Սանձարձակ երեսփոխան VS Մարդու իրավունքների պաշտպան

 

Այսօր Ազգային Ժողովում դարձյալ ականատես եղանք իշխող մեծամասնությունը ներկայացնող երեսփոխանի սանձարձակ «ելույթին»: Իրենից ոչինչ չներկայացնող ՔՊ-ական երեսփոխան, որին ընտրվելուց առաջ ոչ ոք չէր ճանաչում, ծայրահեղ ամբարտավան ձևով և գռեհիկ տոնայնությամբ քննադատում էր Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի բավականին ծավալուն և բովանդակալից զեկույցը, ինչ-որ կոչեր էր հղում ՄԻՊ-ի հասցեին և սպառնում էր քաղաքական գնահատականով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտ է, որ այդ երիտասարդը այն աստիճանի զրկված է սեփական կարծիքից և սեփական բառապաշարից, որ բառացիորեն կրկնում է իր կուսակցության առաջնորդի բարբաջանքները այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները շարունակաբար ենթարկվում է հոգեբանական բռնության: Հատկանշական է, որ բռնությունից դարձյալ բողոքում է այն իշխանության ներկայացուցիչը, որը երկու տարի շարունակ ՀՀ-ում սերմանում է և տարածում է ատելություն, կիրառում է վերբալ բռնություն, սանձարձակ հայհոյանքներ տարածող ֆեյքերի բանակի օգնությամբ փորձում է ընկճել ընդդիմախոսներին և դիմում է այլ անընդունելի միջոցների իշխանությունը պահելու համար:

Վաղարշակ  Հակոբյանի  վարքի դրսևորումը Նիկոլ Փաշինյանի օրերս մատուցված ելույթի հետևանքն է: Իր ելույթում Փաշինյանը խանդավառությամբ մեղադրում էր բոլորին բացի իր կուսակից երեսփոխանից, որը հրահրել էր ծեծկրտուքը: Հենց դա է պատճառը, որ փաշինյանական թիմի առավել երիտասարդ և անփորձ ներկայացուցիչներն առիթավորվում են:

Ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում 29 տարեկանը չբոլորած և նախկինում ոչինչով աչքի չընկած, ոչ մի քաղաքական գործունեության փորձ չունեցող և ըստ վիքիպեդիայի ոչ մի օր ոչ մի տեղ չաշխատած մի անձնավորություն, որը ճակատագրի հեգնանքով հայտնվել է մեր հայրենիքի Ազգային Ժողովում իրեն թույլ է տալիս դրսևորել այդպիսի լկտի վարքագիծ: Ուշագրավ է նաև, որ սովորությանը համաձայն ԱԺ խոսնակը չսաստեց ամբիոնից սանձարձակ ձևով հոխորտացող ՔՊ-ական երեսփոխանին, սակայն երբ ՄԻՊ-ն իր խոսքի մեջ անդրադարձավ երիտասարդի հարձակումներին, շտապեց փորձել լռեցնել նրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեպետ երիտասարդն իր դժգոհությունը շատ լղոզված էր ներկայացրել և իր խոսքի մեծ մասը կազմում էին Փաշինյանի ելույթից copy-paste արած արտահայտությունները, ըստ էության պարզ դարձավ, որ երիտասարդը նույնիսկ իրեն նեղություն չէր տվել ընթերցել գոնե ՄԻՊ-ի ամբողջական զեկույցի բովանդակության էջը:

Մի բան էր հստակ՝ երիտասարդ երեսփոխանին զայրացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում քիչ ուշադրություն է դարձվում իշխանավորների հասցեին ատելության խոսքի, հոգեբանական բռնության և այլախոհների առկայությամբ խեղճ իշխանավորների համար ստեղծվող այլ անհարմարություններին:

Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել դեղնակտուց երեսփոխանին, որ ըստ միջազգային կանոնի՝ մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե պաշտպանում է պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից:

Եզրափակելով փաստենք, որ մեր հայրենիքի Ազգային Ժողովը օրվա իշխանության թեթև ձեռքով վերածվել է միջնադարյան Բաղդադի շուկայի: Պարոն Թաթոսյանի այսօրվա պատվախնդիր արձագանքը ՔՊ-ական պատգամավորի լկտի պահվածքին միայն հարգանքի է արժանի: Սակայն ցավոք ամենայն հավանականությամբ այդ լկտի պահվածքը դատապարտող ոչ մի խոսք չենք լսի ոչ ֆրակցիայի ղեկավարից, ոչ էլ Փաշինյանից:

Նատալյա   Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով