Մեր երեխաների պայծառ ապագան ստորադասվել է օրվա իշխանության շահերին

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է Լանցարոտեի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան: Առաջին հայացքից այս կոնվենցիան կարող է իրապես կարևոր թվալ:

Այո, այդ փաստաթղթի որոշ դրույթները կարելի է ընկալել որպես երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելունն ուղղված: Վստահաբար բոլորս խստորեն դատապարտում ենք երեխաների նկատմամբ ցանկացած տեսակի բռնության դրսևորումները, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այնուամենայնիվ այս փաստաթղթում կան մի շարք խիստ վիճահարույց դրույթներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես պետք է անդրադառնանք հետևյալ երկու հոդվածներին՝ «Հոդված 2. Խտրականության արգելման սկզբունքը. Կողմերը պետք է ապահովեն, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից: Հոդված 6. Երեխաների ուսուցումը. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ:»

Հոդված 2. Այստեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք այն բանին, որ խոսքը երեխաների մասին է: Կոնվենցիայում հստակ սահմանված է, որ կանխարգելման նպատակներով պետք է առանջնահատուկ ուշադրություն դարձվի տարրական (ՀՀ-ում՝1-4 դասարաններ) և միջնակարգ (5-9 դասարաններ) կրթության շրջանակներում: Հարց է առաջանում՝ ինչ է նշանակում  ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ … սեռական կողմնորոշումից…: Այսինքն կոնվենցիան ենթադրում է, որ 6-10 տարեկան երեխան պիտի ունենա սեռական կողմնորոշում: Հաշվի առնելով, որ Հայաստանում այս կոնվենցիայի վավերացման ջատագովներից է նաև ԼԳԲՏ համայնքը, էլ ավելի շատ օրինաչափ հարցեր են առաջանում:

Հոդված 6. Այս հոդվածի տեքստում առանձնահատուկ մտահոգություններ են առաջացնում տարրական և միջնակարգ դպրոցի աշակերտներին թիրախավորումը և այն, որ ծնողի մասնակցությունը երեխայի սեռական կրթության պրոցեսում թողնված է ինչ-որ մեկի հայեցողությանը, քանի որ տեքստում ասվում է «անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով»: Իսկ ո՞վ պետք է որոշի, արդյոք կա այդպիսի անհրաժեշտություն, թե ոչ: Այս կոնվենցիան կյանքի կոչելու արդյունքում մենք կունենանք սերունդ, որի համար այլևս հիմնարար չեն լինի հայկական ավանդական արժեքները, մասնավորապես ընտանիքը: Առհասարակ, այս կոնվենցիան Հայաստանում կյանքի կոչելու համար դեռ շատ գործ կա անելու, և հենց դա է մտահոգիչը: Պետք է պատրաստվի և ընդունվի ազգային օրենսդրություն, պատրաստվեն մասնագետներ և տպագիր ձեռնարկներ, իսկ այդ բոլոր գործընթացները շատ անվերահսկելի ռիսկեր են պարունակում: Մասնավորապես, ինչպիսի՞ ծրագրով պետք է պատրաստվեն մասնագետներ, ո՞վ է որոշելու երեխաների վզին փաթաթվող այս «գիտելիքների» խորությունն ու ծավալը, ո՞վ պետք է սահմանի այն մասնագիտական բառապաշարը, որը պետք է կիրառեն երեխաների հետ աշխատող մասնագետները և ամենակարևորը, ինչպե՞ս անել այնպես, որպեսզի այս կասկածելի «կանխարգելիչ» միջոցառումների շղարշի ներքո դպրոց չսողոսկեն անցանկալի տարրեր: Հաշվի առնելով այն, որ օրվա իշխանությունը դեռ 2019 թվականին սկսել է Կրթության ազգային ինստիտուտի լուծարումը, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս գործին կլծվեն հենց այդպիսի կասկածելի տարրեր հանդիսացող զանազան սուբյեկտներ` տարբեր անվերահսկելի մարդասիրական ՀԿ-ների դիմակների տակ թաքնված: 2018 թվականին «երեխաների պայծառ ապագայի համար» փողոց փակած զանգվածը պետք է ի վերջո հասկանա, որ օրվա իշխանությանը բոլորովին չի հետաքրքրում իրենց երեխաների պայծառ ապագան: Իրենց հետաքրքրում են միայն այն ֆինանսական միջոցները, որոնք Հայաստանը կստանա այս արատավոր կոնվենցիան կյանքի կոչելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամփոփելով նշենք, որ այս կոնվենցիայի թերևս ամենաարժեքավոր հոդվածը հետևյալն է՝ Հոդված 49. Չեղյալ հայտարարումը. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել իր անդամակցումը սույն Կոնվենցիային Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցագրի միջոցով:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով