Հպաաաաարտ քաղաքացին այսօր իր կաշվի վրա զգաց իր սրտի վարչապետի վարչակազմի ողջ «հմայքը»

Այսօր կոմունալների վճարման վերջին օրն էր…Այդ մասին խոսեցին շատերը: Կոչերով հանդես եկան, հորդորեցին կառավարությանը միջամտել, բայց կառավարությունը լուռ անտեսեց հանրության հորդորը:
Մենք չենք զարմանում, մենք չենք հիասթափվում, քանզի մենք 2018 թվականի իշխանազավթումից ի վեր գիտեինք, որ այս կառավարությունը չունի քաղաքացիների կյանքը բարելավելու, կյանքի մակարդակը բարձրացնելու կամ տնտեսական հնարավորությունները ընդլայնելու նպատակ:
Մենք 2018 թվականի իշխանազավթումից հետո ամեն առիթ օգտագործել ենք հանրությանը ցույց տալու համար, որ օրվա իշխանությունը ունի մեկ գերագույն նպատակ՝ վերարտադրվել ամեն գնով: Բայց կան մարդիկ, ովքեր հավատացել են այս իշխանությանը:
Այդ մարդիկ փողոց են փակել, բղավել են «դըմփ-դըմփ-հու», կոկորդները ճղելով ղժղժացել են «Մերժիր Սերժին», մեր հայրենիքի քաղաքներում կազմակերպել են կենդանի մարդկանց թաղումներ սև ժամավեններով և սգո լուսանկարներով: Եվ ի վերջո, հենց այդ մարդիկ են իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական ուժը: Այդ մարդիկ միանշանակ այսօր հիասթափված են: Այդպիսի մարդկանցից է նաև Սասնա Ծռեր ահաբեկչական խմբավորման ջատագով և Նիկոլ Փաշինյանի ֆանատների ակումբի անդամ, երգահան Միքայել Մարգարյանը:
Այս անձնավորությունը ունի բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա կանգնած է 2018 թվականի հանրահավաքների ժամանակ բեմին կանգնած է Կարգին Հայկոյի, Տիգրան Ավինյանի և այլ հեղափոխական գործիչների հետ: Այդ օրերին նա ժպտում էր, նա երջանիկ էր, մարդկանց էր մերժում, ովքեր այնքան մեծ գործ են արել մեր հայրենիքի համար, որ նա նույնիսկ եթե ցանկանա՝ չի կարողանալու անել:
Այդ օրերին նա աշխարհի թագավորն էր, քանի որ կանգնած էր կեղծ օրակարգով իշխանություն զավթած փողոցային ակտիվիստների կողքին: Իսկ այսօր նա միայնակ բողոքի ակցիա էր անում, քանի որ իր բնակարանի հոսանքն անջատել էին չվճարելու պատճառով և իր երեխաներն առցանց դաս անելու հնարավորություն չունեն: Նա դժգոհ էր, ծայրահեղ աստիճանի դժգոհ: Նա վիճաբանության մեջ էր մտնում ոստիկանության աշխատակիցների հետ, նա պնդում էր, որ նոր իրականության մեջ պարետը որոշում է, որ քաղաքացիները ակցիա չեն կարող անել, բայց պիտի վճարեն կոմունալները, Կառավարությունը այսօր քաղաքացիներին չի ուզում լսի և ուղարկում է ոստիկանությանը քաղաքացիներ կարգի հրավիրելու համար: Նա նույնիսկ փորձել էր դիմել անցնող Սասուն Միքայելյանին, աղաչում էր, գոռում էր, թե պարոն Սասում Միքայելյան, լուծում տվեք այս հարցին, քաղաքացուն հենց այնպես տեղը նեղում են…. Բայց ապարդյուն:
Ոստիկանները ուժ կիրառեցին… Հպաաաաարտ քաղաքացին այսօր իր կաշվի վրա զգաց իր սրտի վարչապետի վարչակազմի ողջ «հմայքը»:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով