Նիկոլ Փաշինյանի «ժուժկալ » պայքարը կորոնավիրուսի դեմ և 7 միլիոն դոլարանոց հանրաքվե անցկացնելու ցանկությունը.Նարեկ Միրզոյան

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար
Արսեն Թորոսյանն ասել է, որ դեռ երկար ժամանակ՝ մասնավորապես 1-2 տարի, հնարավոր չի լինի վերադառնալ նախկին կյանքին։
Աշխարհի պետությունները միջոցներ են փնտրում սպասվող տնտեսական ճգնաժամը մեղմելու ուղղությամբ: Կորոնավիրուսը արդեն իսկ հսկայական վնասներ է հասցրել ՀՀ տնտեսությանը և վիճակը գնալով ահագնանում է։
Նման իրավիճակում բոլոր երկրների կառավարությունները միջոցներ են ձեռնարկում բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու ուղղությամբ: Շատ երկրների կառավարություններ փոխհատուցում են ազգաբնակչության կոմունալ վարձավճարները՝ հնարավորություն տալով հարկադիր պարապուրդում գտնվող մարդկանց չմտածել սոցիալական խնդիրների մասին և առավել զգոնությամբ պահպանել մեկուսացման պայմանները՝ հնարավորություն տալով կանխել վիրուսի տարածումը:
Մեր երկրում տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ բազմիցս բարձրաձայնել են կոմունալ վճարումների փոխհատուցման անհրաժեշտության մասին՝ որպես օրինակ նշելով հարևան Վրաստանը, սակայն գործող իշխանությունը և մերձիշխանական շրջանակները պատճառաբանում են ֆինանսների սղությունը՝ ասելով, որ մեր երկիրը նման «ճոխություն» իրեն թույլ տալ չի կարող:
Այս իրավիճակում, երբ արտակարգ դրության երկարաձգումը կարծես թե անխուսափելի է, մեղմ ասած տարօրինակ է իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից չհրաժարվելու մոլուցքը: Իշխանությունները, փաստացի ընդունելով կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված ճգնաժամը, չեն ցանկանում հայտարարել հանրաքվեն չեղարկելու և Սահմանադրական դատարանի 7 դատավորներից ազատվելու համար մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար վատնելու մտքից: Գործող իշխանությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է անհապաղ չեղարկի հանրաքվեն և դրա համար նախատեսված գումարը օգտագործի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։
Հ.Գ. Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար նախատեսված 7 միլիոն ԱՄՆ դոլարը կբավականացնի բնակչության խոցելի խմբերի կոմունալ վարձավճարները գոնե մի քանի ամսով փոխհատուցելու համար:

Նարեկ  Միրզոյանի  ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով