ՀԴՄ կտրոն տպելը, ՀԴՄ գնել պահելը պատուհասներ են դարձել փոքր բիզնեսների համար

«Թավշյա» կառավարությունը դեմոնիզացիայի է ենթարկել ՀԴՄ չտվող գործարարներին, նրանց սարքել է բոբո, հանցագործ, գող և ինքն էլ պայքարում է իր հորինած երեքգլխանի այդ վիշապի դեմ: Իրականում մի շարք տնտեսություններ ՀԴՄ-ով չեն հարկ վճարում, այլ վճարում են ֆիքսված հարկեր և ավել կամ պակաս կտրոն տպելը՝ բացարձակապես չի կարող հարկ թաքցնել, կամ չթաքցնել հանդիսանալ: Նրանց համար ՀԴՄ տպելը միայն զուտ ավելորդ անիմաստ գլխացավանք և թղթաբանություն է և ոչ ավելին: 2019 թվականի հունվարի 1-ից պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը նաև փոքր ու միջին ձեռնարկությունների առաջ պարտադրանք է ստեղծում ունենալ ոչ թե 1, այլ 2-3 ՀԴՄ, քանի որ եթե 1 ՀԴՄ սարքը խափանվի՝ նստի մարտկոցը կամ լինի այլ անսարքություն, իսկ 2-րդ ՀԴՄ չլինի՝ ՓՄՁ-ն պարտավոր է լիովին կասեցնել իր գործունեությունը և չաշխատել մինչև իր միակ ՀԴՄ սարքը չկարգավորվի և սկսի աշխատել կրկին: Այսինքն, փոքր ձեռնարկություններին անխափան աշխատանքի համար անրհարժեշտ է ոչ թե 1, այլ առնվազն 2 ՀԴՄ սարք, այնինչ շուկայում նոր սերնդի ՀԴՄ գնելը անհնանին է: Դրանով զբաղվում է միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որը սակայն չունի ՀԴՄ-ներ:

Մի շարք ՓՄՁ-ներ տվյալ ՊՈԱԿ-ին դիմել են դեռևս 2019-ի սկզբից, այսինքն 1 տարի առաջ, վճարել են 10000 ՀՀ դրամ կանխավճար, որպեսզի ստանան հայտարարված 60000 դրամ արժեքով ՀԴՄ-ներն, իսկ մնացած գումարը՝ վճարեն տարաժամկետ, այնինչ նոր սերնդի ՀԴՄ-ները մինչև այժմ չկան ու չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պետությունը ՀԴՄ տրամադրելու հարցում ոչ մի սուբսիդավորում չի նախատեսում ՓՄՁ-ների համար: Համացանցում էլ հայտնվել է տեղեկատվություն, որ մի մասնավոր ընկերություն պատրաստ է մատակարարել նոր սերնդի ՀԴՄ-ներ, որոնք սակայն կվաճառվեն ոչ թե 60000, այլ 125000 ՀՀ դրամով։ Այսինքն ՓՄՁ-ներն այդ ՀԴՄ-ները պետք է գնեն հայտարարվածից ավելի քան կրկնակի անգամ թանկ գնով և պետք է վճարեն ոչ թե տարաժամկետ, այլ կանխիկ, կամ առնվազն ապառիկ տարբերակով՝ վճարելով նաև հավելյալ տոկոսադրք և բանկային սպասարկման վճարներ: Իսկ եթե հավելենք, որ ցանկալին առնվազն 2 ՀԴՄ ունենալն է՝ կստացվի որ բիզնեսին պետք է վճարել դրա համար առնվազն 250000 դրամ, այդ էլ տոկոսներն ու սպասարկման վճարները չհաշված:

Մի շարք փոքր ձեռնարկությունների համար, թե՛ այս թանկարժեք ՀԴՄ-ներ գնելը, թե՛ ՀԴՄ-ով հարկ վճարելը դառնում է շատ ծանր և կործանարար: Օրինակ, Հայաստանի դիզվառելիք և բենզին վաճառող լցակայանները նախկինում աշխատում էին հաստատագրված հարկով, իսկ այժմ նրանք ևս աշխատում են ՀԴՄ-ով հարկ մուծելով, սակայն գազալացկայանները օր-օրի շատանում են և էապես «խփում» նրանց գործին: Հատկապես շրջաններում նոր սերնդի ՀԴՄ-ներ պահելը և ՀԴՄ-ով հարկ վճարելը չարիք է, քանի որ բենզալցակայանի տերերը ժամերով սպասում են, որ 1-2 բենզին լցնող լինի, չէ՞ որ գրեթե բոլոր մեքենաները երթևեկում են արդեն գազով, և մարդիկ գրեթե չեն գնում բենզին կամ դիզվառելիք:

Դիզվառելիքի և հատկապես բենզինի վաճառքը շրջաններում ճգնաժամ է ապրում: Բազմաթիվ սահմանամերձ գյուղերում և քաղաքներում բենզալցակայանները փակվում են՝ չդիմանալով մրցակցությանը: Այսինքն, ՀԴՄ-ով աշխատելը նրանց համար դառնում է ոչ շահութաբեր և կործանարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բենզինի վաճառքով զբաղվող փոքր ձեռնարկությունների օրինակն ընդամենը մեկն է, այնինչ նույն ճակատագրին են արժանանում նաև այլ փոքր ձեռնարկություններ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով