Ոնց ուզում եք՝ գնացեք քվեարկեք, ձեր քվեարկածի արձագանքը ստանալու եք. Վարչապետը՝ գյուղացիներին

Օրերս Փաշինյանը գնացել է Կուրթան գյուղ… Մեքենայից իջնելուց անմիջապես հետո մի ծեր կին մոտենում է իրեն հացով և աղով և ասում է. «Աստված ես դու ժողովրդի համար…»: Փաշինյանը առանց երկմտելու համտեսում է հացն ու առաջանում դեպի կիսափլված մի տուն: Խեղճ կինը անդադար խոսում է իր խնդիրների մասին, ինչով հավանաբար հունից հանում է Փաշինյանին, ով շատ կոպիտ ձևով կնոջը պատասխանում է, որ հիմա քարոզարշավի փուլ է, ուստի նա չի կարող որևէ նյութական խոստում տալ:

Էլի մարդիկ մոտեցան, բոլորն իրենց խնդիրներով, բայց Փաշինյանին դա բոլորովին չէր հետաքրքրում, նա իշխանության գալուց հետո շատ արագ ձևավորված սովորությանը համաձայն ցրեց մարդկանց խնդիրները իր վրայից և շարունակեց քարոզարշավը: Բայց սա դեռ սկիզբն էր: Մի գյուղացի տղամարդ սխալվում, մոտենում է Փաշինյանին իր տան խնդիրներով: Վագոն-տնակում բնակվող տղամարդը վարչապետից շատ կոպիտ պատասխան ստացավ, վարչապետն իրեն մեղադրեց չաշխատելու համար, գռեհկաբար ավելացնելով, թե «ի՞նչ ա, վարչապետն ա քո տունը ստեղծելու՞», մեջ բերեց արժանապատվության հարցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվեց, որ վարչապետն ամբողջ կյանքում 24 ժամ աշխատել է ու իր 3-սենյականոց բնակարանը գնել 3-րդ մասում: Վարչապետը բացի դրանից էլի շատ վատ բաներ ասեց գյուղացիներին: «Ձեռդ, ոտդ տեղը՝ առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի…» Մենք, իհարկե, չենք կարող վարչապետի նման վստահ ասել, արդյոք իրենց այդ հարցով դիմող գյուղացին իրականում առողջ էր, թե ոչ, բայց մեկ բան ակնհայտ է՝ վարչապետը չի հարգում իր երկրի քաղաքացիներին: Ավելի ճիշտ, նա հարգում է միայն նրանց, ով իրեն կարող են օգտակար լինել, իսկ նրանց, ով հանգամանքների բերումով մնացել է իշխանության քմահաճույքի հույսին, վարչապետը ոչ միայն չի հարգում, այլ նրանց կողքին ակնհայտ դիսկոմֆորտ է զգում:

Տեսանյութից պարզ էր դարձել, որ վարչապետն ուզում էր արագ փախչել այդ գյուղացիներից, քանզի հարցերը շատանում էին, իսկ նա պատասխաններ չուներ: Նախկիններին մեղադրելու հարցում գյուղացիները վարչապետից լավ էին գործը գլուխ բերում, ուստի Փաշինյանը հասկացավ, որ իր գլխավոր խաղաքարը այստեղ չի աշխատի: Նա ամբողջովին կորցրեց ինքնատիրապետումը և կոպտեց անճար գյուղացուն: Սկսենք նրանից, որ երբ Փաշինյանը բոցաշունչ հորդորներ է շռայլում առ այն, որ գյուղացին պետք է գնա աշխատի և իր տունը ստեղծի, նա մոռանում է հստակեցնել, թե որտեղ պիտի այդ գյուղացին աշխատի:

Միգուցե այն մեծ ֆերմաներում, որոնք կառուցվել են Փաշինյանի օրոք աննախադեպ ներդրումների շնորհիվ: Թե այն նոր գործարաններում, որոնք նույնպես կառուցվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստան անծայրածիր օվկիանոսի պես հոսած ներդրումների շնորհիվ: Ոչ, Փաշինյանը ոչ մի գործնական բան չի առաջարկում գյուղացուն: Միայն արտահայտում է իր զայրույթն ու մեղադրում դիմացինին անգործության մեջ: Դե ի՞նչ գործնական բան առաջարկի, չէ որ նա ինքն էլ գիտի, որ չկա ոչ մի թռիչքաձև տնտեսական աճ, որ չկան ներդրումներ, որ անշարժ գույքի գներն աճում են, իսկ աշխատատեղերը՝ կրճատվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույնիսկ 50 000 նոր աշխատատեղերի մասին հեքիաթը այլևս ոչ ոգու չի ոգեշնչում, բոլորն արդեն հասկացել են, որ դա ընդամենը մանիպուլյացիա էր, ոչ մի աշխատատեղ չի բացվել: Հիմա ի՞նչ անի այդ գյուղացին: Ո՞ւր գնա աշխատի: Փաշինյանը սեփական կասկածելի օրինակը բերեց, ասելով, թե 24 ժամ աշխատել և տուն է ստեղծել, սակայն, նույնիսկ եթե ենթադրենք, որ դա ճիշտ է, ապա գյուղացին չունի այն հնարավորությունները, որոնք ունեցել է Փաշինյանը՝ սկանդալային հասարակական գործիչ լինելով՝ դառնալ ԱԺ պատգամավոր և ստանալ պետական աշխատավարձ, չհաշված այլ բոնուսները: Այ եթե նույն գյուղացին դիմեր Փաշինյանին վերջինի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, վստահաբար նրա խնդրի մասին կիմանային բոլորը, դրա մասին կխոսվեր ԱԺ ամբիոնից, կգրեր 1am-ը և Հայկական Ժամանակը…

Ընդդիմադիր Փաշինյանը բոլոր պատասխանատուներից արձագանք կպահանջեր և մի լավ փիառ կաներ ինքն իրեն՝ այդ խեղճ ու կրակ գյուղացու խնդիրը շահարկելով: Բայց այդ ժամանակ պատասխանատվության ողջ բեռը Փաշինյանի ուսերին չէր և նա հեշտ էր ապրում, ուրիշներից արդյունքներ պահանջելով: Այսօր անձամբ Փաշինյանն է պատասխանատու Հայաստանի բոլոր քաղաքացիների բարեկեցության համար: Այսօր այդ խեղճ գյուղացու խնդիրը լուծելը Փաշինյանի պատասխանատվությունն է, իսկ նա, ավաղ, ոչ կարողանում է, ոչ էլ մեծ հաշվով ցանկանում է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: 2018 թվականին փողոցներ փակելիս և զանգվածային անկարգություններ կազմակերպելիս Փաշինյանը հավանաբար կարծում էր, որ իշխանության գալուց հետո նա պարզապես վերաբաշխելու է պետության բարիքները հօգուտ իրեն և յուրայինների, իսկ պետական աշխատանքը ինքն իրեն կարվի, իներցիայով: Այսօր, 2 տարի անց, նա արդեն լավ հասկանում է, որ երկիր կառավարելը իր խելքի բանը չէ: Նա լավագույն դեպքում կարող է ընդդիմադիր կեցվածքով բոլորի հասցեին մեղադրանքներ շաղ տալ ԱԺ ամբիոնից:

Ամփոփելով, նշենք, որ Կուրթան գյուղից հեռանալուց Փաշինյանը սպառնաց հավաքված գյուղացիներին, ասելով. «ոնց ուղում եք գնացեք քվեարկեք, ձեր քվեարկածի արձագանքը ստանալու եք»:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով