Աննախադեպ տնտեսական աճ չի լինելու նաև 2020 թվականին

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հնչեցրեց մի շարք թվեր, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են: Մասնավորապես նա նշեց, որ 2020 թվականի բյուջեյի նախագիծը չի կարելի համարել հեղափոխական և այն չի կարողանալու սպասարկել այն սպասումները, որոնք ձևավորվել են հասարակության մեջ: Որպեսզի հասկանալի լինի, հստակեցնենք հետևյալը:

Պետբյուջեյի հիմնական ցուցանիշներից մեկը ՀՆԱ-ն է: 2020 թվականի համար Կառավարությունը նախատեսել է 4.9% ՀՆԱ, ինչը խիստ անբավարար է տնտեսական աճը ապահովելու համար: Նախկինում, երբ սահմանվում էև 5-7%, նույնիսկ այդ ցուցանիշն էր անբավարար համարվում: ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ հիմնական տեղը զբաղեցնող 3 կարևորագույն ոլորտներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, նախատեսված է համապատասխանաբար 5%, 0.5% և 4% աճ: Սա իրականում շատ մտահոգիչ է, քանի որ այս երեք ոլորտներն հանդիսանում են տնտեսության իրական հատվածը և իրենց ուսերի վրա են տանում տնտեսական աճի հիմնական բեռը՝ լրջորեն կախված լինելով կապիտալի ներդրումներից: Առհասարակ պետք է հասկանանք, որ Հայաստանի նման երկրի կառավարությունը պետք է իր գերակա խնդիրը դարձնի առավել նպաստավոր ներդրումային մթնոլորտ ստեղծելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ավաղ, այսօր ունենք տրամագծորեն հակառակ իրողություն, ինչի մասին վկայում է այն, որ, ըստ Միքայել Մելքումյանի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար, այսինքն, կապիտալը Հայաստանից գնում է՝ եկել է 310 մլն դոլար, գնացել է 295 մլն դոլար, սրանք 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի պաշտոնական թվերն են: Հատկանշական է այս հարցի վերաբերյալ համապատասխան կառույցի ղեկավարի արձագանքը՝ դե, իրենց փողերը տանում են: Եկեք այստեղ փորձենք հասկանալ, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ ներդրողի համար իր փողերը հանելու տնտեսությունից և տեղափոխելու այլ երկիր:

Ակնհայտ է, որ ներդրողը, մտահոգ լինելով իր կապիտալի համար՝ գերադասում է ներդրում կատարել այն պետություններում, որտեղ առկա է հստակ, թափանցիկ և կանխատեսելի զարգացման օրակարգ, անխափան գործում է դատական համակարգը և առկա են ևս մի շարք բարենպաստ պայմաններ: Այլևս բոլորիս համար հասկանալի է, որ առաջին երկուսը մեր երկրում բացակայում են՝ հաշվի առնելով Կառավարության կողմից դեռ փետրվարին նարկայացված անհասկանալի ծրագիրը և անդադար ոտնձգությունները դատաիրավական համակարգի վրա: Բացի դրանցից կան ևս մի քանի հանգամանքներ: Մեր երկրի կառավարությունը պարբերաբար հնչեցնում է գյուղատնտեսությունը զարգացնելու գաղափարը՝ ջերմոցային համալիրների ստեղծում և զարգացում և այլն: Սակայն առանց ապահով և բավարար արտահանման ուղիների սրանք զուտ «խոսակցություններ են հօգուտ աղքատների», ինչպես կասեր դասականը: Մեր միակ արտահանման ճանապարհը դա Վերին Լարսի անցակետն է, որն ունի 170 բեռնատարի օրեկան երկկողմանի թողունակություն և որով թողնվում է 800 բեռնատար՝ անցակետը խիստ ծանրաբեռնված է: Ինչպե՞ս պիտի արտահանվի այն արտադրանքը, որը ենթադրաբար պիտի արտադրվի այդ գյուղատնտեսական աննախադեպ հեղափոխական զարգացումների արդյունքում:

Այսինքն, սա երիցս ցույց է տալիս, որ ոչ արհեստավարժ Կառավարությունն ի զորու չէ մշակել այնպիսի զարգացման ծրագիր, որն իրենից կներկայացնի ամբողջական ցիկլ՝ ընդհուպ մինչև սպառման աշխատունակ ուղիների ապահովում: 2020 բյուջեյի նախագծում նաև շուրջ 1,5 միլիարդ դրամով կրճատված է գիտության ոլորտի ֆինանսավորումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ նպատակ է հետապնդում Կառավարությունն այսպիսի մոտեցումներով՝ դժվար է հասկանալ: Փոխարենը բյուջեյում լուրջ գումարներ են նախատեսված «այլ ծախսերի» գծով՝ ծրագրերի և միջոցառումների տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված 2020 թվականի պետական բյուջեյից օրենքի նախատեսված այն ծախսերը, որոնք թափանցիկ և արժանահավատ չի կարելի համարել, քանի որ հասկանալի չէ, թե ինչի վրա պիտի ծախսվեն այդ գումարները: Ամփոփելով այս ամենը՝ կարելի է վստահ եզրակացնել, որ այսպիսի գործելաոճով մեր երկիրը չի գրանցի որևէ տնտեսական աճ ոչ 2020 թվականին և ոչ էլ 2050 թվականին:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով