Իսկ Պողոսը տեղյա՞կ է, թե որքան գումար պիտի ծախսի, որպեսզի կարողանա 50 եվրոյով Հռոմ թռնի

Վարչապետը նոր երգ է սովորել՝ 50 եվրոյով Հռոմ գնալ-գալու մասին: Վարչապետը այդ երգը շատ է սիրում, չգիտես ինչու այդ երգի առարկան կապում է ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման հետ: Նույնիսկ զարմանալի չի լինի, եթե գա մի օր, երբ նա այդ երգի առարկան ներկայացնի որպես աննախադեպ տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը պայմանավորող հիմնական գործոն:

Դե գիտեք, վարչապետի մոտ օպորտունիստական աճպարարությունը լավ է ստացվում: Վերջերս այդ երգը հաճախակի է երգում, բայց ամեն անգամ մի տեսակ տպավորություն է, որ այն կեսից է սկսում: Դատեք ինքներդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիցուք սովորական քաղաքացին ինչ որ հրաշքով կարողացել է խնայել 50 եվրո և որոշել է մեկնել Հռոմ: Պիտի հասկանանք, որ Հռոմը այս դեպքում հավաքական հասկացություն է և խորհրդանշում է նաև այլ քաղաքներ, դեպի ուր վարչապետը պարբերաբար հայտարարում է էժան ավիատոմսերի առկայությունը: Բոլոր նրանց, ով գոնե մեկ անգամ ճանապարհորդել է այնպիսի երկիր, ու մեկնելու համար նախապես պետք է ստանալ տվյալ երկրի համար մուտքի արտոնագիր, հասկանում է, որ տոմսը այս գործընթացի ամենավերջին փուլն է:

Իրականում, ամեն ինչ սկսվում է տուրիստական գործակալություն այցից, կամ առավել արկածախնդիրների համար՝ ինքնուրույն մուտքի արտոնագիր (վիզա) ստանալուց:

Նշենք, որ կոնկրետ Շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագրերը նախատեսում են հյուպատոսական վճար, որը Իտալիայի դեպքում կազմում է 35 եվրո: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Սովորական մահկանացուն չի կարող պարզապես այցելել դեսպանատան հյուպատոսական բաժին, ինչպես նախկինում էր: Այսօր այդ գործառույթները իրականացնում է մի հատուկ սպասարկման կենտրոնը, որը իր ծառայությունների համար նույնպես գանձում է գումար՝ 12 000 դրամ: Հատուկ նշենք, որ այս ամենը դեռ երաշխիք չէ, որ քաղաքացին կստանա բաղձալի մուտքի արտոնագիրը և կկարողանա Հռոմ մեկնել 50 եվրո արժողությամբ տոմսով: Առկա են հարակից խնդիրներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե քաղաքացին դիմում է տուրիստական գործակալություն, ապա նա պետք է վճարի ուղեգրի գումարը, որպեսզի գործակալությունը իրեն տրամադրի հյուպատոսարանում պահանջվող հյուրանոցի համարի ամրագրումը և բժշկական ապահովագրությունը: Այսօրվա դրությամբ օրինակ Իտալիա մեկնելու 7 օրյա ուղեգրերի գինը սկսվում է 450 եվրոյից: Եթե քաղաքացին որոշում է, որ իր կյանքում պակասում է էքստրիմը կամ անվերապահորեն հավատում է վարչապետին և ուստի որոշում է ինքնուրույն դիմել սպասարկման կենտրոն, ապա նա միևնույն է պետք է ներկայացնի հյուրանոցի ամրագրումը հավաստող փաստաթուղթ և իր բանկային հաշվից քաղվածք, որը կհավաստի, որ անձի հաշվին առկա է օրական 100 եվրոյի հաշվարկով գումար, կախված Իտալիայում գտնվելու օրերի քանակից: Սրան գումարած նույն հյուպատոսական վճարը: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, դա դեռ երաշխիք չէ, որ անձը կստանա մուտքի արտոնագիր: Հաշվո՞ւմ եք, չէ: 35 եվրո + 12 000 դրամ + օրինակ՝ 7 օր այնտեղ մնալու համար 700 եվրո բանկային հաշվին: Կամ 35 եվրո + 12 000 դրամ +միջինը 450 եվրո տուրիստական ուղեգրի համար: Այս գումարները արդեն աստղաբաշխական են ՀՀ շարքային քաղաքացու համար:

Իսկ եթե ավելացնենք, որ մերոնք հազվադեպ են միայնակ ճանապարհորդում, կա ընտանիք, երեխաներ և այլն, ապա հասկանալի է դառնում, որ 50 եվրո արժողությամբ տոմս գնելու հնարավորությունը, մեղմ ասած, բոլորովին եղանակ չի փոխում: Գնացինք առաջ: Այդպիսի էժան տոմսերը որպես կանոն ենթադրում են խիստ սահմանափակումներ ուղեբեռի հետ կապված, պահանջում են օդանավակայանում 25 րոպեների ընթացքում հաշվառվել և մոտենալ դեպի ինքնաթիռ տանող տաղավարին, ինչը մեծ օդանավակայաններում բավականին բարդ է: Օրինակ՝ Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայանը բավականին մեծ է, իսկ Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի օդանավակայանները առհասարակ փոքր քաղաքների են նման: Առկա են նաև նախապես տոմսը ամրագրելու սահմանափակումներ: Գնման դեպքում այն ենթակա չէ վերադարձի, թռիչքի օրը նույնպես փոխել հնարավոր չէ:

Մի խոսքով, խիստ կասկածելի առավելություն է: Հաշվեցի՞ք: Ավելի քան ակնհայտ է, որ 50 եվրո արժողությամբ դեպի Հռոմ տոմսեր գնելու հնարավորության առկայությունը առհասարակ ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես ժողովրդի կենսամակարդակի բարձրացում: Այո, այդ գնով հնարավոր է գնել տոմս: Եվ վերջ: Տեսականորեն հնարավոր է նաև դեպի Մարս թռիչք կատարել, հետո՞ ինչ: Բայց ամբոխահաճո դատարկաբան վարչապետը այդ ամբողջը չի պատմում իրեն հավատացողների: Նա գնում է Հ1 և 50 եվրո արժողությամբ դեպի Հռոմ տոմսը ներկայացնում է որպես աննախադեպ նվաճում: Այս հերթական էժանագին «лохотрон»-շոուի ֆոնին հարցեր ունենք ժողովրդի վարչապետին: Իսկ կարո՞ղ եք այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ավելի պարզեցված մեխանիզմով ստանան Շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագիր: Ոչ, չի կարող, եթե կարողանար, ապա կաներ:

Կարո՞ղ եք այնպես անել , որպեսզի ՀՀ շարքային քաղաքացիիների աշխատավարձը այնքան բարձրանա, որպեսզի 50 եվրոյով դեպի Հռոմ տոմսը դառնա իրապես առավելություն, քանի որ մարդկանց ձեռքում կլինի բավականաչափ գումար, որպեսզի հոգան վերը թվարկած բոլոր հարակից ծախսերը: Ոչ, չի կարող, եթե կարողանար, ապա կաներ: Ուստի, այսօրվա դրությամբ այդ հեքիաթային էժան տոմսերից կարող են օգրվել միայն շատ քիչ թվով մարդիկ՝ նրանք, ովքեր ունեն բազմակի օգտագործման վիզա, ովքեր մեկնում են կարճ գործնական այցերով և էլի մի շարք մարդկանց փոքրաթիվ խմբեր: Լսե՜ք, պարոն վարչապետ, դուք լրիվ կտրվել եք իրականությունից: Հայաստանում բնակչության մեծ մասը այնպիսի սակավ ֆինանսական միջոցներ ունեն, որ եթե մարդու տանը էլեկտրական թեյնիկ է փչանում, մարդիկ հետ գցած գումար չունեն, որպեսզի իսկույն խանութից նորը գնեն: Սպասում են հաջորդ աշխատավարձին, որպեսզի տեսնեն, թե որ ծախսերն են պակասացնում, որ նոր թեյնիկ առնեն: Իսկ դուք երգ եք երգում 50 եվրոյով Հռոմ գնալու մասին:

Շարքային քաղաքացու համար Հռոմ մեկնելը արդիական խնդիր չէ, քանի որ շարքային քաղաքացին ձեզանից ողջամիտ է, պարոն վարչապետ: Իսկ պողոսը շարունակում է հրճվանք ապրել վարչապետի պաշտոնում հայտնված բախտախնդիր լրագրողի կողմից շաղ տրվող բովանդակություն չունեցող փաստարկներից և խոստումներից:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով