Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են հայտնել լրագրողի գործունեության խոչընդոտման կապակցությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։

«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։ Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով