Փաշինյանը ուզում է մեկ կրարոցով երկու նապաստակ սպանել

Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելը (Հրայր Թովմասյանի գլխավորությամբ) օրվա իշխանության թիվ մեկ խնդիրն է: Դա անտարակուսելի է:

Սակայն այս արհեստականորեն ստեղծված ճգնաժամի շուրջ ծավալվող թոհուբոհը, որին, ինչպես հասկանում ենք, հետևելու է համահայկական հանրաքվեն, ունի ևս մեկ գլխավոր շահառու: Եվ դա դարձյալ Նիկոլ Փաշինյանն է: Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման հարցի լուծմամբ ՀՀ վարչապետի աթոռին տաքուկ տեղավորված գերագույն գլխավոր լրագրողը լուծում է իր քաղաքական ուժի իշխանության մեջ վերարտադրման խնդիրը, այսինքն ծառայություն է մատուցում նաև իր թիմի պորտաբույծներին, որոնք ճակատագրի հեգնանքով հայտնվել են բարձրաստիճան պաշտոններում և չեն ցանկանում վերադառնալ այն թշվառ իրականություն, որտեղից իրենց հանել է 2018 թվականի իշխանափոխությունը: Դրանով Փաշինյանը գնում է իր թիմի հավատարմությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, ինչպես որ նշեցինք, Փաշինյանը այս հանրաքվեի շուրջ ծավալվող իրադարձություններով լուծում է նաև հենց իր՝ պատասխանատվությունից խուսափելու խնդիրը: Բոլորս հիշում ենք այն բազմաթիվ խոստումները, որոնք Փաշինյանը տվել է ժողովրդին: Չհաշված կենսաթոշաների չնչին բարձրացումը և որոշ պետական հիմնարկների ստորին օղակի աշխատավարձերի որոշակի ավելացումը, ըստ էության ոչ մի խոստում չի կատարվել: Փաշինյանը խոստացել է աննախադեպ տնտեսական աճ, արագաչափերի հանում, կարմիր գծերի հանում, կուտակային կենսաթոշակային վճարների չեղարկում, ներդրումներ և այլն:

Բացի դա, նա աջակցել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին այդ պաշտոնում ընտրվելու համար և այդպիսով երաշխավորել է, որ քաղաքապետը կկատարի իր խոստումները՝ տրանսպորտային համակարգի բարելավում և այլն: Այս բոլոր հարցերը մնացին սոսկ խոստումների մակարդակում և երկու տարի իշխանափոխությունից անց հասարակ քաղաքացիները չեն զգում ոչ մի փոփոխություն իրենց կյանքում: Բոլորիս համար պարզ է, որ սկսել էր հասունանալ այն պահը, որից հետո ժողովուրդը, այո, հենց այն ժողովուրդը, ում անունից Փաշինյանական խունտան այդքան շատ է սիրում հանդես գալ անհեթեթ ելույթներով, կսկսեր հարցնել վարչապետին, թե ինչու իրենց կյանքը չի փոխվում դեպի լավը:

Չէ՞ որ իրենց խոստացել էին, որ հենց որ Սերժին մերժեն, ամեն ինչ լավ կլինի: Արդեն երկու տարի է, ինչ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իշխանություն չեն: Ժողովրդի մոտ սկսում էր առաջանալ արդարացի և օրինաչափ հարց՝ ինչո՞ւ չի լավանում մեր կյանքը, բայց փոխարենը բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ըստ էության ոչ մի օգտակար գործ չեն կատարում մեզ համար, ստանում են աստղաբաշխական աշխատավարձեր և պարգևավճարներ: Փաշինյանը սկսել է հասկանալ, որ այն փոքր կալիբրի շոուները, որ նա կազմակերպում էր մինչ օրս կարևոր հիմնախնդիրներից ուշադրությունը շեղելու առումով, այլևս չեն ունենում այն արդյունքը, որը ունենում էին 2018-ին և մասամբ 2019-ին: Չի աշխատում նաև իշխող քաղաքական ուժի սատելիտների կողմից դաշտ նետված «Թողեք թող աշխատեն» կարգախոսը: Հասունանում է նաև Արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված լարվածությունը, հակառակի պես չի հաջողվում հեղափոխությունը արտահանել Արցախ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի հարկավոր է մոգոնել մի այնպիսի բան, որը մի որոշ ժամանակով դարձյալ կշեղի ժողովրդի ուշադրությունը բազմաթիվ լրջագույն տնտեսական խնդիրներից և չկատարված խոստումների համար պատասխանատվության կանչելու գաղափարից: Եվ ահա ՍԴ-ի շուրջ եռացող այս ֆարսը Փաշինյանին տալիս է այդ բաղձալի հնարավորությունը: Հանրաքվեն բարձրացրեց բավականին մեծ հասարակական քննարկումների ալիք, որը սրբելով կտանի իր հետ բոլոր չկատարված խոստումները:

Բոլորը կմոռանան դրանց մասին և կզբաղվեն հանրաքվե քննարկելով և կանխատեսումներ անելով: Ամեն ինչ շատ լավ է դասավորվել Նիկոլ Փաշինյանի համար, գոնե իր համոզմամբ: Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Փաշինյանին: Մենք չենք մոռանալու:

Ձեր բոլոր խոստումները դաջված են մեր հայրենիքի վերջին երկու տարիների պատմության էջերում կարմիր տառերով և ձեզ չի հաջողվի խուսափել ձեզ իշխանության բերած ընտրազանգվածին խաբելու համար պատասխանատվությունից:

Ոչ ոգ չի պլստալու Փաշինյանը ուզում է մեկ կրարոցով երկու նապաստակ սպանել, սակայն չգիտի, որ դրանք նապաստակներ չեն, այլ վայրի վագրեր, որոնք իրենից չեն վախենում:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով