Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

10 փաստ, 10 անհերքելի փաստ, որ արտակարգ դրության և կարանտինի ընթացքում Հայաստանում աղքատ խավն ավելի աղքատ է դառնում, իսկ հարուստներն ավելի են հարստանում:

1 .Հայաստանում կառավարությունը պատրաստ է 300.000.000 դոլարի չափ գումար տրամադրել, սուբսիդավորելով այս օրերին բանկերից վարկեր վերցնող այն ընկերությունների պարտքերի և տոկոսների մի մասը, որոնք այդ գումարով պատրաստվում են վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, վճարել հարկեր և տուրքեր, կատարել վարձավճարներ: Սակայն այդ ամենը չի վերաբերվում հասարակ մահկանացուներին և նրանք այդ գումարից օգուտ չեն ունենա: Մի շարք խոշոր գործատերեր կարողանալու են այդ ամենը օգտագործել իրենց շահի համար, այնինչ փոքր և միջին ձեռնարկատերերից շատերը խուսափելու են նման բյուրոկրատական քաշքշուքների մեջ խառնվելուց և տուժելու են: Բարձրաստիճան այրերը այդ մասին խոսելիս այնպիսի բանկային տերմիններ են օգտագործում, որ նրանց խոսքն անգամ վախեցնում է աղքատ և միջին խավին և գցում մոլորության մեջ:

2.Կառավարության աջակցությունից մաս կհասնի նաև պետական աշխատողներին և տարբեր մասնավոր կազմակերպություններում գրանցված անձանց՝ էլիտար խավին: Չգրանցված և օրավարձով աշխատող անձանց ոչ մի օգնություն չի հասնի, այնինչ այդ անձանց մեծամասնությունը ևս աղքատ խավի ներկայացուցիչներն են:

3.Հայաստանում արտադրանքի մեծ մասը տալիս են փոքր և միջին ձեռնարկություններն, այնինչ այսօր գործարանների և ՓՄՁ-ների աշխատանքը դադարեցված է, և նրանք այլևս շատ ապրանք չեն տալիս խանութներին, այնինչ ներկրողների և խանութների աշխատանքը շարունակվում է, և ներկրողներն ու խանութները սկսում են մեծացնել իրենց շահույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4. ՓՄՁ գործարարները արտադրում են փոքրաքանակ արտադրանք և շատ հաճախ վաստակում ընդամենը օրվա հացի փողը: Նրանք այսօր չեն աշխատում և ոչ էլ ունեն պահեստավորված ապրանքներ, կամ էլ ունեն շատ սակավ պաշարներ, որն արդեն իսկ շուկայում սպառվել է, կամ շուտով կսպառվի և նրանց կդարձնի եկամուտ չունեցող: Այնինչ խոշոր արտադրողներն ունեն մեծաքանակ արտադրանքի պաշար, որի մի մասը կվաճառեն, իսկ մյուս մասը կպահեն ուշ շրջանի համար և հավանաբար կծախեն ավելի թանկ գնով, ստանալով գերշահույթ, որից բացի շուկայում էլ կգրավեն նաև փոքր արտադրողների տեղը: Վերջում ներկրողներն ու խոշոր արտադրողներն ընդհանրապես շուկայից դուրս կշպրտեն ՓՄՁ-ներին: ՓՄՁ-ն և ցածր ու միջին խավը կտուժեն:

5 Կառավարությունն արտակարգ իրավիճակներում որոշակի անհրաժեշտ արտադրանքներ տվողների մրցույթներ է իրականացնում, կատարում գնումներ և հաղթողներին տալիս արտոնություններ: Օրինակ՝ օրական 10.000 ալկոգելի արտադրություն 30 օր անդադար: Նման մրցույթներին բնականաբար փոքր ձեռնարկությունները ոչ միայն չեն հաղթում, այլ անգամ չեն էլ մասնակցում, քանի որ չեն կարող տալ նման ծավալներ: Մասնակցում և հաղթում են և այդ արտոնությունից օգտվում են միայն խոշորները, որոնք առանց այդ էլ շուկայում ունեն մոնոպոլի նման դիրք:

6 . Արտակարգ իրավիճակում մետրոն և հասարակական տրանսպորտը չեն աշխատում, և կարիքավոր անձինք անգամ խիստ անհրաժեշտության դեպքում չեն կարող ուղևորվել աշխատանքի 2-3 հազար դրամ աշխատելու, քանի որ այդքան ստիպված կլինեն տալ տաքսիի վարձավճար, և նրանց աշխատանքը կդառնա անօգուտ: Իսկ այն անձինք, ովքեր արդեն իսկ ունեն անձնական ավտոմեքենա և միևնույնն է չէին օգտվում հասարակական տրանսպորտից, կարող են ազատ տեղաշարժվել և անհրաժեշտության դեպքում կրկին գնալ ինչ-որ տեղ և վաստակել գումարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

7.եթե հարուստ ընտանիքն անգամ 1 օրում ծախսի 100 դոլար գումար, 1 ամիս գոյատևելու համար նրանից կպահանջվի 3000, իսկ 1 տարում՝ 36000 դոլար, որը հարուստ ընտանիքի համար խնդիր չէ: Հարուստներն այդպես կարող են գոյատևել անգամ մի քանի տարի, այնինչ միջին և աղքատ խավը գրեթե չունեն կուտակած գումար և անաշխատանք մնացած 1 ամսվան հաջորդող 1 ամսում նրանք դժվարանում են անել անգամ ամսվա կտրվածքով 200 դոլարի գնումներ:

8. Աղքատները կարանտինի և այլ արտակարգ իրավիճակի ընթացքում ստիպված են լինում վաճառել մի շարք թանկարժեք, բայց ոչ կարևոր իրեր, շուկայականից անհամեմատ ավելի էժան գնով, օրինակ՝ ոսկեղեն, արծաթեղեն թանկարժեք տեխնիկա, սպասք: Նրանք դա անում են օրվա հացի փողը վաստակելու համար, այնինչ հարուստները կարողանում են այդ ամենը գնել և ճգնաժամի ավարտից հետո դուրս գալ ձեռքբերումներով:

9. Զգալի կէժանանա նաև ավտոմեքենաների և անշարժ գույքի գինը, սակայն աղքատ և միջին խավը միևնույնն է չի կարողանա օգտվել դրանից: Կրկին կօգտվեն միայն հարուստները:

10. Նման ճգնաժամային իրավիճակներում շուկան որոշակիորեն դուրս է գալիս վերահսկողությունից և առաջ են գալիս խաբեբաներ, նաև էժանագին, ցածրորակ, ժամկետանց և հաճախ նաև վնասատու մթերքներ, որոնց գնորդը ցածր խավն է, որի առողջությունը դրանցից դառնում է վտանգված:

Այս ամենն ամփոփելով, հասակնում ենք, որ արտակարգ իրավիճակում, ինչպիսին կարատինն է, հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում: Ի դեպ, սա ոչ միայն մեր եզրահանգումն է, այլ նաև ժամանակի խոշոր գործարարների, օրինակ՝ «Աղքատ հայրիկ, հարուստ հայրիկ» գրքի հեղինակ, ամերիկացի խոշոր գործարար, միլիարդատեր, ներդնող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիյի: Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում և այս վիճակը լրիվ ձեռնատու է ունևորներին: Սակայն հարկ է հասկանալ, որ այս վիճակը ձեռնտու է նաև օրվա իշխանությունների համար:

Ինչքան որ երկարում է արտակարգ իրավիճակը և կարանտինը, այդքան երկար են նրանք կարողանում զբաղվել ոչինչ չանելով և իրենց վնասներն արդարացնելով: Ինչքան երկար է տևում արտակարգ իրավիճակը և կարատինը, այդքան ավելի շատ են դրանից հետո պետության ղեկավարները կարողանում դրանով արդարացնել իրենց ձախողումներն ու կորուստները: Ի դեպ, հենց այդպես էր վարվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մինչև իսկ իր խայտառակ հրաժարակի օրը, 1998թ-ի փետրվարի 3-ը, երկրում ստեղծված քաղաքատնտեսական կոլապսը և բյուջեի ճեղքվածքը արդարացնում էր Արցախյան պատերազմով, այնինչ ազատամարտի հրադադարի համաձայնագիր կնքվել էր դեռ 1994թ–ի մայիսի 12-ին:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով