Հաղթողներին չեն դատում,բայց ոչ Հայաստանում

Հաղթողներին չեն դատում… Ռուսական կայսրուհի Եկատերինա II-ի այս խոսքերը, ինչպես գիտենք՝ հասցեագրված էին Դանուբի ափին գտնվող թուրքական Տուրտուկայ ամրոցը սեփական նախաձեռնությամբ գրավելու համար ռուս մեծ զորավար Սուվորովին տրիբունալի որոշմամբ մահապատժի դատապարտած գեներալ-ֆելդմարշալ Ռումյանցեվին:

Այս խոսքերը առանձնահատուկ նշանակություն ունեն այսօր, երբ մեր հայրենիքում օրվա իշխանությունը անհասկանալի պատճառներով ջանք չի խնայում արժեզրկելու համար մեր հաղթանակները և անվանարկելու համար մեր հերոսներին: Մեր հայրենիքում այսպես կոչված ժողովրդի ծառաներն ԱԺ-ում ամեն կերպ փորձում են հերքել ռուս կայսրուհու այս հայտնի խոսքերը և ուզում են ապացուցել հակառակը՝ Հայաստանում հաղթողներին դատում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե դատում են փոխաբերական իմաստով՝ ապրիլյան քառօրյայի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը չունի դատելու լիազորություն, սակայն հանձնաժողովի անդամները ամիսներ շարունակ անում են ամեն ինչ, որպեսզի հանրայնացնեն և տիրաժավորեն անբարոյական միֆեր: Միֆեր, որոնք ունեն մեկ նպատակ՝ հանրությանը համոզել, որ 2016 թվականին Հայաստանում տեղի է ունեցել դավադրություն, որ «գիտեին, բայց ոչինչ չարեցին», «փամփուշտ չկար», «զինվորները սոված էին» և այլն: Ըստ էության, բոլոր այս միֆերը թիրախավորում են մեկ անձի՝ Սերժ Սարգսյանին:

ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ հարձակումները իրականում իրականացվում են մի քանի ճակատով՝ անհեթեթ քրեական գործ, ապրիլյանի շրջանակներում դավադրություն, այսպես կոչված դեմոնիզացիա և կերպարի ոչնչացում մամուլում և սոցցանցերում:

Այսպես կոչված ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան տեսանք երեկ, երբ Սերժ Սարգսյանը մասնակցեց ԱԺ-ում հանձնաժողովի լսումներին: Առաջին սառը ցնցուղը ապշեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, երբ Սերժ Սարգսյանը համաձայնեց մասնակցել լսումներին: Հանձնաժողովն այնքան ապշած էր, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի հարցմանը լսումները տեսաձայնագրելու վերաբերյալ հարցմանը 2 օր չէր կարողանում հոդաբաշխ պատասխան տալ: Սառը ցնցուղին հետևեց հաջորդ հարվածը՝ բուն լսումները: Լսումների ընթացքում կարճ ընդմիջման ժամանակ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ակնհայտ երևում էր, որ հանձնաժողովի նախագահը դժգոհ է: Դժգոհ է, քանի որ ստիպված է փաստել, որ Սերժ Սարգսյանը «բավականին պատրաստված էր եկել», «Դեռ մի բան էլ մեր հարցերի մեջ ինքն ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է քննիչ հանձնաժողովին մեր պաշտպանական գերատեսչության կողմից», և այլն: Պարոն Քոչարյանը այնքան զայրացած էր, որ նույնիսկ երբ լրագրողները շարունակաբար շեշտում էին 800 հեկտարի հարցը, ափերից դուրս եկավ և ասեց, որ 800 հեկտարից ավելի կարևոր հարց ենք տվել Սերժ Սարգսյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացնում ենք, թե ինչքան է ինքնատիրապետումը կորցրել հանձնաժողովի նախագահը, որ հայտարարել է, թե 800 հեկտարից ավելի կարևոր հարցեր կան:

Առնվազն տարակուսելի է այսպիսի հայտարարությունը: Կարծում ենք, որ այս անհեթեթ հանձնաժողովը, որն ունի մեկ ֆունկցիա՝ արժեզրկել մեր հաղթանակը, և որը ամիսներ շարունակ պետական բյուջեի հաշվին է ապրել, սպառել է ինքն իրեն: Բարեբախտաբար, հանձնաժողովը պիտի իր աշխատանքներն ավարտի հունիսի 4-ին և այլևս նրա աշխատանքները երկարացնել հնարավոր չէ:Վերջապես այս անիմաստ հանձնաժողովը կդադարի իր գործունեությունը: Հուսանք, որ Անդրանիկ Քոչարյանի կողմից խոստացած զեկույցը կարտացոլի իրականությունը, այլ ոչ թե կկատարի իշխանության պատվերը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով