Ասֆալտ-շոու վարչապետի կատարմամբ

Загрузка...

Երեկ ողջ համացանցը, ինչպես նաև իշխանական հեռուստաեթերը հեղեղված էր զանազան տեսաննյութերով այն մասին, թե ինչպիսի մասշտաբների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Հայաստանում, և իհարկե այդ տեսանյութերի գլխավոր հերոսն էր Նիկոլ Փաշինյանը…

Իսկապես որ, ինչպե՞ս առանց իրեն: Նա մեր օրերի գլխավոր շոումենն է: Սիրամարգի պես պոչը բաց էր արել, իրենց էր ցույց տալիս՝ տեսե՜ք, թե որքան աշխատանք է արվում…

Տպավորություն է, որ Փաշինյանը կամ ինքը ամնեզիա ունի, կամ համարում է, որ ամբողջ ժողովուրդը ամնեզիա ունի և չի հիշում, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ահռելի ծավալների ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել:

Դուք, պարոն Փաշինյան, կրկին ուզում եք ինչ-որ մեկին համոզել, որ անիվը Դուք եք հորինել: Ասեմ, որ Ձեր հորինած բոլոր անիվները քառակուսի են ստացվել, քանի որ Դուք՝ տարվելով Ձեր այն մոլորությամբ, որ Ձեր արած ամենինչն ավելի լավն է, քան նախկին իշխանությունների արածը, մտածում եք, որ Ձեր քառակուսի անիվն էլ ավելի լավը կլինի, քան դասական կլորը: Ու ոնց հասկանում եմ՝ շատ եք ջղայնանում, որ Ձեր քառակուսի անիվը ոչ մի բանի համար պիտանի չէ: Վերադառնալով ճանապարհաշինությանը՝ նախ հստակեցնենք, որ նոր Հայաստանի իշխանությունների ասպարեզ գալուց առաջ Հայաստանում իրականացվում էին լայնածավալ աշխատանքներ ճանապարհային ինֆրաստրուկտուրայի զարգացման համար:

Դրանք ամրագրված են Կառավարության տարբեր տարիների ծրագրերում, և այդ տեղեկությունները հասանելի են բոլորի համար: Սա ի գիտություն նրանց, ով ընտրում է հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը մեր փրկիչն է: Կանխելով բոլոր չարախոսների բոցաշունչ մեկնաբանությունները՝ նշենք, որ, այո, նախկինում ճանապարհների որակը միգուցեև այնքան բարձր չի եղել, ինչպես որ մենք բոլորս ակնկալում էինք: Սակայն նոր իշխանությունների օրոք ասֆալտապատած ճանապարհների որակի բարձր լինելը դեռ պետք է ապացուցի ժամանակը: Նիկոլ Փաշինյանի ճանապարհաշինության վայրում 20 րոպե գտնվելը որակի երաշխիք չէ: Սակայն, ինչպես բոլորս կարողացանք տեսնել, դա Նիկոլ Փաշինյանի համար պետական ռեսուրսներով ինքնագովազդ անելու լավ երաշխիք էր: Իր սովորությանը համաձայն նա պահը օգտագործեց կրկին ինքն իրեն փիառ անելու և բնակչությանը մոլորեցնելու փորձ անելու:

Ինչո՞ւ մոլորեցնելու: Որովհետև 2019 թվականի պետական ծախսերի համար (որի մեջ մտնում է և որի զգալի մասն է կազմում ճանապարհաշինությունը) նախատեսված բյուջեն կազմում է 221 միլիարդ դրամ, իսկ նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 միլիարդ դրամը՝ կեսից քիչ: Սա նշանակում է, որ պետությունը իր վրա վերցված պարտավորությունները, այդ թվում՝ ճանապարհաշինության առումով, չի կատարել:

Հիմա հարց վարչապետի աթոռին այդպես հարմարավետ տեղավորված և այն սեփական փիառի համար ուղղակիորեն օգտագործող անձնավորությանը՝ եթե այսպիսի իրավիճակ ստեղծվեր Ձեր ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Դուք ինչպիսի՞ ամպագոռգոռ ելույթներով հանդես կգայիք ԱԺ ամբիոնից՝ բոլորին կոռուպցիոներ անվանելով: Սա հռետորական հարց էր, քանի որ բոլորս լավ պատկերացնում ենք, թե ինչ կլիներ:

Այնպես որ այս շոուն, որը հասարակությանը մատուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդամենը իր վարկանիշի խորտակվող նավը փրկելու խղճուկ փորձ էր: Բայց մենք ամնեզիա չունենք և մեծ սիրով բոլոր մոռացկոտներին կհիշեցնենք, թե ինչպիսին է իրականությունը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...