Սերժ Սարգսյանը մնում է իր բարձրության վրա

Այսօր տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին: Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ երրորդ նախագահին ուղղել է համապատասխան գրություն: Այստեղ հարկ ենք համարում  հատուկ նշել, որ այս քայլը բացառապես Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորում է, քանի որ նա որևէ օրենքով, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, պարտականություն չի կրում հանձնաժողովի լսումներին ներկայանալու:

Այս ամբողջ պատմությունը ճիշտ ընկալելու համար կատարենք մի փոքր պատմական էքսկուրս: Հանձնաժողովի անդամները և նախագահը, մասնավորապես վերջինը և ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ի վեր առանձնահատուկ էնտուզիազմով ամեն առիթ օգտագործել են, որպեսզի շեշտեն, որ Սերժ Սարգսյանը պետք է ներկայանա և իրենց հարցերին պատասխանի: Մարդիկ կամ տարրական գիտելիքներ չունեն պաշտոնաթող նախագահներին վերաբերող օրենքների մասին, կամ ամեն ինչ լավ գիտեն, բայց ժանրի կանոններով համառում են: Հատկանշական է, որ նույնիսկ օրերս եթեր դուրս եկած փաստավավերագրական ֆիլմից հետո հանձնաժողովի նախագահը չի հանդարտվում: Չնայած այն փաստի, որ ֆիլմում տրվել են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները, հանձնաժողովը շարունակում է համառել: Հավանաբար Անդրանիկ Քոչարյանը հույս ուներ, որ Սերժ Սարգսյանը չի համաձայնի մասնակցել լսումների և այդպիսով հեղափոխական կեղծ օրակարգի ջատագովներն առիթ կունենան ծավալվել այդ թեմայի շուրջ և իրենց ռեպերտուարին բնորոշ անհեթեթություններ հնչեցնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Սերժ Սարգսյանը,ինչպես բազմիցս է եղել, մնաց իր բարձրության վրա: Համաձայնելով մասնակցել այս հանձնաժողովի լսումներին, նա հստակ ուղերձ հղեց բոլոր նրանց, ովքեր ամեն պատեհ և անպատեհ առիթով ջանում էին անվանարկել Արցախի հերոսին: Սերժ Սարգսյանը երիցս ապացուցեց, որ նա հայ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի:

Հատկանշական է նաև, որ մոլեգնող համավարակի պարագայում, հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է լսումներ կազմակերպել: Չէ որ դեռ հայտնի չէ,արդյո՞ք արտակարգ դրությունը կավարտվի  ապրիլի 14-ին, ինչպես որ նախատեսված է եղել, թե հանգամանքների բերումով կերկարաձգվի:

Ինչ խոսք, գլոբալ իմաստով դրական է, որ պետական գումարներով սնվող հանձնաժողովն  այդքան համառ է իր նպատակներին հասնելու ճանապարհին: Սակայն պիտի արձանագրենք, որ այդ հանձնաժողովն ինքնին խեղկատակ է, և ուստի դրա նպատակներն ոչ այլ ինչ են, քան ամբոխահաճո պոպուլիզմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Սերժ Սարգսյանի նման իրական առաջնորդները, որոնք գիտակցում են հանրության առջև իրենց պատասխանատվության չափը, երբեք չեն օգտվում առիթից և չեն խուսափում բոլոր առումներով տհաճ իրավիճակներից: Նրանք պարզ ճակատով դիմավորում են կեղծ օրակարգի հետևանքով արհեստականորեն առաջացած մարտահրավերները և չեն ստում սեփական վարկանիշը փրկելու համար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով