Դիմակ բաժանելու և ճգնաժամը կառավարելու փոխարեն՝ հանգստացնող ելույթներ

Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը: Ամբողջ աշխարհում և ամենուրեք կա բժշկական դիմակների պակաս, որի պատճառը խուճապն է, ինչ-որ կերպ հիվանդանության դեմն առնելու միջոցի փնտրտուքը: Սակայն միաժամանակ մի շարք զարգացած երկրներում, այդ թվում նաև Չինաստանում, որը համարվում է հենց կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնը՝ դիմակները հանրային վայրերում բաժանվում են անվճար: Չինաստանն ունենալով ավելի քան 1 միլիարդ բնակչություն, հավուր պատշաճի կազմակերպեց համաճարակի դեմ պայքարը, իրականացրեց վարակակիր քաղաքաների կարանտինը, հանրային տրանսպորտը, հավաքատեղիները պարբերաբար ենթարկվեցին ախտահանման: Այսօր Չինաստանում վարակակիրների թիվը արդեն նվազում է և բժիշկները հանում են դիմակները:

Իսկ Հայաստանում, երբ դեռ նոր էին տարածվում կորոնավիրուսով վարակված առաջին անձանց մասին հայտարարությունները, շատ դեղատներում արդեն իսկ դիմակներ չկային, մի շարք դեղատներում դիմակները վաճառվում էին արդեն 5-ից 10 անգամ ավելի թանկ գնով՝ 40-ի փոխարեն, 200-400 դրամով: Այսինքն, այն պահին, երբ դեռ կորոնավիրուսի համաճարակը նոր-նոր պիտի ոտք դներ Հայաստան՝ Հայաստանի ներկայիս կառավարությունն արդեն ձախողել և տապալել էր ճգնաժամային իրավիճակի պետական կառավարումը՝ իրենից պահանջվող գործառույթների առաջ դուրս գալով ապիկար ու անկարող: Փոխարենը խուճապի շնորհիվ ավելորդ շահույթ ստացան մի քանի առևտրականներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրա փոխարեն ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հանդես եկավ հայտարարույամբ, հասարակությանը տեղեկացնելով, որ դիմակների անհրաժեշտություն չկա: Մի քանի անգամ ելույթ ունեցավ նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն էլ իր հերթին հայտարարեց, որ կորոնավիրուսն իրականում շատ վտանգավոր վիրուս չէ, և նրա դեմ հատուկ միջոցներ կիրառելը պետք էլ չէ և որ կորոնավիրուսով հիվանդ մարդը թեյ, սուրճ կամ օղի կարող է խմի ու լավանա: Երեկ՝ մարտի 12-ին, սահմանադրության փոփոխման «այո»-ի քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կորոնավիրուսներին հատ հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»: Նույն օրվա երեկոյան սակայն պարզվեց, որ մարտի 13-ին նախատեսվող քարոզարշավը չեղյալ է հայտարարվում, իսկ Հայաստանի բոլոր կրթօճախներում հայտարարվում է արձակուրդ: Այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք, ռիսկային խմբում գտնվող մի քանի տասնյակ անձինք էլ մեկուսացված են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն իր հերթական «հանգստացնող» ելույթններն է ունենում և հայտարարում կրկին, որ մարդիկ փողոցներում դիմակներ կրելու անհրաժեշտություն չունեն. «ավելի լավ է, օրինակ, հանդիպելիս ձեռքով չբարևել և բարևելիս՝ չհամբուրվել: Սա շատ ավելի էֆեկտիվ է, քան դիմակը»:

Այսինքն, ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացվում է ճգնաժամային իրավիճակի պետական կառավարմամբ, իսկ մեզ մոտ՝ ծածկադմփոցով, թեյ և օղի խմել քարոզելով և «հանսգացնող» ելույթների հեռարձակմամբ: Ախտահանիչ նյութերի և դիմակների վաճառքը պետության կողմից չի վերահսկվում և դառնում է հավելյալ եկամուտ ձեռք բերելու ու հարստանալու հնարավորություն, և մենք սկսում ենք ապրել երկատված իրականության մեջ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով