևէ նորություն չկա։ Ավելին՝ նա շարունակում է աշխատել և պարգևատրումներ ստանալ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՀԱկոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց․ «Կապված կորոնավիրուսի վարակի առաջացրած բարդությունների և արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ, Երևան համայնքի բյուջետային մուտքերի ու ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել քաղաքային իշխանության, հատկապես ֆինանսական բլոկի համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումն առժամանակ հետաձգվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով՝ ստացվում է, որ Հայկ Սարգսյանը չուզելով, դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, դեռ շարունակում է աշխատել և յուրաքանչյուր ամիս նաև պարգևավճար է ստանում։ Այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգևավճար, իսկ ապրիլին էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել էին յուրաքանչյուրը 1 մլն 800-հազարական դրամով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով