Անվտանգություն թե՞ տարածքներ

 

Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Փաշինյանը պատասխանելով «օկուպացված տարածքներից» զորքերի դուրս բերման Հայաստանի պատրաստակամության մասին Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին մի միտք է արտահայտել, ըստ որի տարածքները պիտի դիտարկենք որպես անվտանգություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ճշգրիտ, վարչապետը ասել է հետևյալը՝ «Երբ որ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն և նախ ոչ թե ՀՀ-ն, այլ Արցախի անրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է, որ պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել և դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը»։

Նշենք, որ իր խոսքի մեջ վարչապետը նաև հակիրճ ներկայացրել է Ռամիլ Սաֆարովի ոճրագործության մանրամասները: Արդարացի լինելու համար հարկավոր է ընդունել, որ շատ ողջունելի է վարչապետի այսպիսի դիրքորոշումը: Ի զարմանս մեզ, վարչապետը թերևս առաջին անգամ խոսեց այդպիսի համատեքստով: Սակայն այս խոսքերի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում:

Հիշենք, որ անցած տարի Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վարչապետը շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթե և ահա այսօր արդեն ունենք Ադրբեջանի Միլիմեջլիս որպես պատգամավոր ընտրված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ: Արդյո՞ք սա հերթական լուսանցք չէ, որը վարչապետը բացում է Ադրբեջանի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե Ադրբեջանը ընդունի այս գնդակը և զարգացնի անվտանգության թեման, ապա կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ Ադրբեջանը կպնդի, որ Հայաստանը չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, Հայաստանը իր հերթին կպնդի, որ Ադրբեջանը նույնպես չի կարողանում այն ապահովել և Ադրբեջանը առաջ կքաշի երորդ կողմի ներկայության անհրաժեշտության գաղափարը, այսինքն Արցախ կառաջարկվի բերել խաղաղապահ ուժեր:

Պատմությունից բոլորիս հայտնի է, որ իրականում այդպիսի խաղաղապահ ուժերը քիչ կամ գրեթե ոչ մի օգուտ չեն բերել կոնֆլիկտային գոտիներում: Դրա վառ ապացույցն է եղել Կոսովոն, Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան: Եթե զարգացնենք այս սցենարը, ապա ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Մինսկի խումբը կամ այլ միջազգային ատյանները և Հայաստանին կպարտադրեն ընդունել այդպիսի առաջարկը որպես կոնստրուկտիվ դիրքորոշման հավաստիք: Ինքնին վարչապետի պատասխանը պրովոկացիոն հարցին լավն էր: Եթե իր խոսքերում չկա հետին միտք, ապա դրանք ողջունելի են:

Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ այդ տարածքները, որոնք վարչապետը ընդունում է որպես անվտանգություն, իրականում աշխարհագրորեն հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխիքը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով