Քաղաքական իշխանության որդեգրած ճանապարհը, որն, ըստ էության, քաղաքացիների 2018թ.-ի ապրիլյան ընդվզման հետ այլևս առնչություն չունի, մեր երկիրը տանում է կործանման: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն: Քաղաքական իշխանությունը, ունենալով մեծամասնութուն ԱԺ-ում, Սահմանադրությամբ հնարավորություն ունենալով ինքն ընդունելու համապատասխանա օրենքը կամ փոփոխությունը սահմանադրության մեջ, ինչու՞ է հարցը տեղափոխում ժողովրդի վրա: Պատասխանն այն է, երբ սահմանադրական փոփոխության օրենքի նախագիծ էր շրջանառության մեջ դրել, հասկացավ, որ հանցագործություն է թույլ տալիս, և սկսեց շահարկել ժողովրդի անունը»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե ՀՀ-ն կարող է լինել ուժեղ, թե իշխանության լինեն արժեքային համակարգ կրող մարդիկ, իսկ այժմ Հայաստանում չկա այդպիսի իշխանություն:
Նրա համոզմամբ՝ իրականում քաղաքական իշխանությանը պետք չէ հանրաքվե, այն անհրաժեշտ է մեկ բանի համար՝ ժողովրդի անունից և ժողովրդի որոշմամբ քողարկել սեփական հանցագործությունը: «Սա սահմանադրական կարգի տապալում է: Ուզում եմ հիշեցնել, որ 10-15 տարվա ազատազրկում է սպասվում բոլոր այդ մարդկանց, և քանի որ նրանք, ի վերջո, նաև կազմակերպված հանցավոր խմբավորում են դիտարկվելու, օրենքով շատ ավելի դաժան պատիժներ են հասնում»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Մինասյանի նշեց՝ չի կարելի ցածրակարգ մոտեցումներով ժողովրդին բերել իբր քաղաքական իշխանությանը կամ վարչապետին պաշտպանելու դաշտ: «Դա ժողովրդին ուղղակի ձեռք առնել է նշանակում տրամաբանությանը, ողջամտությանը»,-հավելեց Մինասյանը:
Վերջինիս կարծիքով՝ այսօր անգամ այն սփյուռքահայերը, որոնք ողջունել են երկրում բարեփոխումներն ու 2018-ի ժողովրդական ընդվզումը, ապշած են՝ ինչպես կարող է գործադիր իշխանության ղեկավարը, քաղաքական դատարանը շրջափակելու, դատարանի նկատմամբ հարձակում կազմակերպելու մասին հայտարարություններ անել:
Նա ընդգծեց՝ անմեղության կանխավարկածն ամեն օր, ամեն կերպ, այդ թվում՝ ԱԺ բարձր ամբիոն օգտագործելով ոտնահարվում է: Նա, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց. «Դուք ի՞նչ իրավունք ունեք առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի՝ մարդուն մեղադրել, վարկաբեկել, դարձնել հանցագործ: Ո՞վ է տվել Ձեզ այդ իրավունքը»:
Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, թե օտարերկրյա ներդրումների առումով գտնվում ենք ամենաբարձր ռիսկային գոտում, այս վարքագծի պահպանման դեպքում ներդրումներ չեն լինի:
Նա կոչ արեց չմասնակցել հանրաքվեին, իսկ մասնակցելու դեպքում կամ «Ոչ» քվեարկել կամ անվավեր դարձնել քվեաթերթիկները:
Մանրամասն`tert.am-ի տեսանյութում: